«Տեղի ունեցածն արժանի է դատապարտման». ՌԴ դեսպանը Մոսկվայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական միջադեպի մասին
Արխիվ 16-20Արտաշատի ռուսական սահմանապահ զորքերի հրաձգարանի տարածքում այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 25-ամյակին եւ ՀԱՊԿ կանոնադրության ընդունման 15-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի դեսպանները, բարձրաստիճան ներկայացուցիչներ Հայաստանի ազգային անվտանգությունից եւ Ղազախստանից: Առիթից օգտվելով` «Իրավունքը» ՀՀ-ում ՌԴ դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԻՑ պարզեց նրա կարծիքը մայիսի 9-ին Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված երթի ժամանակ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Ի պատասխան դեսպանը նախ նշեց, որ սա շատ տհաճ միջադեպ է.
-Մարդիկ դուրս էին եկել հարգելու իրենց նախնիների հիշատակը` բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել Հայրենական Մեծ պատերազմի: Եվ այսպիսի գլոբալ իրադարձությունը տեղափոխել միջազգային հարաբերությունները պարզելու հարթակ, համարում եմ` սխալ: Տեղի ունեցածն արժանի է դատապարտման եւ կարծում եմ, որ իհարկե, Ռուսաստանի իրավապահները գործել են ճիշտ եւ լավ: Վերջիվերջո, նրանց հաջողվել է կողմերին բաժանել եւ երթը շարունակվել է: Ըստ իս, այդ միջադեպի թեման արդեն սպառված է:
Հիշեցնենք, որ միջադեպը սկսվել էր այն բանից հետո, երբ մի խումբ ադրբեջանցիներ ներխուժել էին երթին մասնակցող հայերի շարքերն ու պահանջել վայր դնել Արցախի դրոշը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:
