Կամո Ունանյանը կմասնակցի «FightNights Global» 124-րդ MMA-ի մրցաշարին
Լուսանկարներ
Օգոստոսի 23-ին Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա համաշխարհային ամենախոշոր կազմակերպություններից մեկի՝ «FightNights Global» 124-րդ MMA-ի մրցաշարը: Այդ մենամարտում կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը կմենամարտի ուզբեկ մարզիկ Բակջան Ալիբեկովի հետ: Մրցաշարից առաջ` Հայաստանի կարատեի միության լրատվականը Կամո Ունանյանի հետ զրուցել է իր ֆիզիկական պատրաստվածության և հակառակորդի հնարավորությունների մասին։
- Վերջին մենամարտի ժամանակ ձախ ձեռքի բավականին լուրջ վնասվածք էիք ստացել, արդեն ապաքինվե՞լ է Ձեր ձեռքը և հիմա ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:
- Ձեռքի վնասվածքից հետո ժամանակ չեմ կորցրել և պատրաստվել եմ օգոստոսի 23-ին կայանալիք մենամարտին: Ձեռքս լիովին չի ապաքինվել, քանի որ դրա համար երկար ժամանակ է հարկավոր: Բայց դա կարևոր չէ, ուշադրությունս չեմ կենտրոնացնում, որ ունեմ թե՛ ձեռքի, թե՛ մեջքի վնասվածք, ամբողջությամբ գնալու եմ հաղթանակի հետևից: Ամեն դեպքում մրցաշարից առաջ այս պահին գտնվում եմ լավ մարզավիճակում:
- Կամո, բավականին փորձառու և լուրջ մրցակից ունեք, արդյո՞ք ուսումնասիրել եք հակառակորդի սպորտային կարիերան։
- Բակջան Ալիբեկովն ազգությամբ ուզբեկ մարզիկ է, որն ապրում և մարզվում է Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում: Նա մարզվում է տեղի պրոֆեսիոնալ ակումբում, որտեղ մարզվում են նաև բավականին լուրջ մարզիկներ: Փորձառու մարզիկ է, որն ունի 7 հաղթանակ և 6 պարտություն: Ամեն դեպքում, ամեն ինչ անելու եմ, որ այս մարտն էլ վաղաժամ ավարտեմ հաղթանակով:
- Ձեր վերջին մենամարտում նվաճեցիք WKN վարկածի MixFight-ի գոտին: Այդ հաղթանակը ի՞նչ տվեց Ձեզ և ի՞նչ փոխեց այն Ձեր սպորտային կարիերայում:
- Այն մեծացրել է պատասխանատվությունն իմ կարիերայի հանդեպ: Արդեն գրանցել եմ իմ ռեկորդը MMA մարզաձևում՝ 7 հաղթանակ և ոչ մի պարտություն, ու այս ամենին հաջորդեց WKN վարկածով գոտու նվաճումը, դրա համար ձախողելու իրավունք չունեմ:
- Մենամարտերով հագեցած գրաֆիկով հասցնում ե՞ք հանգստանալ:
- Հանգստի ժամանակ չունեմ, քանի որ այս մրցաշարին հաջորդելու է կարատեի խոշոր երկու մրցաշար, որոնց նույնպես պետք է լինեմ լավ մարզավիճակում և նույնպես պետք է ամեն ինչ անեմ հաղթանակի համար:



