Արցախի անկախությունը նվաճվել է փշոտ ու արյունալի ճանապարհով, հիշում եմ հուղարկավորությունների ժամանակ ինչպես էին մայրերի հոգուց ճչոց արձակվում երջանիկ դառնալու մասին…
Հանդիպում
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Դրանից երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած ընտրություններում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:
Ի՞նչ զգացողություններ ունեն այսօր արցախահայ մեր հայրենակիցները, երբ երբեմնի անկախ Արցախում այսօր տեղակայված է թշնամին ու իր բանակը, արդյո՞ք յուրաքանչյուրն ի մեղքի բաժինը չի տեսնում, հարցը ուղղել ենք արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին, ով նկատեց.
- Մեղքի մի բաժինը ինձ է հասնում։ Գտնում եմ, որ Արցախի կորուստը ամեն մի հայի մեղքի արդյունքն է, առավելապես Արցախցիների, ովքեր հանդուրժել են ապիկարությունը, պետությունը որպես բիզնես միջավայր ձևավորված լինելու իրողությունը, հայրենիքի նկատմամբ ցուցաբերած անհոգությունը։ Հավատացեք, ամոթի խորը զգացողություն ունեմ, երբ հիշում եմ , թե ինչպես պղծվեց արյան սյուների վրա դրված հայրենիքը։ Խոսքը ամենևին միայն Արցախի իշխանությանը չի վերաբերում։ Գիտեք, մի անբացատրելի զգացողություն է ինձ նվաճում, երբ հիշում եմ փլատակների մեջ հայտնված Հայաստանին,պարփակած քաղցն, խավարն ու սառնամանիքը, իսկ մյուս կողմից՝ ազատ ու երջանիկ հայրենիք դնելու ժողովրդի խանդավառությունը։Այս ճանապարհը վերք ու վիշտ է ունեցել, բայց և այնպես բացահայտել է մեր ժողովրդի՝ հայրենիքի հանդեպ ունեցած սերը։ Դա հազարամյա կուտակված զգացողության պոռթկում էր։Ընդ որում՝ մեր ժողովրդի ամբողջ ներուժով։Մենք նույն ժողովուրդն ենք մնացել,պարզապես միայն չենք շտկել մեր ժողովրդի խոցելի վարքը։ Անհամեմատ ծառայել ենք ուրիշների, քան մեր հայրենիքին։ Ահա թե ինչու ճիշտ է ասված,վրիժառու է հայրենիքը, եթե չես սիրում նրան։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, գտնում եմ, որ մեր ժողովուրդը չի հաշտվել Արցախի կորստի հետ։ Ընդհանրապես, նման բան մտածել չեմ կարող։ Համաձայնվենք, որ հայրենիքը սրբազան ու անգերազանցելի արժեք է, նրան ոչինչ չի հավասարակշռում։ Համաձայնվենք նաև, որ այն ժողովուրդները , որոնք ընդունում են հայրենիքը որպես բարձրագույն արժեք, չեն պարտվում կամ, եթե պարտվում են, ապա վերստին կարողանում են հաղթել։ Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը կանգնի լուսեղենով այդ հարթակում։ Իսկ դրան հավատում եմ։ Եվ վերջապես, այսօր Արցախցիները, որոնք իրենց ուսերին ծանր բեռ են կրել և կրում են ,ամենևին երջանիկ չեն։Երջանիկ են նրանք, ովքեր ճակատագրի բերումով խուսափել են արդար դատաստանից, քանի որ նրանց տարթոտ պատկերը չի հանրայնացվել։ Ինչ էլ որ լինի, միևնույնն է, մենք ապրում ենք Արցախ վերադառնալու հույսով,անկախ նրանից, թե ինչ ուժեր են այնտեղ գտնվում։ Բայց այս անգամ խանդավառության հետ մեկտեղ, վրեժի զգացողությունն է առաջնորդելու։
- Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում մասնավորապես նշել է.«ուզում եմ ասել, որ ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել, ընդհակառակը, ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել և ողջունվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից»։ Որպես արցախցի կիսո՞ւմ եք այդ տեսակետը, եթե այո, ապա կոնկրետ որ շրջանակներն են եղել։
- Պարոն Փաշինյանի դիտարկումը աղճատուն է։ Եվ ընդհանրապես, Վարչապետը սովորաբար իր մեկնաբանությունների վեկտորները ուղղում է այլ ուղղություններով։ Փաստորեն նրա դատողություններում միակողմանիության վերաբերմունք եմ տեսնում։ Մի ասածվածք կա ,,Ուշ է ջրհոր փորելը, եթե կոկորդդ բոլորովին չորացել է ծարավից,,։Սակայն հանուն անկեղծության խոստովանենք, որ դրանում ճշմարտության ակնարկներ կան; Այո Արցախում կային ուժեր, որոնք ներհակ իրավիճակ են ստեղծել։ Նրանց մոտ համախմբումը անհրաժեշտություն չուներ։ Խեղճ ժողովրդին խճողել էին անորոշության մեջ, չգիտեին, թե որն է կարևորն ու առաջնայինը։ Այն, որ նախագահը գտնվում էր հակադրված վիճակում տարբեր ուժերի հետ, ակնհայտ էր։ Իսկ նախագահին փառավորելը պարզապես հիմարություն է։ Հիշենք, թե նա ինչպես էր հուսալքում իր հայտարարություններով ժողովրդին։ Պատճառներից հենց մեկն էլ դա էր, որ Արցախը դատարկված էր։ Նա նման էր մի զորավարի, ում սրտում իշխում էր վախը։ Վճռական լինելու հատկությունը լիովին բացակայում էր նրա մոտ։ Մշտապես ստելու միջոցով փորձում էր խուսափել պատասխանատու որոշումներից։ Նրան բազմիցս անգամ գիտուն և փորձառու մարդիկ զգուշացրել են հեռանկարում ցավալի ճակատագիր վրա հասնելու մասին։ Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի լուծարման մասին Վարչապետը չի ստորագրել , ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել և ողջունվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից», ամենևին չեմ խոնարհվում այդ ուժերի առջև , այլ ընդհակառակը զայրութ ունեմ նրանց հանդեպ, նմանապես վարչապետի առջև ,որի գալստին հպարտության և ոգևորության զգացողություն եմ ունեցել։ Պարոն Փաշինյանին պետք է հիշեցնել, որ ինքը չէ մեր ժողովրդի իմաստնությունը խորհրդանշում։ Հարգանքի արժանի է առավելագույն ջանքերով ու անվախ զբաղվել հայրենիքի անվտանգության հոգսերով , քան առանց այն էլ, տրոհված հասարակական միջավայրի խորացումով։ Արցախցին դրա հետևանքը տեսել է և ներկայումս այդ պտուղները ցավալիորեն կրում է։ Իսկ թե ինչ շրջանակներ են եղել, ապա անթաքույց նշեմ, նրանք, ովքեր չեն ցանկացել հին նախագահին և ողջունել են նոր նախագահին, որին ընտրել են սահմանադրական փոփոխությունների անթույլատրելի հնարքներով։
-Եվ վերջում...
-Վերջում անկախության օրվա առթիվ, սաստիկ ցավի ապրումներով բոլորիս շնորհավորում եմ; Այն ձեռք է բերվել ամեն մի հայի ջանքերի շնորհիվ։ Արցախի անկախությունը հայ ժողովրդի պանծալի էջերից մեկն է, որին դեռևս շատ անգամներ են մեր սերունդները անդրադառնալու։ Արցախի անկախությունը նվաճվել է փշոտ ու արյունալի ճանապարհով։ Սակայն , երբեք որևէ հայի սրտին ցավ չի պատճառվել, ինչքան էլ այն խոր կսկիծ է ունեցել։ Ընդհակառակը մարդիկ հպարտ են դարձել։ Հիշում եմ , հուղարկավորությունների ժամանակ ինչպես էին մայրերի հոգուց ճչոց արձակվում երջանիկ դառնալու մասին։ Հիշում եմ, թե ինչպես էր մի խորոտիկ հարսիկ աճյունի առջև հոգու անսքող մտքով երդվում նվիրյալ լինել։ Այս և շատ հոգեկիզիչ դեպքեր շատ ու շատ են եղել։ Բայց և այնպես, մենք գիտեինք, որ անկախությունը սոսկ միջոց էր հայրենիքին վերամիավորվելու համար։ Այդուհանդերձ, անկախության արժեքում մի ողջ աշխարհի չափ հպարտություն կա, ինչի կապակցությամբ շնորհավորելով , ափսոսանքի ապրումներ եմ ունենում։
Եվ վերջում շնորհակալությունս եմ հայտնում «Իրավունք» թերթի խմբագրությանը։Հատակապես տիկին Իլոնա Ազարյանին։ Շնորհավորում եմ։ Հաղթում են այն ժողովուրդները , ովքեր սիրում են հայրենիքը։