Հերթական շոուն քաղաքապետարանում
Ներքաղաքական
Բա չիմացաք, հիմա էլ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են տրանսպորտի թանկացման հաշվին դիվիդենտ քաղել: Դե առջեւում ընտրություններ են, արդեն պատրաստվում են: Բանն այն է, որ ընդդիմություն ներկայացող երկու խմբակցություններ`Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան»-ը եւ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ը որոշել են այսօր արտահերթ նիստ հրավիրել, որտեղ կքննարկեն կարմիր գծերի եւ հանրային տրասպորտի թանկացումների հարցերը: Բնականաբար, լավ գիտակցելով, որ իշխանությունը՝ ՔՊ-ն եւ նրա հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցությունը չեն մասնակցի նիստին՝ կբոյկոտեն, եւ այս շոուն կստացվի ըստ նախագծած պլանի՝ մենք լավն ենք, նրանք վատը,առաջիկա ընտրություններում կընտրեք մեզ:
Ի դեպ, արդեն իսկ «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է հայտարարություն՝ առ այն, որ չի մասնակցելու Երեւանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։ Բայց հարցն այն է, որ եթե անգամ մասնակցեին, ավագանու կոալիցիոն իշխանությունը, միեւնույնն է, ընդդիմության բերած նախագծերին քվեարկելու էին դեմ: Արդյունքում էլի տապալվելու էր ընդդիմությունը, քանի որ քանակական առումով նրանք երկու անձով ավել են ընդդիմությունից: Իսկ սա հնարավոր չէր, որ ընդդիմադիր ավագանու անդամները չիմանային կամ չհաշվարկեին: Ուստի՝ հարց է ծագում՝ ինչի՞ համար է այս շոուն, երբ իրապես երեւանցին ունի խնդիր: Եվ այդ խնդիրները, այնուհանդերձ ոչ մի կերպ չեն լուծվում:
Չմոռանանք, թե ովքեր են ներկայացնում քաղաքապետարանի ընդդիմությունը եւ իշխանությունը: Մի «ընդդիմադիր» Հայկ Մարությանն է՝ մարդ, ով 2018 թվականին Ալեն Սիմոնյանին հրելով ամեն կերպ առաջ էր իրեն մղում, որ ավելի քիփլիկ կանգնի Նիկոլի կողքին, ով ազգին բաժանեց սեւերի ու սպիտակների, ով քաղաքապետ նշանակվելուց անմիջապես հետո հայտարարեց, որ եթե ցանկանում եք լավ մանկապարտեզ հաճախեն ձեր երեխաները, ապա պետք է տրանպորտը թանկանա: Մյուս «ընդդիմադիրն» էլ Նիկոլին իշխանության բերող Անդրանիկ Թեւանյանն է, ով մինչեւ այսօր դեռ նախկիններին է մերժում:
Իսկ իշխանության մաս կազմող Արամ Զավենի Սարգսյանի խմբակցության մասին էլ չասենք: Երեւանի ավագանու ընտրություններին գոռում-գոչում էր, որ ինքը միակ ռադիկալ ընդդիմությունն է, սակայն ընտրություններից անմիջապես րոպեներ անց կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ ու դարձավ ավինյանական աջ գրպանի «կնոպկա»: Տակը մնաց «Հանրային Ձայն»-ը, սա էլ մի ուրիշ խայտառակ պատմություն է: Արանքում կանգնած մնում է մի խեղճ ժողովուրդ, ով ապրում է կեղծ օրակարգով, կեղծ բարքերով` արդյունքում մշտապես տուժած: Սա է մերօրյա իրականությունը….
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ