«ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ, ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ԴԱԺԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ
Սպորտ
Վերջերս Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացել է Խառը մենամարտերի Mix FIGHT 56 միջազգային մրցաշարը։ Այն բաղկացած էր սիրողական և պրոֆեսիոնալ մենամարտերից։ Անցկացվել է 12 պրոֆեսիոնալ մենամարտեր, որին մասնակցել են 24 մարզիկներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Լիբանանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից։ Այս մրցաշարում հաղթանակ է տոնել խառը մենամարտերի /MMA /պրոֆեսիոնալ մարզիկ, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի մասնակից, ծնունդով Շիրակի մարզի Բյուրակն գյուղից ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել է Հովհաննեսի հետ ու բացառիկ զրույց ունեցել։
- Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 63 կգ քաշային կարգում։ Մրցակիցս Ղրղզստանի ներկայացուցիչն էր, բավականին ուժեղ մարզիկ էր։ Մենամարտի հենց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեցի նրան ու հաղթեցի։ Հաղթանակս նվիրում եմ մեր հայ ժողովրդին, բոլոր զինվորներին։ Շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին, և արդյունքը շատ գոհացուցիչ է։ Սա վարկանիշային, միջազգային մրցաշար էր։ Այս հաղթանակով ես ստացա հնարավորություն մասնակցելու արդեն Mixfigt 57-ին։ Ես իմ հաղթանակից հետո, ռինգում առաջարկել եմ Mixfigt ֆեդերացիայի նախագահ Վարդան Մնացականյանին, որ հաջորդ մրցաշարը կայանա Գյումրու «Սև բերդ» ամրոցում, որպեսզի չկենտրոնանանք միայն Երևանի վրա, այլ մարզերում ևս մարզական կյանքը լինի ակտիվ, ի վերջո, Գյումրին համարվում է նաև սպորտի դարբնոց։
- Հովհաննես, ինչ ես մտածում այն պահին, երբ ռինգ ես դուրս գալիս։
- Նախ մտածում եմ, որ անվնաս մենամարտ կարողանամ անցկացնել, հետո մտածում եմ հաղթանակի մասին։ Նշեմ, որ սա պրոֆեսիոնալ ռինգում իմ հինգերորդ հաղթանակն էր։
- Որևէ հիշարժան մենամարտ կարող ես մտաբերել։
- Ես պարապել եմ նաև մուայթայով ու բռնցքամարտով։ Մի անգամ մուայթայի միջազգային մրցաշարի ժամանակ, որը կայացավ ՌԴ-ում, հաղթել եմ ադրբեջանցի մրցակցի, բռնցքամարտով ևս հաղթեցի մեկ այլ ադրբեջանցու։
- Հովհաննես, տեղյակ եմ, որ մասնակցել ես նաև 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմին։
- Հենց պատերազմի առաջին օրվանից սեպտեմբերի 27-ից կամավոր մեկնել եմ ռազմաճակատ, Շուշիում եմ եղել, հրետանավոր էի, ցավոք, շատ զոհեր ու վիրավորներ ունեցանք ու այժմ էլ ամբողջ Արցախն ենք կորցրել։ Մինչև պատերազմի վերջին օրը նոյեմբերի 9-ը եղել եմ Արցախում։ Դրանից հետո էլ մասնակցել եմ Ջերմուկի ու Կարմիր գյուղի ինքնապաշտպանական թեժ մարտերին։
- Շնորհակալություն, Հովհաննես, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




