Զարմանալի է՝ որքան կարող են ներկայիս ՀՀ իշխանությունները միաժամանակ լինել թե՛ սկզբունքային, թե՛ անսկզբունքային. Ղուկասյան
Ներքաղաքական
Լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում է այն լուրը, որ Հայաստանը կարող է արդիականացնել իր Су-30 ինքնաթիռները Հնդկաստանի օգնությամբ: Ինչպե՞ս թե: Ռուսական արտադրության ինքնաթիռները Հնդկաստա՞նն է արդիականացնելու: Առանց հնդիկ մասնագետների եւ նրանց պաշտպանական արդյունաբերության ունակությունները որեւէ կերպ հարցականի տակ դնելու, տրամաբանական հարց է առաջանում՝ «Որտե՞ղ է տրամաբանությունը»: Չէ՞ր լինի ավելի ճիշտ ու հեշտ՝ արդիականացման համար դիմել նրանց, ովքեր հենց արտադրել են այդ ինքնաթիռները:
Պարզաբանվում է, որ Հնդկաստանի հետ համագործակցությունը քննարկվում է այն բանից հետո, երբ Երեւանը հնդկական հրթիռային համակարգերի պատվեր է տվել: Այստեղ էլ ինքըստինքյան ավելի տրամաբանական որոշում է ակնկալվում՝ հրթիռային համակարգերը ձեռք բերել Су-30-ի արտադրող երկրից, եւ այդ դեպքում՝ արդիականացման կարիք էլ չէր լինի:
Սակայն, այստեղ Հայաստանի կառավարությունը դրսեւորեց անկոտրում սկզբունքայնությունը: Մեր իշխանությունները նշում են, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, հրաժարվել է անել քաղաքական հայտարարություններ, ուստի՝ մենք էլ նրա հետ այլեւս չենք համագործակցի ռազմատեխնիկական ոլորտում: Այս նպատակով Փաշինյանի թիմակիցներն ամիսներ շարունակ բողոքում էին, որ Ռուսաստանը իբր չի մատակարարում արդեն վճարված զենքը: Սակայն, վաղուց գաղտնիք չէ, որ հենց հայկական կողմն է, սեփական նախաձեռնությամբ, գրեթե ամբողջությամբ դադարեցրել կապերը ռուսական ռազմական գործընկերների հետ: Համաձայնեք, դժվար է համագործակցել մեկի հետ, ով չի ցանկանում շփվել: Դա նույնն է, թե պատվիրես ապրանքի առաքում եւ անջատես հեռախոսը, ապա դժգոհես, որ առաքիչը քեզ անձամբ չի փոխանցել ապրանքը:
Սա վերաբերում էր սկզբունքայնությանը: Իսկ հիմա մի փոքր անսկզբունքայնության մասին:
Վերջերս Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն առաջարկել է իր երկիրը որպես հարթակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Նա նշել է, որ Բուդապեշտը պահպանում է հավասարապես հարգալից հարաբերություններ Երեւանի եւ Բաքվի հետ:
Իհարկե Սիյարտոյի նախաձեռնությունը, գովելի է: Խաղաղության հաստատման ուղղությամբ ցանկացած քայլ ողջունելի է: Սակայն, եթե հիշենք հայ-հունգարական հարաբերությունների պատմությունը, իրավիճակը այնքան էլ պարզ չէ: Դիվանագիտական հարաբերությունները դադարեցվեցին 2012 թվականին՝ Երեւանի նախաձեռնությամբ, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայ սպանող Ռամիլ Սաֆարովին, ով ադրբեջանական իշխանությունների կողմից արժանացավ հերոսի կոչման:
Ինչ-որ մեկը կարող է առարկել, որ դա հին պատմություն է, եւ իրավիճակը փոխվել է: Սակայն, այս տարվա հուլիսին՝ ընդամենը երկու ամիս առաջ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մասնակցել է թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ Շուշիում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Եվ սա ոչ մի կերպ չի խանգարում Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցներին շարունակել զարգացնել հայ-հունգարական հարաբերությունները՝ անտեսելով այս փաստը: Դա հասկանալի է. ըստ Փաշինյանի՝ Շուշին «մռայլ քաղաք է», որը դեռ 2018 թվականին պետք էր ճանաչել որպես ադրբեջանական:
Հարց է առաջանում՝ լսե՞լ եք արդյոք Օրբանից, Սիյարտոյից կամ որեւէ այլ հունգարացի պաշտոնյայից ներողություն Հայաստանի հասցեին՝ ադրբեջանցի մարդասպանի արտահանձման համար: Լսե՞լ եք որեւէ քաղաքական գնահատական Բաքվի գործողությունների վերաբերյալ կամ դատապարտում՝ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների բռնազավթման համար: Ընդհակառակը, 2023-ի նոյեմբերին Իլհամ Ալիեւը ընդունեց Հունգարիայի վարչապետի շնորհավորանքները՝ Ադրբեջանի «հողերի ամբողջականության վերականգնման» կապակցությամբ: Թերեւս ավելորդ է հիշեցնել, որ դա տեղի ունեցավ երկու ամիս անց՝ հայերի Արցախից արտաքսումից հետո:
Ակնհայտ է, որ Փաշինյանի սկզբունքայնությունը բավականացնում է միայն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի համար. նա հպարտորեն հրաժարվում է համագործակցել, քանի դեռ նրանք չեն արել քաղաքական հայտարարություններ, ինչպես նաեւ Բելառուսի համար, որի հետ մեր վարչապետը հրաժարվել է շփվել՝ մինչեւ Լուկաշենկոն ներողություն չխնդրի:
Իսկ մյուս երկրները կարող են ազատորեն աջակցել Ադրբեջանին՝ ե՛ւ խոսքով, ե՛ւ գործով՝ առանց հաշվի առնելու Հայաստանի շահերը: Նիկոլը դա կհանդուրժի, քանի որ այդպիսով մեծանում է խոստումների թիվը՝ Հայաստանին Եվրոպայում տեղ տալու վերաբերյալ:
ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Քաղաքագետ