Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի իտալական «Միլանում»։
Իսպանիայի հավաքականի ավագն իտալական ակումբի հետ կկնքի մեկ տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ «Միլանում» 31-ամյա ֆուտբոլիստը կխաղա «7» համարի մարզաշապիկով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մորատայի տրանսֆերի արժեքը կկազմի 13 միլիոն եվրո։
Իսպանացի հարձակվողը 2019 թվականից էր հանդես գալիս «Աթլետիկոյում», որի կազմում անցկացրած 154 խաղում խփել է 58 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Կարիերայի ընթացքում Մորատան խաղացել է նաև Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում» ու Լոնդոնի «Չելսիում»։ Իսպանիայի հավաքականում նա անցկացրել է 80 հանդիպում, խփել 36 գոլ, իսկ այս ամիս դարձել էր Եվրոպայի չեմպիոն։