«ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐՈՒՄ 14։4 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՅՈՒՐԻԿ ՀՈՎԵՅԱՆ
Սպորտ
Վերջերս Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 /երիտասարդների /Աշխարհի առաջնությունում մեր ըմբիշները նվաճել են 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում մեր հավաքականը գրավել է չորրորդ հորիզոնականը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել է ու բացառիկ զրույց ունեցել բրոնզե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ՅՈՒՐԻԿ ՀՈՎԵՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- 63 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մեկնարկային գոտեմարտում 3։2 հաշվով հաղթեցի ազգությամբ հնդիկ մրցակցիս, ապա 9։1 հաշվով Ղազախստանի ներկայացուցչին։ Երրորդ գոտեմարտում 5։2 հաշվով հաղթեցի շվեդ մրցակցիս։ Ափսոս, կիսաեզրափակչում 3։2 հաշվով պարտվեցի ամերիկացի մրցակցիս։ Բրոնզե մեդալի համար թեժ պայքարում կարողացա 14։4 հաշվով հաղթել ազգությամբ թուրք մրցակցիս։ Ինձ մոտ շատ մեծ էր ցանկությունը բոլորին հաղթելու, ինձ ոսկե մեդալ նվաճելու համար խանգարեց իմ շտապողականությունը։ Հաջորդ անգամ կաշխատեմ հասնել ոսկե մեդալին։ Անկեղծ ասած, ամերիկացի մարզիկին պարտվելուց հետո այլևս ցանկություն չկար ինձ մոտ շարունակել ու պայքարել բրոնզե մեդալի համար։ Սակայն պայքարեցի ու հաղթեցի թուրք հակառակորդիս։ Չեմ կարող առանձնացնել, թե որ գոտեմարտը անցավ բարդ, քանի որ բոլորն էլ բարդ տրվեցին։ Պիտի արդեն պատրաստվեմ դեկտեմբերին կայանալիք մեծահասակների Հայաստանի առաջնությանը։Պարապմունքներս անցկացնում եմ Գյումրիի «Արթուր Ալեքսանյանի» անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցում։ Եղբայրս ևս զբաղվում է այս մարզաձևով, նա ինձանից է ոգեշնչվել ու պարապում է։
- Շնորհակալություն, Յուրիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շատ շնորհակալ, որ մշտապես մեզ պահում եք ուշադրության կենտրոնում և լուսաբանում մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




