Մայր Հայաստան թանգարանը կարոտ է Արցախյան ազատամարտի վերաբերյալ նյութերի համալրմանը
Արխիվ 16-20
Մայիսի` որպես հաղթանակների ամսվա հիմքը դրվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից հետո եւ թարմացվեց Շուշիի ազատագրումով: Այս երկու կարեւոր հաղթանակների բացառիկ ցուցանմուշները պահպանվում եւ ցուցադրվում են Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան զինվորական թանգարանում: Սակայն, ինչպես «Իրավունքի» հետ զրույցում փաստեց թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, երբեմն հերոսների հարազատները դժվարությամբ են բաժանվում իրենց հայրերի, պապերի, եղբայրների մարտական, զինվորական կամ էլ անձնական իրերից` պետության պահպանությանը հանձնելու համար:
- Ինչպես բոլոր, այնպես էլ` մեր թանգարանի առաջնահերթ խնդիրը համալրումն է: Այդ գործառույթն անվերջ է, քանի դեռ գոյություն ունեն թանգարանները: Թանգարանում նախ ցուցադրվում է երկու թեմա` Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, եւ մեկ առանձին հարկ նվիրված է Արցախյան ազատամարտի եւ մեր հանրապետության զինված ուժերի պատմությանը` ձեւավորմանը, կայացմանն ու ամրապնդմանը: Այդ տեսանկյունից Հայրենական մեծ պատերազմի ցուցանմուշների համալրման աշխատանքները գրեթե ավարտված են, չնայած` անընդհատ համալրում տեղի է ունենում. մեր քաղաքացիները տարբեր բնույթի ցուցանմուշներ են նվիրաբերում, կամ էլ` թանգարանի պահպանությանն են հանձնում: Սակայն Արցախյան ազատամարտի ու Հայոց բանակի վերաբերյալ նյութերի համալրումը դեռեւս տասնյակ տարիների աշխատանքի կարոտ է զգում: Ինչ խոսք, հոգեբանական տարբերություն կա, Հայրենական պատերազմի զոհվածների կամ մասնակիցների զավականերն արդեն տարեց են, եւ նրանց համար հոգեբանորեն ավելի հեշտ է հաշտվել այն մտքի հետ, որ իրենց ծնողի կամ պապի վերաբերյալ փաստաթղթերը, լուսանկարները, պարգեւատրումները կարող են տնից հեռացնել ու հանձնել պետական պահպանության: Մինչդեռ Արցախյանի եւ Հայոց բանակի պարագայում իրավիճակը միանգամայն այլ է: Հաշվի առնենք, որ Արցախյան պատերազմը շուրջ 2 տասնամյակ առաջ է ավարտվել, դեռ վերքերն ու ցավերը խորն են եւ ինչպես զոհվածների հարազատները, այնպես էլ ողջ-առողջ մասնակիցները դեռեւս հոգեբանորեն պատրաստ չեն իրենց հարազատից կամ էլ` անցած մարտական ուղուց հուշ մնացած իրից հրաժարվել: Պետք է ընդունեն, որ միանգամայն այլ բան է, երբ այդ ամենը պահպանվում է տանը ու հասու է լինում միայն այդ ընտանիքի անդամներին կամ նեղ շրջապատին, եւ այլ բան է, երբ հասու է լինում հասարակության լայն շրջանակների համար: Եվ գիտակցենք, որ միակ եւ ամենից ապահով պահպանման տեղը պետությունն է, պետական պահպանությունից ապահով, երաշխավորված, անվտանգ վայր չի կարող լինել, ի դեմս` ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարանի: Օգտվելով թերթի հնարավորությունից` բոլոր հայրենակիցներին խնդրանք կուղղեմ, որ առանց վարանելու, դրանք հանձնեն պետական պահպանության:
ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ
- Որքան տեղյակ եմ, Քառօրա պատերազմի հերոսների անկյուն էլ կա թանգարանում:
- Ռոբերտ Աբաջյանից մի քանի ցուցանմուշներ, փաստաթղթեր կան, որոնք թանգարանին հանձնեց եղբայրը: Այդ թղթերի հավաքումը ընթացքի մեջ է, երբ կավարտվի, արդեն հավուր պատշաճի ցուցադրություն կպատրաստենք: Իսկ ամենաթարմ ցուցադրությունը, որ օրերս է բացվել, ՊՆ զորամասի ավագ սպա, մայոր Հովսեփ Առուշանյանի ձեռքի աշխատանքներն են: Դիարամաների միջոցով ներկայացված են Հայրենական պատերազմից եւ Արցախյան ազատամարտից դրվագներ: Ընդ որում, դրանք գրավիչ են ու ուշագրավ` դպրոցականների եւ երիտասարդների համար, ովքեր կարող են փոքրիկ դիարամաների միջոցով, դիդակտիկ ձեւով բավականին ուշագրավ, գեղեցիկ ու ճաշակով ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչպես է եղել Ստալինինգրադի ճակատամարտը կամ Արցախյան ազատամարտի տարբեր դրվագներ, նույնիսկ վերջին դեպքերից` ասենք Թալիշի շրջանի կռիվները:
«ԱՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ 2016-Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՎԱՌ ՕՐԻՆԱԿՆԵՐ ՏՎԵՑԻՆ»
- Ասում են` այսօրվա սերունդն այդքան էլ չի սիրում գիրք կարդալ կամ պակաս հայրենասեր է, չի հետաքրքրվում իր պատմությունով, իսկ ի՞նչ է արվում` թանգարանը ժամանակակից դարձնելու համար, որպեսզի այսօրվա սերնդին նույնպես գրավի:
- Մինչ տեխնոլոգիական մեթոդներին անցնելը, նախ հարկավոր է գաղափարական տեխնոլոգիաներ, ճշմարտացի ձեւով մեթոդաբանություն հրամցվի, որպեսզի երիտասարդի համար առաջնահերթ լինի իր ժողովուրդն ու երկրի շահը: Տոգորված լինի այն գաղափարախոսությամբ, որ եթե հայը Հայկ Նահապետից սկսած` հաղթանակներ է տարել, հաղթել է Հայրենական պատերազմում, Արցախյան ազատամարտում, բայց 1915 թվականին` ենթարկվել Հայոց ցեղասպանության, որը մնացել է անցյալում, այլեւս չի կրկնվելու: Հաշվի առնելով, որ այսօր համամարդկային, ազգային արժեքները մղվել են 2-րդ կամ 10-րդական պլան, դրանց քարոզելը դառնում է առավել դժվարին: Նախ համաձայն չեմ, որ այսօրվա սերունդը չի սիրում գիրք կարդալ, հայրենասեր չէ կամ պատմություն չգիտի: Թեկուզ, եթե վիճակն այդպիսին է, չպետք է մեղադրել այսօրվա սերնդին: Ինչպե՞ս կարող է նա մեր ուզած ձեւով սիրել պատմություն, գիրք կարդալ, հետաքրքրվել նախնիների անցած ռազմական, մշակութային կամ քաղաքակրթական փառավոր անցյալով, երբ գլոբալիզացիայի պայմաններում ամբողջ աշխարհում հակամարդկային քարոզ է կատարվում` աղանդավորների, հազար ու մի սեռական փոքրամասնությունների: Մեղքի բաժինը բոլորինս է, գուցե մենք անհրաժեշտ ձեւով չենք աշխատում, որովհետեւ նույն այդ երիտասարդները 2016 թվականի ապրիլին հարյուրներով հերոսության վառ օրինակներ տվեցին: Մինչեւ հիմա էլ այդ 18-20 տարեկան տղաներն են իրենց հրամանատարների, գեներալների գլխավորությամբ մեր երկրի անվտանգությունը պաշտպանում: Այնպես որ, պետք է միշտ երիտասարդի կողքին լինել, գաղափարապես եւ բարոյահոգեբանորեն տալ այն տեղեկատվությունը, որի շնորհիվ կկարողանա հավատարիմ մնալ նախնիներից իրեն ավանդված գաղափարական արժեքներին, որի շնորհիվ է մեր ժողովուրդը հազարամյակներ շարունակ արեւի տակ իր տեղն ապահովել:
«ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ` ՄԵՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԿԱՂՈՒՄ Է»
- Այսինքն` թանգարանը լիովին համապատասխանում եւ հետաքրքրում է ժամանակակից սերնդին:
- Ինչ խոսք, նոր տեխնոլոգիաների կիրառման առումով` մեր թանգարանը դեռեւս կաղում է, սակայն ունենք կայք` hayastan.am-ը, ընդ որում այն բավականին մեծ լսարան ունի եւ ողջ համացանցում միակն է, որտեղ հայերենով եւ ռուսերենով, մի մասը` նաեւ անգլերենով տեղադրված են Խորհրդային Միության հայ եւ հայաստանցի բոլոր հերոսների, Փառքի շքանշանի լրիվ ասպետների, ՀՀ ազգային, Արցախի հերոսների կենսագրականները, ինչպես նաեւ հայ ռազմագրական պատմության վերաբերյալ տարբեր բնույթի նյութեր` սկսած Հայկ Նահապետի առաջին ճակատամարտից մինչեւ մեր օրերը:
«ԱՆԿԱԽ ԻՐԵՆՑԻՑ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆՊԱՍՏԵՑԻՆ ՄԵՐ ՑՈՒՑԱՍՐԱՀԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ»
- Թանգարանը նաեւ հաճախակի է արտերկրում իր ցուցադրություններով հանդես գալիս, որքան գիտեմ, դրանցից մեկում նաեւ լավագույնն է համարվել, մի փոքր կմանրամասնե՞ք:
- Հնարավորության սահմաններում թանգարանը մասնակցում է տարբեր բնույթի միջազգային ցուցադրությունների: Դրանցից վառ օրինակը 2015 թվականին Մոսկվայում միջազգային ցուցադրությանը ներկայանալն էր, որտեղ նախկին ԽՍՀՄ-ի 15 հանրապետություններն էին ներկայացված, եւ ի պատիվ մեզ` ՀՀ ազգային ցուցասրահի նախապատրաստումը եւ ներկայացումը վստահվեց հենց ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարանին: Այդ ցուցադրությունն ավելի քան 200.000 այցելու ունեցավ, եւ անհամեստ թող չհնչի, այցելուներն ամենից արտահայտված տպավորությունը ստացել էին հենց մեր ցուցասրահից: Անգամ ավելին` քան ՌԴ-ի ցուցասրահից, էլ չհամեմատեմ մեր հարեւան թշնամի` Ադրբեջանի հետ, հատկապես ցցուն էր այն, որ մեր ցուցասրահում ներկայացված էին հայ մարշալների` Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովի անձնական իրեր, կիտելներ, զենքեր, իսկ ադրբեջանցիների մոտ` յափնջիներ եւ հայր ու որդի Ալիեւները: Այսինքն` անկախ իրենցից, ադրբեջանցիները նպաստեցին մեր ցուցասրահի առավել բարձր գնահատմանը:
«70 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՅՏ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԱՃՅՈՒՆՆԵՐ»
- Վերջերս էլ մեկնել էիք Աստանա ցուցադրության:
- ՌԴ նախագահի աշխատակազմի հովանու ներքո արդեն 7-րդ տարին է, կազմակերպվում է Հաղթողների միջազգային ֆորում, որին մասնակցում են նախկին Խորհրդային Միության 15 հանրապետություններից պատվիրակություններ: Շնորհակալությամբ պետք է նշեմ, որ արդեն 7-րդ տարին պատիվ ունեմ մեր հանրապետության պատվիրակության կազմում լինել, մասնակցել եւ Մայր Հայաստան զինվորական թանգարանը ներկայացնել նման հեղինակավոր միջազգային ֆորումում: Այս տարի այն տեղի ունեցավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որի ընթացքում հնարարավություն ընձեռվեց նախ ներկայացնել մեր ժողովրդի ունեցած կարեւոր եւ գնահատելի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում` սկսած շարքային կազմից մինչեւ փառապանծ մարշալները: Իսկ 2-րդը` ստեղծում ենք համապատասխան կապեր, ինչպես ԱՊՀ անդամ երկրների ռազմական թանգարանների, այնպես էլ` զոհվածների աճյունների փնտրումով զբաղվող հասարակական կառույցների, կազմակերպությունների հետ: Այն շատ կարեւոր նշանակություն ունի, հաշվի առնելով, որ Ռուսաստանի, Բելառուսի կամ Ուկրաինայի տարածքում, այդ աշխատանքների արդյունքում, 70 տարի անց հայտնաբերվում են զոհվածների աճյուններ, որոնք համարվել են անհայտ կորածներ: Լինում են նաեւ մեր հայրենակիցների եւ այդ կապերի շնորհիվ տեղեկատվությունը փոխանցվում է մեզ, մենք էլ փորձում ենք գտնել հարազատներին, որպեսզի իմանան, թե իրենց պապը որտեղ է թաղված:
«ՇՔԵՐԹՆԵՐՈՒՄ ԽՈՐԸ ԻՄԱՍՏ ԿԱ ԹԱՔՆՎԱԾ»
- Պարոն Հարությունյան, կարծես թե, շքերթների ավանդույթը գնալով վերանում է, բայց ամեն տարի մայիսի 9-ին ձեռնամուխ եք լինում այդ ավանդույթը պահպանել:
- Շքերթները` որպես երեւույթ, շատ կարեւոր նշանակություն ունեն: Շքերթն ինքնին շատ գեղեցիկ է` անգամ ոչ զինվորականի համար: Երբ տեսնում ես, թե ինչպես են զինվորականները համաչափ, զգաստ, գեղեցիկ եւ պատկառելի կեցվածքով, փառահեղ քայլում, անկախ քեզնից հպարտության զգացում է առաջանում, ուրախանում ես քո բանակի ու երկրի համար: Շքերթն ի վերջո նաեւ մեր դեմքն է ցույց տալիս, այն սոսկական շոու չէ: Գուցե որոշներն այն շոու համարեն, բայց դրա մեջ խորը իմաստ կա թաքցված: Այդ սկզբունքով, ինչպես նախորդ նաեւ այս տարի եւս, մայիսի 9-ը սկսվեց շքերթով, որին մասնակցեցին ինչպես ՀՀ զինված ուժերի պատվո պահակախումբը` համապատասխան այդ զորամասերից, կամ կուրսանտները, այնպես էլ` Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորական կազմի ներկայացուցիչները: Ինչպես միշտ, լինում է հայ-ռուսական համատեղ շքերթ, այն նաեւ ունի ռազմաքաղաքական նշանակություն` ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը: Ինչպես Հայրենական պատերազմում այդ հաղթանակը միասին ենք տարել, միասին ենք զրկանքներ կրել, հաղթանակով ոգեւորվել, այնպես էլ` Արցախյան ազատամարտում եւ Հայոց բանակի ներկայիս զինված ուժերի կայացման, զարգացման ու ամրապնդման գործում նույնպես կարեւոր դերակատարություն ունի հայ-ռուսական ռազմական համագործակցությունը:
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ
- Իսկ ի՞նչ կմաղթեք մեր հայրենակից վետերաններին:
- Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր բոլոր վետերաններին, ցավոք, նրանց շարքերը գնալով նոսրանում են: Ուզում եմ մաղթել, որ նրանցից շատերը կարողանան գոնե դիմավորել 100-ամյակը: Շնորհավորում եմ նաեւ մեր ազատամարտիկներին, զոհված տղաների ընտանիքներին, մեր բանակի բոլոր զինծառայողներին` խրամատում, առաջին գծում ծառայող շարքայինից մինչեւ գերագույն գլխավոր հրամանատար, եւ մաղթել, որպեսզի այսուհետ մեր հանրապետության օրացույցում հնարավորինս ավելի շատ լինեն հաղթանակի օրեր, եւ ոչ միայն մայիսը լինի հաղթանակի ամիս, այլեւ բոլոր ամիսները:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ