ԿԻԵՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԹՐԱՄՓԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԱԾ ԵՆ
Վերլուծություն
Իհարկե, եթե ընդունենք, որ Թրամփի ինագուրացիան իրոք կարող է գլոբալ ջրբաժանի կետ դառնալ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=303539&l=am), ապա այստեղ խոսքը նախ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասով է: Ամեն դեպքում, թեեւ Թրամփը արդեն իսկ հայտարարել է մի շարք ուղղություններում արմատական փոփոխությունների մասին, հասցրել է դրանցից մի քանիսի հետ կապված նաեւ հրամանագրեր ստորագրել, բայց մեկ է, նրա այդ բոլոր նախնական քայլերում «կարմիր թելով» անցնում է հենց ռուսական թեման՝ կհաջողվի «24 ժամում» կանգնեցնել ուկրաինական պատերազմը եւ ինչպե՞ս, ի՞նչ արդյունքներով:
Սկզբնական մոտեցումները, որոնք եկան Թրամփի թիմի որոշ անդամներից, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով բանագնաց Քիթ Քելլոգից, ավելի նման է փակուղի տանող ճանապարհի: Այն աստիճան, որ անգամ ԱՄՆ-ում, այն էլ՝ փորձագիտական մակարդակով են այդ մասին խոսում: Ընդ որում, այնպիսի հեղինակավոր փորձագետների, ինչպիսին է Թրամփի առաջին նախագահության ժամանակ նրա գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնը: Այսպես, ըստ Բենոնի, այն առաջարկները, որոնք գալիս են «ճանապարհից շեղված» Քելլոգից, այդ թվում՝ թե հակամարտությունը կանգնեցնելու համար պետք է ընդհուպ կոշտ ճնշումներ բանեցնել Մոսկվայի դեմ, պարզապես կարող են Թրամփի համար Ուկրաինան վերածել երկրորդ Վիետնամի: Տրամաբանությունը պարզ է. Ռուսաստանն ունի հստակ պահանջներ եւ կմերժի դրանցից շեղվող ամեն մի տարբերակ: Այդ դեպքում Թրամփին պարզապես կմնա սեփական հեղինակությունը չկորցնելու համար շարունակել այդ ճնշումները: Իսկ Մոսկվան էլ ավելի կհամառի, եւ ամեն ինչ կշարունակի մնալ այնպես, ինչպես հիմա է՝ միջուկային պատերազմից վայրկյաններ պակաս վիճակում: Կարճ ասած, կստացվի ուղիղ այն տարբերակը, որի առաջ կանգնած էր նաեւ Բայդենը: Արդյունքում, Բենոնը կարծում է, որ Թրամփը կարող է ընկնել «ծուղակի մեջ, որը պատրաստվել է ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության դաշինքի, եվրոպացիների եւ նույնիսկ իր՝ Բենոնի որոշ ընկերների կողմից, որոնց նա համարում է «ճանապարհից շեղվածներ», ներառյալ Ուկրաինայի բանագնաց Քիթ Քելլոգը»:
Բենոնի գնահատմամբ, բոլորովին այլ ռազմավարություն է պետք՝ հասկանալ, թե որն է Մոսկվայի խորքային մտահոգությունը եւ հենց դրա ուղղությամբ լուծումներ գտնել, այդ թվում՝ Զելենսկու վրա ամենակտրուկ ճնշումներով:
Բայց նաեւ ասել, թե Թրամփն անգամ այդ ամենը չի պատկերացնում, միամտություն կլիներ: Առավել եւս, որ նրա ամենամեծ գլխացավանքն ամենեւին էլ Ուկրաինան չէ: Ամեն դեպքում, այն նախնական հրամաններից, հայտարարություններից, որոնք ինագուրացիայից հետո հնչեցրեց Թրամփը, ենթադրելի է, որ նա բավականին լավ պատկերացնում է նաեւ ԱՄՆ-ի ներկա պոտենցիալն ու եղած խնդիրները: Նախ, Թրամփը խոսում է էներգետիկ համակարգում երկրում արտակարգ դրություն հայտարարելուց, եւ իմաստը պարզ է, Բայդենը հեռացել է՝ թողնելով գրեթե դատարկված նավթի ռազմավարական պահուստներ: Միգրացիոն հոսքերը մյուս կողմից են խեղդում, եւ ինչքան էլ խոսես հակամիգրացիոն քաղաքականությունից, խնդիրը լուծելու համար երկար ժամանակ եւ լուրջ ռեսուրսներ են պետք: Կա հսկայական պետական պարտք՝ իր առաջին նախագահության համեմատ մոտ 50 տոկոսով ավելացած: Կա Եվրոպայի, հարեւան երկրների, ԲՐԻՔՍ-ի հետ հակամարտություն, եւ եթե Թրամփը խոստանում է, որ բոլորի դեմ բարձր մաքսատուրքեր կկիրառի, ապա նաեւ լավ հասկանում է, որ այս դեպքում «բոլոր» ասվածը գործնականում ողջ աշխարհն է: Հայտարարելով, որ ԱՄՆ-ում կա ընդամենը 2 սեռ՝ իգական եւ արական, նա «պատերազմ հայտարարեց» լիբերալներին: Եվ այսպես շարունակ, բազում խոշորագույն խնդիրներ, որոնք միայն կոշտ հայտարարություններով չես լուծի:
Եվ այն, որ իր առաջին հրամանագրերից մեկով Թրամփն այլ երկրներին տրամադրվող օգնությունն 90-օրով դադարեցրեց, ավելի նման է, որ Զելենսկու ուղղությամբ ճնշումների փուլն արդեն սկսված է: Հաջորդը` Պուտինի հետ կապի դուրս գալն է, որի մասին եւս այս երկու օրերին Թրամփը շատ խոսեց: