«Դեպի ԵՄ» քաղաքականության առաջին կործանարար ծիլերը
Վերլուծություն
Այն, որ հայաստանյան ներքին իրավիճակն աչքի առաջ պայթյունավտանգ է դառնում, հասկանում են բոլորը: Երեւի հասկանում են նաեւ նիկոլական թիմում, այլապես հազիվ թե հետ քաշվեին տրանսպորտը թանկացնելու գաղափարից:
Ասենք, եթե չհասկանային էլ, գնալով ավելացող բողոքները, որտեղ հիմնական թեմա է տնտեսական ներկա տեռորը, տեղը-տեղին կբացատրեր: Օրինակ, երեկ հերթական նման ակցիան էր կառավարության շենքի մոտ, այս անգամ՝ ընդդեմ աղետ դարձող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի: Մարդիկ ուղիղ սպառնում են. «Սա թվով 3-րդ միտինգն է, 4-րդը լինելու է ամսի 5-ին՝ արդեն մեծ մասշտաբով, ընկե՛ր վարչապետ, դու պատրա՞ստ ես… Բոլոր շուկաները փակվելու են, ու գան մեծ միտինգ անեն, ուղղակի հետաքրքիր է՝ ինչ է ուզում ինքը մեզանից»:
«Միամիտ» մարդիկ են էս առեւտրականները, որ դեռ հարցնում են՝ ի՞նչ է ուզում: Փող է ուզում, դա չհասկացա՞ք:
«Օրենքն ի սկզբանե անօրինականություն է, եթե ես, օրինակ, ներմուծել եմ ապրանքը, եւ մաքսազերծումով կազմել է 20 մլն դրամ, որում դեռ հաշվարկված չէ տրանսպորտի ծախսը, օտար երկրում հյուրանոցի ծախսը, տեղի հարկ եմ տալիս։ Ինքը նախ իմ 20 մլն-ից փայ է մտնում 1,5 տոկոս, ու երբ արդեն պետք է անցնեմ իմ եկամուտներին, այսինքն՝ վաճառեցի, դարձավ 25 մլն, ինքը նաեւ այդ 5 միլիոնից 10 տոկոս փայ է մտնում, բայց ես դեռ տեղի վարձ պետք է վճարեմ, հարկայինի գումարները։ Չենք ասում՝ հարկ չվճարենք, ասում ենք՝ հասանելի դարձրու»,- բացատրում է մեկ այլ մասնակից: Ու ի՞նչ կապ ունի դա. վճարում եք, բայց էլի իշխանավորները փողի կարիք ունեն: Ուրեմն, պետք է ավելի շատ վճարեք: Երկիրը կպայթի՞, կթողնեք՝ կգնա՞ք երկրից. ավելի լավ, հենց դա էլ պետք է:
Այս ամենին էլ գումարվելու է համընդհանուր հայտարարագիր կոչվածը: Իհարկե, էլի ժողովրդին «սիրելով» են անելու, «հանուն» ժողովրդի: Նիկոլն առավոտից գիշեր բացատրում է. «Եթե մանկապարտեզի համար 60.000 դրամ են վճարում, վճարած եկամտահարկից կարող են գումարը հետ ստանալ, գումարած դրան՝ 40.000 դրամ այլ նպատակի համար, օրինակ, առողջապահական ծախսերի»: Կարճ ասած, բյուջեից 70 մլրդ դրամ մարդկանց են բաժանելու: Միայն թե չի ասում՝ իսկ ինչքա՞ն են մարդկանց քերթելու, որ այդ 70 միլիարդն էլ «հետ տան»: Կամ կտա՞ն, ո՞ւմ կտան, ինչո՞ւ են հավաքում, որ դեռ, որպես լավություն, մի բան էլ «հետ տան»:
Մի լավություն էլ են անում, թե՝ մինչեւ 300 հազարը չի հարկվելու: Ընտանիքում ամուսինը՝ կնոջը, «խոպանչի» զավակը՝ ծնողին հանկարծ փող փոխանցեց, ուզում են խլել, ու հետո էլ 300 հազարի «լավությո՞ւն»:
Ոմն Գեւորգ Պապոյանն էլ, որ նստում է էկոնոմիկայի նախարարի աթոռին, սկսեց նույնիսկ ժողովրդին մեղադրել: Թե` էս ինչ չկամ են, ուզում ենք «միջին վիճակագրական ընտանիքի», որտեղ 2 աշխատող կա, պետությունից լրացուցիչ 200 հազար դրամ տալ, բայց էդ ժողովուրդը մի հայտարարագիրն ինչ է, որ հանուն այդ վեհ նպատակի՝ չի լրացնում: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ բոլորից անցավ, թե՝ հայտարարագիր լրացնելու արդյունքում մարդը հայտնվելու է պետության հոգածության ներքո: Երեւի չի լսել, որ մարդն արդեն իսկ պետք է պետության հոգածության ներքո լիներ՝ Սահմանադրությունն է ասում: Բայց քանի որ Սահմանադրությանը շան տեղ դնող չկա, էլ ինչ հոգածություն:
Ուրեմն, այս ի՞նչ համատարած թալան են սկսել, ինչո՞ւ: Երեւի, պատճառը դժվար չէ տեսնել: Ամբողջ հարցը սա է՝ կա ծախսերի մի որոշակի ծավալ, որը գործող խունտան ստիպված է անել: Սկսած յուրայինների աշխատավարձ-պարգեւավճարներից եւ, աճող ախորժակները հաշվի առնելով, վերջացրած սեփական պաշտպանների՝ մենթական համակարգի վճարումներով: Մի քիչ էլ բանակին, թոշակներին եւ այլն: Մինչդեռ որտեղի՞ց այդ փողերը:
Մի քանի տարի վարկերի հաշվին կարողացան գոյատեւել: Բայց հիմա հասել են այն մակարդակին, որ հա´մ՝ տոկոսներն են շատ ավելացել, դա էլ պետք է տան: Հա´մ էլ, այս վիճակի պետությանն էլ ո՞վ փող կտա:
Ժամանակին մի փոքր օգնում էին երկրում կատարվող ներդրումները: Բայց ահա, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա հունվար-սեպտեմբերին (վերջին տվյալներով) ունեցել են -46 291.0 միլիոն դրամ օտարերկրյա ներդրումներ, որից 18 778.3 միլիոնը՝ ուղիղ: Ու թող անտեղյակներին բացասական թիվը չզարմացնի, այն, ըստ էության, նշանակում է գումարների արտահոսք: Այն դեպքում, երբ, օրինակ, դեռ անցած տարվա նույն ամիսներին 139 161.7 միլիոնի ներդրում կար, առանց որեւէ բացասականի: Կարճ ասած, փողն ուղղակի փախչում է նիկոլական Հայաստանից:
Ամենակայուն մուտքերի աղբյուրը, իհարկե, տնտեսությունը պետք է լիներ: Բայց այս ուղղությամբ եւս, ըստ վիճակագիրների վերջին տվյալների, իրավիճակը կատաստրոֆայից մի բան էլ անցել է: Այսպես, նոյեմբերին՝ վերջին տվյալներով, անցած նոյեմբերի հետ համեմատած, վիճակագիրները ներկայացրել են ընդամենը 1,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Դա ինքնին բան չնշանակող թիվ է։ Սակայն 1,2 տոկոս ՏԱՑ-ի աճը խոսում է ՀՆԱ-ի անկման մասին։ Դրանից մեկ ամիս առաջ ՏԱՑ-ի աճը 4,2 տոկոս էր, ավելի առաջ՝ 7,0։ Այսինքն, ՏԱՑ-ի այն երկնիշ աճերի ժամանակը, որով այդքան հպարտանում էին նիկոլականները, այս պահին արդեն չկա։
Նույնը արդյունաբերությունում է, որտեղ նոյեմբերին՝ անցած նոյեմբերի համեմատ 19 տոկոս անկում կա։ Ու նման անկում թույլ տված ոմն Գեւորգ Պապոյանը, փոխանակ սուսուփուս հրաժարական տա, ինչ-որ ճառե՞ր է հնչեցնում քաղաքացիների հայտարարագրերի մասին։
Ամենավատն արտաքին առեւտրի ոլորտում է, որը շատ բան է բացատրում։ Այստեղ նոյեմբերին անկումը մոտ 28 տոկոս է։ Այդ թվում՝ արտահանման ուղղությամբ՝ 35 տոկոս, ներմուծման՝ 21,4։ Այն դեպքում, երբ, օրինակ, դեռ փետրվարին արտահանման մոտ 3 անգամանոց աճ կար՝ նախորդող նույն ամսվա հետ համեմատած, ու նիկոլականները դրանով մի լավ հրճվում էին։ Ու տարեվերջին՝ նման կատաստրոֆիկ անկում։
Չնայած, դեռ անցած աշնանը ենթադրություն հայտնելու առիթ ունեցել ենք, որ Հայաստանից արտահանում-ներմուծումը մտնում է անկումային դինամիկայի փուլ։ Պատճառը միանգամայն պարզ է՝ Նիկոլը գնում է հակառուսական ուղղությամբ, եւ Ռուսաստանից դեպի Հայաստան եկող ներմուծում-վերարտահանում հատվածում սկսվում է նման ճգնաժամային իրավիճակ։ Հիմա ԵՄ են խաղում, եւ այս դինամիկան դեռ շարունակելու է վատթարանալ։ Արդյունքում, փողի էական պակաս, որն Արեւմուտքը, իհարկե, չի փակելու, ինչպես արվում է, ավելի ճիշտ՝ արվում էր Ուկրաինայում։ Ու Նիկոլին մնում է մինչեւ վերջ քամել սեփական բնակչությանը, որ կարողանա իր թիմին ու պահապան մենթերին կերակրել։ Արդյունքում, մինչեւ վերջ կպայթի նաեւ ողջ տնտեսությունը։
Ահա, հենց սա էլ ժողովրդին, որպես «լավություն», 70 միլիարդ բաժանելու ամենառեալ պատճառն է:
