«ՄԵԾ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԱ, ԵՐԲ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՄ ՊԱՏՎԻՆ ՀՆՉԵՑ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԻՄՆԸ». ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել սպորտային մարմնամարզության Երիտասարդների Աշխարհի կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Արմավիրի մարզի Ապագա գյուղից ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Համլետ ։Ինչպես կամփոփես անցած տարին։
- Ապրիլ ամսին մասնակցել եմ Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալ նվաճել, դարձել Եվրոպայի երիտասարդների չեմպիոն ։ Որակավորման փուլում 14,433 միավոր էի հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ։ Մրցումից առաջ ուսի վնասվածք ունեի, միայն նժույգ թափերում մասնակցեցի ու հաղթեցի։ Եվրոպայի առաջնությանը շատ ուժեղ էին մրցակիցները։ Անցած տարվա ամենամեծ հաջողությունս համարում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը։
- Համլետ, չնայած երիտասարդ տարիքիդ, արդեն հասցրել ես բազմաթիվ նվաճումներ գրանցել։Դրանցից որն է հիշարժան, տպավորիչ։
- 2023 թվականին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Երիտասարդների Աշխարհի առաջնությանը նժույգ թափեր վարժության եզրափակչում հավաքեցի 14,633 միավոր ու առաջին տեղը գրավեցի։ Շատ մեծ հպարտության զգացողություններ ունեցա, երբ Թուրքիայում իմ պատվին հնչեց մեր երկրի հիմնը և Հայոց եռագույն դրոշը ծածանվեց։
- Հետաքրքիր է, թե ինչպես սկսեցիր զբաղվել սպորտով, որ տարիքից։
- Մարմնամարզությամբ սկսել եմ պարապել Էջմիածնում, 5 տարեկան էի, երբ հայրս ինձ տարավ մարզադահլիճ։ Նա որոշել էր, որ ես մի քանի տարի մարմնամարզություն կպարապեմ, հետո կգնամ ըմբշամարտի։ Սակայն, ես միանգամից կապվեցի մարմնամարզության հետ, սկսեցի լավ հանդես գալ, ու հետո ոչ հայրս թողեց փոխել մարզաձևը, ոչ էլ ես էի ուզում։ Այդպես, եկա Երևան ու սկսեցի պարապել լեգենդար Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում։ Շատ երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ առիթներ եմ ունեցել շփվելու լեգենդար մարզիկի, Օղակների արքա Ալբերտ Ազարյանի հետ, պարապել նրա ներկայությամբ։ Այդ ժամանակ դեռ բարձր արդյունքներ չունեի։ Շատ ուրախ էի, որ Ազարյանի դպրոցում եմ մարզվում, որովհետև ինձ հետ նույն դահլիճում աշխատում էին Հայաստանի լավագույն մարմնամարզիկ ները Արթուր և Վահագն Դավթյանները, Հարություն Մերդինյանը և այլք։ Ես նայում էի, թե ինչպես են նրանք պարապում, անընդհատ աշխատում սխալների վրա։ Հասկացա, որ կարող եմ օրինակ վերցնել ու ձգտել հասնել նրանց հաջողություններին։Անձնական մարզիչս Հայկ Նազարյանն է։
- Այս տարվա ծրագրերը որոնք են։
- Փետրվարին կլինի Աշխարհի գավաթի խաղարկությունը, հետո Եվրոպայի առաջնությունը և այլ միջազգային մրցաշարեր։
- Շնորհակալություն, Համլետ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ մշտապես ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




