«ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԻՇՈՒՄ ԷԻ, ՈՐ ԱՐՑԱԽՑԻ ԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել վերջերս Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած, ծնունդով Արցախից, փախստականների դրոշի ներքո հանդես եկած ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 58 կգ քաշային կարգում։ Սկզբից ձեռքի կոտրող հնարքով հաղթեցի կոլումբացի մրցակցիս։ Ափսոս, հաջորդ գոտեմարտում պարտվեցի վրացի մրցակցիս, հետո 1։0 հաշվով հաղթեցի Թուրքմենստանի ներկայացուցչին, բրոնզե մեդալի համար պայքարում էլ հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս։ Շատ հպարտ եմ, որ լինելով Արցախից, կարողացա հաղթել ադրբեջանցի մարզիկին, որը, ի դեպ, Աշխարհի չեմպիոն էր։ Ճիշտն ասած վնասվածք էլ ունեի, բժիշկները խորհուրդ չէին տալիս մասնակցել, բայց ես գնացի ու մարտական էի տրամադրված, որոշել էի նվաճել ոսկե մեդալ։
Ադրբեջանցու հետ գոտեմարտի ողջ ընթացքում հիշում էի, որ արցախցի եմ, ինչը ինձ շատ մեծ ուժ էր տալիս։ Կարողացա մի կողմ դնել վնասվածքը, ցավը, կենտրոնացա, ամբողջ ուժերս հավաքեցի ու անչափ կարևոր հաղթանակ տոնեցի։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

