«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԱՆՑԱՎ ՖՐԱՆՍԻԱՑՈՒ ՀԵՏ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ». ՊԱՐԱԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՇԱՀԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Սպորտ
Վերջերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած պարաբազկամարտի Աշխարհի 26-րդ առաջնությանը փայլուն են հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչները նվաճելով 16 մեդալ, որից 9 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից, երկու ոտքերը կորցրած, Եվրոպայի բրոնզե մեդալակիր ՇԱՀԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Հանդես եկա 65 կգ քաշային կարգում։ Ինձ հաջողվեց հաղթել Ղազախստանի երկու ներկայացուցչի, ապա վրացի, ուկրաինացի, բուլղարացի ու ֆրանսիացի մրցակիցներիս։ Ամենադժվարը անցավ ֆրանսիացու հետ թեժ պայքարը։ Այս Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 64 երկրների ուժեղագույն մարզիկներ։ Բնական է, եթե Աշխարհի առաջնություն է, ապա այստեղ թույլ մարզիկներ չեն լինի։ Բավականին դժվար էր, բայց մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ եղավ արդյունքը այսպես, ինչի համար էլ շատ ուրախ եմ։ Ես ձախ ձեռքով նվաճել եմ արծաթե, իսկ աջով ոսկե մեդալ։ Շնորհակալ եմ անձնական մարզչիս Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանին և նախագահ Սարգիս Ստեփանյանին։ Կյանքում ինձ ամենաշատը օգնել են դժվարությունները, նրանք ինձ սովորեցրել են հաղթահարել։ Շնորհակալ եմ բոլորից, Ձեզանից ևս, իմ հայ ժողովրդից, զգում եմ բոլորից փոխանցվող ուժը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



