«ՀՊԱՐՏ ԷԻ, ՈՐ ԼԻՆԵԼՈՎ ԱՐՑԱԽԻՑ, ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՂԹԵԼ ԹՈՒՐՔԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԷՐԻԿ ԱՌՍՏԱՄՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել վերջերս Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած Բռնցքամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած, ծնունդով արցախցի ԷՐԻԿ ԱՌՍՏԱՄՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - Հանդես եկա 57 կգ քաշային կարգում։ Ընդհանուր 5 մենամարտ եմ անցկացրել։ Մեկնարկում 5։0 հաշվով հաղթեցի ազգությամբ վրացի մրցակցիս, ապա հաջորդ մրցակցիս, ով Սլովակիայի ներկայացուցիչն էր, մենամարտի երկրորդ ռաունդում հաղթեցի տեխնիկական նոկաուտով։ 1/8 եզրափակչում, մենամարտի երրորդ ռաունդում, կրկին տեխնիկական նոկաուտով հաղթեցի թուրք մրցակցիս։ Իսկ ահա 1/4 եզրափակչում, պարտության մատնեցի ադրբեջանցի հակառակորդիս 3։2 հաշվով։ Նշեմ, որ առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին Նասիբովին, բայց երկրորդ ու երրորդ ռաունդներում հավաքեցի ուժերս ու հաղթանակի նժարը թեքեցի իմ կողմը, ադրբեջանցուն ստիպելով ռինգը լքել պարտված։ Ափսոս, հինգերորդ մենամարտում 3։2 հաշվով զիջեցի կուբացի մրցակցիս։ Բայց շատ կարևոր էր ինձ համար, որ ես ծնունդով Արցախից եմ ու կարողացա ջախջախիչ հաղթանակ տոնել թուրք և ադրբեջանցի մրցակիցներիս հանդեպ։ Ամենադժվարը անցավ ադրբեջանցու հետ թեժ պայքարը։ Բառերով չեմ կարող նկարագրել իմ զգացողությունները, շատ հպարտ էի այդ պահին, որ լինելով Արցախից, կարողացա հաղթել թե թուրքին, թե ադրբեջանցուն։ Ռինգ էի մտել միայն այն մտքով, որ պիտի անպայման հաղթեմ, հետ քայլ չունեմ։ Ադրբեջանցու հետ մենամարտի ժամանակ դահլիճում բազմաթիվ ադրբեջանցիներ էին եկել երկրպագելու ադրբեջանցուն, սուլում և ասում էին Ղարաբաղը Ադրբեջան է։ Հենց տեսան, որ ես հաղթեցի ադրբեջանցուն, միանգամից բոլորը լքեցին դահլիճը։ Ծնունդով Ստեփանակերտից եմ։2023-ին, երբ ամբողջությամբ Արցախը հայաթափվեց, մենք էլ ընտանիքով բռնեցինք գաղթի ճամփան ու այժմ Երևանում վարձով ենք բնակվում։ Երազում եմ հանդես գալ նաև պրոֆեսիոնալ ռինգում և շատ մեծ հաղթանակների հասնել։
Բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում այսպես ամփոփեց մրցաշարը.
- Աշխարհի ուժեղ թիմերն էին մասնակցում այս մրցաշարին շուրջ 80 երկրից։ Ես չեմ հիշում նման ցուցանիշ, որ 6 տղա և 1 աղջիկ մտնեն 1/4 եզրափակիչ։ Նշեմ, որ մրցավարներն էլ էին անարդար վարվում։ Շատ գոհ եմ արցախցի Էրիկ Առստամյանից, շատ ծանր մենամարտեր տարավ, ջախջախեց թե թուրքին, թե ադրբեջանցուն։ Նշեմ, որ ես գոհ եմ, քանի որ 3 մարզիկ 15 մենամարտ են անցկացրել ու շատ մոտ էին ոսկե մեդալին, բայց բրոնզ են նվաճել։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




