«ԱՅՍ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՏՎԵՑ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԳԱ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆ
Սպորտ
Վերջերս Երևանի «Միկա» մարզական համալիրում կայացել է «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը։ 18 երկրից ժամանած մարզիկներ գերլարված գոտեմարտերում ուժերը չափեցին մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը, ինչպես անցած տարի, 200.000 դոլար էր։ Հայ մարզիկներն ընդհանուր հաշվարկով նվաճեցին 7 մեդալ 2 արծաթե և 5 բրոնզե։
Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունենալ արծաթե մեդալակիր, Աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, ծնունդով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 71 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք գոտեմարտ եմ անցկացրել։ Մեկնարկի ժամանակ ինձ հաջողվեց 6։0 հաշվով հաղթել Բելառուսի ներկայացուցչին, ով Եվրոպայի փոխչեմպիոն էր։ Երկրորդ գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեցի մեր հայրենակցին, ափսոս հաջորդ գոտեմարտում պարտվեցի ազգությամբ ռուս մրցակցիս, որը Աշխարհի չեմպիոն էր ու բավականին ուժեղ հակառակորդ էր։ Ճիշտն ասած, բոլոր գոտեմարտերն էլ դժվար անցան, ուստի չեմ կարող առանձնացնել։ Այս արծաթե մեդալը ինձ տվեց պայքարելու ունակություն հետագա մրցաշարերի ժամանակ։ Արդեն պիտի պատրաստվեմ Աշխարհի առաջնությանը, որը կկայանա նոյեմբերի 8-ին Ղազախստանում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



