Նման իշխանության ձեռքին ամեն ինչն էլ «բալվանկա» է դառնում
Վերլուծություն
Հին պլաստինկի պես իշխանությունը շարունակում է ժողովրդի մեջ սերմանել պարտվողական հոգեբանություն, իսկ չարչրկված ու բազմիցս պայթեցված անհիմն թեզերը, միեւնույնն է, էլի բրթում են առաջ։ Հույսներն էլի ժողովրդի հավաքական հիշողության կորուստն է: Դե հազարումի հարկ ու տուրքի բեռի տակ կքած ժողովրդին էլ որտեղի՞ց հիշողություն մնա:
Ահա այսպես, ՔՊ-ական, ինչպես ժողովուրդը կասեր, ասֆալտային գեներալ, պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս եկել է եզրահանգման, որ 2020 թվականի պարտությունը ոչ թե իշխանությունների, այլ ամբողջ հայ ազգի պարտությունն է։ Ըստ նրա` Արցախյան առաջին պատերազմում էլ հաղթել ենք զուտ հոգեպես, բայց ոչ մի գործուն քայլեր չեն արվել. «80-ականների զենքերն էին պահում-փայփայում»: Իսկ այն, որ ունեինք ազատագրված Արցախ, որտեղ Նիկոլ Փաշինյանը գոռում էր. «Հայաստան է եւ վերջ», փաստորեն, գեներալը ոչ էլ հիշում է: Թեպետ այս իշխանության համար հաղթանակի պատկերացումներն այլ են:
Ոչ ոք չի մոռացել, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասում էր. «2018թ. հեղափոխությունն ավելի կարեւոր հաղթանակ էր, քան Արցախյան ազատամարտում հաղթանակը»։ Իսկ Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամ Տաթեւ Հովակիմյանը, ով երեկ ինքնագոհ ասել է, որ՝ որպես հասարակ քաղաքացի, կողմ է քվեարկել տրանսպորտի թանկացման համար, 2018-ին ասում էր. «Չալոն թող լինի հաղթանակի սիմվոլը…»: Եթե մի իշխանության հաղթանակի սիմվոլը փողոցային ոջլոտ շունն է, էլ ի՞նչ ասես:
Այդուհանդերձ, հարցին, որ 2020 թվականին բանակն ուներ «Իսկանդեր» հրթիռային համակարգ, ինչո՞ւ չգործարկվեց, Գագիկ Մելքոնյանը տվել է էլ ավելի ֆանտաստիկ աբսուրդային պատասխան. «Այն «Իսկանդեր» հրթիռային համակարգը, որը մենք ունեինք, ուներ սահմանափակ հնարավորություններ, կային կոդեր, որոնք փակված էին, այդ կոդերը չէին տվել մեզ, իսկ առանց այդ կոդերի՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգը վերածվում է բալվանկայի, մի հատ մետաղալոմ, դրա համար էլ չի գործարկվել….»։ Ռազմական փորձագետնե՛ր, դե տղա եք, ինֆարկտի մի եկեք…
Ի՞նչ խնդիր է լուծում սրանով Մելքոնյանը, ամեն ինչ շատ պարզ է, ազգի գլխին պատուհասածից իրենց մեղավորությունն այլեւս չկարողանալով հերքել, տապալված ու պարտված իշխանության հետ նույն անդունդն է փորձում գլորել նախկիններին ու հայտարարում. «Պարտությունը բոլորինս է: Բոլոր ժամանակների իշխանություններն են պատասխանատու 2020-ի պարտության համար»: Այստեղ են ասել՝ իյա՛, իրո՞ք…
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳՈՂԵՐԻ» ՏՐՏՈՒՆՋԸ
Իշխանությունը վերին օղակներից մինչեւ վար այնքան են ուղղակի լցրել ժողովրդի համբերության բաժակը, որ անգամ երբ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղության կարգով նույն տանն ապրող Աննա Հակոբյանի եղբայրը՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարում է, որ թալանել են իր տունը, տարել են ոսկյա զարդեր, կանխիկ դրամ, ընդհանուր վնասն էլ կազմել է 7.5-8 մլն դրամ (ընդ որում՝ գողացվել էր նաեւ 3 մլն դրամ կանխիկ գումար), կարեկցելու փոխարեն՝ սոցցանցերում մարդիկ ուրախանում են: Կարծես, թալանողները ռոբինհուդներ են եղել:
Ի դեպ, երկրի թիվ մեկ աներձագի դեպքն ուշագրավ է նաեւ մեկ այլ դրվագով: Պարզվում է՝ վերջինիս 2024 թ.-ի ներկայացրած 2023 թ. տարեկան հայտարարագրով ոսկյա զարդեր չկան: Բայց հայտարարագրել էր 2.5 մլն դրամ կանխիկ գումար։ Իսկ եթե ավելի հետ գնանք, 2018-ին ոչ էլ փող ուներ: Իսկ ահա 7 տարի անց սեփականություններն էլ է ճոխացել, գրպանի գումարներն էլ, զարդերն էլ: Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կասեր. «Ա՛յ հայրենիքի գողեր», ինչի՞ հաշվին հարստացաք:
ԻՍԿ ԱԺ-ՈՒՄ ԻՐԱՐ ՄԻՍ ԵՆ ԾԱՄՈՒՄ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Եթե կարծում եք, որ այս հարցի պատասխանը կգտնեք խորհրդարանում, շտապենք նշել, որ՝ ո՛չ: Եթե մի քանի, իրոք, տեղին հարցադրումներ հանենք, ապա պետք է արձանագրենք, որ կառավարության հետ հարցուպատասխանն Ազգային ժողովում լավ էլ ուրախ է անցնում: Տեխնիկական հարցեր, գործադիրի կողմից «շուլուխներով» համեմված պատասխաններ:
Գլխավոր թեման գործադիրի ու օրենսդիրի հարցուպատասխանից հետո գիտե՞ք ինչն էր: Ծամոն ծամող նախարարուհին ու ծամոն բաժանող արտգործնախարարը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալոյանը ԱԺ-ում ինքնամոռաց ծամոն էր ծամում՝ տեսախցիկների առաջ: Ծամոնն էլ հո սովորական ծամոն չէր. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր բաժանում: Իհարկե, ասում են, թե՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը զգուշացրել է վերջինիս, որ լրագրողները նկարում են, ու ի՞նչ է արել նախարարը` կհարցնեք դուք: Նայել է տեսախցիկին ու ծամածռել դեմքը: Բայց ունիկալը նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի արձագանքն էր տեղի ունեցածին: Նա նշել է, որ իրականում նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին, ինչը դրական էմոցիաներ առաջացնելու փոխարեն՝ մեկնաբանվել է «ըստ ճաշակի»։
Իսկ այս ֆոնին իշխանությունը վերացրեց ազգայինը, այո՛, բառի ուղիղ իմաստով: Այլեւս Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի, պատկերասրահի եւ այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։ Որոշումն ընդունել է ընդդիմության 31 «դեմ» ձայնով: Այս առումով ուշագրավ դիտարկում է արել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը:
«Այսինքն, դահլիճում կար առնվազն 31 զույգ կոշիկ, իսկ 31 զույգ կոշիկը դա արդեն 62 հատ կոշիկ է դառնում... Այդ կոշիկները կարող էին իրենց ցասումը արտահայտել գոնե Խրուշչով պապիկի օրինակով` ինչպես ՄԱԿ-ի դահլիճում: Ավաղ, սկանդալ տեղի չունեցավ, եւ հայ ազգը չիմացավ, թե ՔՊ-ականները էլ ինչ նոր «զուլում» բերեցին իր գլխին: Դե, դրանք 2018-ին Հայաստանի մշակույթի մայրաքաղաքից հասան Երեւան հենց ա՛յդ նպատակով` որ օրական մի «զուլում» բերեն հայի գլխին», - շեշտել է նա:
Իսկ ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն արձանագրում է. «Ամեն ազգային սրանց հոգեխանգարմունքի է հասցնում, քանզի իրենք ապազգային են, ո՛չ ազգ, ո՛չ իզմ, ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ ընտանիք, ո՛չ հայրենիք։ Սրանց միակ գաղափարախոսությունը՝ ապազգային զազրախոսությունն է, մեր ժողովրդից անդեմ մասսա ստանալու մոլուցքը, արժեհամակարգերի փլուզումը, ընտանիք, եկեղեցի, ազգ, հայրենիք…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ