«ՇԱՏ ՈՒՐԱԽԱՑԱ, ԵՐԲ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՂԹԵԼ ԹՈՒՐՔ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՆՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Սպորտ
Հուլիսի 20-25-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայացել է IPSU վարկածով պաուերլիֆթինգի /ուժային եռամարտ /Սևծովյան երկրների գավաթի խաղարկությունը, որտեղ հանդես է եկել Հայաստանի պաուերլիֆթինգի հավաքականը։ Մեր հավաքականը ընդհանուր /պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ /նվաճել են 17 մեդալ, որից 12 ոսկե, 3 արծաթե ու 2 բրոնզե։ Արդյունքում, մեր հավաքականը գրավել է թիմային առաջին հորիզոնականը։ Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ պարոն ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԸ, Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում ներկայացրեց այս մրցաշարի հաղթողներին ու մրցանակակիրներին.
- Ես շատ գոհ եմ մեր մարզիկներից, քանի որ գերազանց արդյունք ցուցաբերեցին 12 ոսկե մեդալ, ուղղակի փայլուն արդյունք եմ համարում։ Ձգում վարժությունում մեծահասակների կազմում Աշխարհի երեք ռեկորդ սահմանեց գյումրեցի անվանի մարզիկ Մակար Թամրազյանը։ Պառկած սեղմում վարժությունում, բացարձակ հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրեց Աշոտ Անտոնյանը, ձգում վարժության բացարձակ մրցապայքարում երկրորդ տեղը գրավեց Էջմիածնեցի Լաբեր Գրիգորյանը, իսկ Գևորգ Կարապետյանը հաղթեց իր քաշային կարգի բոլոր վարժություններում։ Ես, որպես ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ, բարձր եմ գնահատում մեր թիմի աշխատանքը։ Նշեմ, որ հաջորդ միջազգային մրցաշարը կլինի արդեն օգոստոսի 29-31-ը օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ - ի Այդահո նահանգում, Աշխարհի առաջնությունը։ Ես լիահույս եմ, որ էլ ավելի լավ մասնակցություն կլինի։ Իսկ ահա ոսկե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Հանդես եկա 100 կգ քաշային կարգում։ Հաղթեցի իմ քաշային կարգի բոլոր մրցակիցներին բոլոր վարժություններում /սեղմում հենարանից, ձգում, պառկած սեղմում /։ Հաղթեցի ազգությամբ ուկրաինացի, թուրք, ադրբեջանցի, հույն, վրացի ու հնդիկ մրցակիցներիս։ Ամենադժվարը անցավ Վրաստանի ներկայացուցչի հետ թեժ պայքարում։ Շատ ուրախացա, ու հպարտության զգացողություններ առաջացան ինձ մոտ, երբ կարողացա հաղթել նաև թուրք և ադրբեջանցի մրցակիցներիս, քանի որ դա պատվի հարց էր։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ժողովրդին, մեր բոլոր զինվորներին։ Պիտի պատրաստվեմ արդեն ԱՄՆ - ում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ 13 տարի է, ինչ պարապում եմ այս մարզաձևով ուժային եռամարտով, Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, Երևանում կայացած ստրոնգմեն միջազգային մրցաշարի հաղթող։ Նշեմ, որ այս մարզաձևը մեր երկրում զարգացող մարզաձև է, շատերն են պարապում այս մարզաձևով, նկատվում է մեծ առաջընթաց։
- Շնորհակալություն, Գևորգ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






