ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ» ԿԱ
Վերլուծություն
Թրամփի ընտրվելուց հետո մեկ կանխատեսում մասսայական շրջանառության մեջ մտավ. եթե նա կարողանա անփորձանք հասնել մինչեւ ինագուրացիա, ապա 20.02.2025թ. ամսաթիվը կդառնա պատմական մասշտաբի ջրբաժան՝ հունվարի 20-ից առաջ եւ հետո: Եվ այն, որ հենց նույն օրը երկնքում դիտվեց այնպիսի հազվադեպ երեւույթ, ինչպիսին է «վեց մոլորակների շքերթը», հիմք դարձավ նաեւ տարաբնույթ աստղագուշակ-կանխատեսողների համար՝ այդ օրը նաեւ իրենց «մասնագիտական» տեսանկյունից հռչակել մեծ շրջադարձ:
ԲԱ ԱՌԱՆՑ ԲԼԻՆՔԵՆԻ ՄԻՐԶՈՅԱՆՆ Ի՞ՆՉ ԱՆԻ
Բայց գանք մեզ համար ամենակարեւորին՝ Հայաստանին. մեր երկրին Թրամփի երկրորդ նախագահությունը որեւէ շրջադարձային բան խոստանո՞ւմ է: Չնայած, որ նման հեռանկարներ այս պահին էլ են տեսանելի, հուշում են եթե ոչ աստղագուշակային կանխատեսումները, ապա գոնե պարզ տրամաբանությունը: Հիմնական փաստը սա է. ամերիկյան էլիտայի այն հատվածը, որի հետ նիկոլյան խունտան ակտիվորեն գործակցում էր, եւ որը Հայաստանի հետ կապված միանգամայն կոնկրետ ծրագրեր էր իրականացնում եւ փորձում էր իրականացնել, հիմա արդեն «թամբին նստած չէ»: Ամենապարզ օրինակը. եթե մինչ այս Միրզոյան Արոն արդեն նախկին պետքարտուղար Բլինքենի օֆիս գնում-գալիս էր համարյա «աշխատանքային ռեժիմով», իսկ ամենավերջին պահին նրա հետ ջան-ջիգյարային տոնայնությամբ ինչ-որ «ռազմավարական համագործակցություն» էր ստորագրում, հիմա արդեն մեծ հարց է, թե Բլինքենին փոխարինելու եկած Մարկո Ռուբինոյի գրասենյակի պահակախմբից այն կողմ կկարողանա՞ անցնել:
Իսկ սա ընդամենը հռետորական բնույթի հարց չէ: Քանիցս է ֆիքսվել, որ Արոն ամենայն ջանասիրությամբ առաջնորդվում էր հենց այն քաղաքական կուրսով, որը գալիս էր Բլինքենի աշխատասենյակից, եթե անգամ Նիկոլը կոնկրետ գրվածներով բոլորովին այլ մտքեր էր հնչեցնում: Դա պարզ երեւաց, օրինակ, այն պահին, երբ Արեւմուտքին պետք էր Արցախը լիովին հայաթափել եւ այդ ֆոնին արագ-արագ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիր» կնքել: Ճիշտ է, հետո Ալիեւն այդ գործընթացից «թռավ», սակայն փաստն այն է, որ Արոն անգամ Թրամփի ընտրվելուց հետո էր հավատարմորեն մնում բլինքենական այդ խաղի տիրույթում: Ինչպես, ասենք, եղավ անցած դեկտեմբերի սկզբներին Մալթայում, երբ Բլինքենն իր «խաղաղության համաձայնագրի» ստորագրման մի վերջին փորձ արեց՝ Բայրամով-Միրզոյան հանդիպման միջոցով, Արոն ամենայն պատրաստակամությամբ համաձայնեց այդ հանդիպմանը, իսկ ադրբեջանական կողմը հերթական անգամ մերժեց:
Կարճ ասած, եթե հանուն բլինքենյան այդ ծրագրերի, Նիկոլն ու Ալիեւն այս ընթացքում տարաբնույթ զիջումների գնացին Բաքվի հանդեպ, դրանով ահռելի վնաս հասցնելով Հայաստանին, հիմա արդեն պարզվում է, որ ո´չ Բլինքենը կա եւ ո´չ էլ նրա այդ ծրագրերը: Ու շատ մեծ հարց է, թե նոր պետքարտուղարը բլինքենյան այդ ռազմավարության ո՞ր մասը կպահի իր զինանոցում կամ, առհասարակ, որեւէ բան կպահի՞: Հաշվի առնելով գլոբալ հարցերի շուրջ այն արմատական տարբերությունը, որը կա ԱՄՆ նախկին՝ բայդենյան եւ ներկա՝ թրամփյան հայացքներում: Այդ թվում, առաջին հերթին, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով: Այսինքն, ամերիկյան նախկին վարչախմբի ծրագրերը ենթադրում էին Հարավային Կովկասը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի վերածում, ինչը շատ լավ հասկացավ Թբիլիսին, եւ ինչը չհասկացավ կամ իրեն չհասկացողի տեղ դրեց նիկոլյան թիմը՝ մտնելով այդ խաղի մեջ ու մինչեւ վերջ սրելով ռուսների հետ հարաբերությունները: Իսկ ահա ներկա վարչակազմը բոլորովին այլ ռազմավարությունից է խոսում՝ հիմնված Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ թե սրելու, այլ՝ լեզու գտնելու տեսլականի վրա: Դա նախ նշանակում է, որ այն բոլոր կորուստները, որոնք կրեց Հայաստանը՝ այդքան պատրաստակամորեն բլինքենյան խաղերը խաղալու արդյունքում, դարձան անիմաստ՝ անգամ նիկոլյան վարչախմբի տրամաբանությամբ: Էլ ավելի վատ. հիմա, երբ չկան բլինքենյան այդ ծրագրերը, հիմա նաեւ նրանց հայաստանյան մանկլավիկներն են մնում «կոտրած տաշտակի առաջ»՝ պատկերացում անգամ չունենալով, թե փոխարինողները «նոր տաշտա՞կ» են առաջարկելու, թե՞, կոպիտ ասած, թքած ունեն այս ուղղությամբ Բլինքենի այդ բոլոր ծրագրերի վրա, ինչքան էլ որ Արոն. ակնկալում է «ամրապնդել համագործակցությունը»: Առավել եւս, որ դրանք նաեւ բայդենյան ԱՄՆ-ի համար ունեցան զրոյական էֆեկտ, կամ նույնիսկ բացասական, հաշվի առնելով, որ այդ կարգի քաղաքական գործունեության արդյունքում է, որ բայդենյան թիմը նման ջախջախիչ պարտություն կրեց: Եվ այս ամենը հաշվի առնելով, կարելի է ասել, որ Թրամփի մուտքը Սպիտակ տուն արդեն իսկ շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի համար:
ՀԵՏ` ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ
Այսպիսով, Նիկոլն ու Արոն մի իրավիճակում են, երբ պետք է նախ իրենք իրենց տան դասական հարցի պատասխանը՝ «ինչ անել»: Թերեւս իրենք էլ են հասկանում, որ հույս դնել Բլինքենի կողմից այս ուղղությամբ վերակացու կարգված Մակրոնի կամ նույնիսկ խաղի ակտիվ մասնակից MI-6-ի վրա, միանգամայն անհեռանկարային կլինի, եթե այդ խաղը գոնե ձեւականորեն կապված չլինի Պետդեպարտամենտի հետ: Բայց երբ Ֆրանսիայի եւ Բրիտանիայի, ասենք նաեւ եվրոպական Գերմանիայի ու անգամ ԵՄ-ի բարձր ղեկավարությունն այդպես էլ չնկատվեց Թրամփի ինագուրացիայի ժամանակ, ապա անգամ Նիկոլը կարող է հասկանալ այդ մեսիջի իրական իմաստը:
Եվ այն, որ Թրամփի ինագուրացիայի հենց հաջորդ օրը Միրզոյան Արոն մեկնեց Մոսկվա, ապա դա, ինչքան էլ որ ՀՀ ԱԳՆ-ից պնդեն, թե երկու ամիս առաջ էր ծրագրված, մեկ է, դա միայն ակնարկում է, որ Թրամփի ընտրվելուց հետո Նիկոլն արդեն մտածում էր «ռեզերվային օդանավակայանի» մասին:
Մյուս կողմից, պատահական չէ, որ Արոյի այցից առաջ Մոսկվան արդեն ներկայացրեց, թե ինչ հարցեր են քննարկելու. «Բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով»: Ապա նաեւ, բնականաբար, խոսքը նաեւ ռուս-հայկական հարաբերությունների, ռուսական ինտեգրացիոն համակարգերի (ԵԱՏՄ, ՀԱՊԿ) շրջանակներում հետագա գործակցության: Թերեւս ակնարկը հասկանալի էր՝ կարելի է անցնել հարաբերությունների վերաբեռնավորման, բայց եթե ոչ, լավ է միանգամից այցը չեղարկեք, ասենք՝ հանկարծահաս կորոնավիրուսի անվան տակ: Ու այն, որ դեռ Արոն Մոսկվա չհասած, Ալենն այստեղ սկսեց խոսել, թե ո՞վ ասաց, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս կամ կողմ կքվեարկենք ԵՄ-ի անդամակցությանը, թերեւս ավելի նման էր պատասխան ռեակցիայի:
Ինչ վերաբերում է բուն Լավրով-Միրզոյան հանդիպմանը, ապա, իհարկե, դեռ ժամանակ է պետք դրա ամբողջական իմաստը պատկերացնելու համար: Սակայն որոշ նախնական պատկերացումներ կան: Մասնավորապես, որ փոքր առանձնազրույցին հաջորդած ընդլայնված քննարկումները սկսելով, Լավրովն ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է «ցուցաբերել անհրաժեշտ համագործակցություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններում՝ 2020-2022թթ.-ին երեք երկրների առաջնորդների ձեռքբերած եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան: Մենք համարում ենք, որ այդ պայմանավորվածություններն այսօր էլ ակտուալ են, առավել եւս տարածաշրջանի ներկա իրավիճակի լույսի ներքո»:
Այսինքն, Մոսկվան շարունակում է օրակարգում պահել հայ-ադրբեջանական հարաբերությունները հայտնի եռակողմ ձեւաչափի շրջանակներում հանգուցալուծման տանելու տեսլականը: Ընդ որում, հաշվի առնելով, որ այլ սխեմա այս պահին օրակարգում պարզապես չկա: Ամերիկյան «Բրյուսելի ձեւաչափը», Բլինքենի հեռանալով, պարզապես այլեւս գոյություն չունի: Եթե անգամ Վաշինգտոնից փոխարինող ինչ-որ առաջարկ լինի, դրա համար երկար ամիսներ են պետք, նաեւ պայմանով, որ այդ ընթացքում հայ-ադրբեջանական ուղղությամբ բոլոր գործընթացները պետք է սառեցվեն: Իսկ դա գոնե Նիկոլի համար լավ տարբերակ չէ. սարերի հետեւում չեն հերթական կամ արտահերթ ընտրությունները, որոնց եթե Նիկոլը գնա առանց «խաղաղության պայմանագրի», ստիպված է լինելու շատ տհաճ իրողությունների առաջ կանգնել:
Իսկ ահա երկկողմ՝ հայ-ադրբեջանական հարթակում որքան էլ խոսեն պայմանագրի 80, 90 տոկոս պատրաստ լինելու մասին, մեկ է, այն այդպես էլ 100 տոկոս չի դառնում: Այս հարթակում Նիկոլը բախվում է մի խնդրի, որն ի սկզբանե էր տեսանելի. Բաքուն առաջադրում է պահանջներ, որոնք իրականացնել Նիկոլը պարզապես չի կարող, եւ պատահական չէ, որ նախօրեին Բայրամովը հերթական անգամ բողոքում էր, թե «սայլը տեղից չի շարժվում»: Կարճ ասած, այս երկու ՝ արեւմտյան եւ երկկողմ հարթակներում ժամանակը միանշանակ Նիկոլի օգտին չի աշխատում, եթե չասենք, որ այդ իրավիճակը կարող է դառնալ նոր սրացումների տանող ճանապարհ:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Արդյունքում, որ միակ հարթակը, որտեղ հնարավոր է առաջխաղացում, ռուսական եռակողմ ձեւաչափն է, հասկանում են բոլորը: Առավել եւս, որ գոնե այս պահին էապես պակասել են արեւմտյան այն ճնշումները, որոնք Նիկոլին նախ՝ 2022թ.-ին սկսված ուկրաինական պատերազմից հետո հետ քաշեցին այդ հարթակից, ապա պարզապես արգելափակեցին այդ ուղղությամբ որեւէ ռեալ քայլ: Այս պահին այդ ճնշումները կարող են գալ միայն բրիտանական գծով, բայց նաեւ, կրկնենք, հաշվի առնելով այն հակասությունները, որոնք միայն սրվում են Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջեւ: Ճնշումներ կարող են գալ նաեւ ամերիկյան ուլտրալիբերալներից, միայն թե այս թեւում խաղալով, Նիկոլը ստիպված կլինի ցույց տալ, որ հակաթրամփյան դաշտում է:
Արդյունքում, թերեւս կարելի է մտածել, որ Արոյի այս այցով Նիկոլը ցույց է տալիս, որ կարող է օգտվել նման առիթից եւ վերադառնալ ռուսական բանակցային դաշտ: Բայց դետալային իմաստով հնարավո՞ր է, դեռ սպասենք: