Սամանտա Փաուերի երեւանյան հեքիաթները
Տնտեսություն
Ինչքան էլ որ Արեւմուտքը փորձում է լիակատար վերահսկողության տակ պահել Հայաստանին՝ վերջնականապես այստեղից դուրս մղելով Ռուսաստանին, սակայն կա մեկ էական խնդիր, որն ԱՄՆ-ի համար անլուծելի է: Դա Հայաստանի՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների ահռելի տարբերությունն է, որը բոլորից էլ առաջ սեփական մաշկի վրա են զգում հայաստանյան արտադրողները:
Այսպիսով, հայաստանյան մեծ, փոքր տնտեսվարողները, անգամ սեփական «մի թիզ» տարածքի վրա պտուղ-բանջարեղեն աճեցնող գյուղացիները, «խոպանչիները» եւ այլն, պարզ հասկանում են, թե ինչ կոնկրետ ֆինանսական ֆիասկո է սպասում իրենց, եթե դադարեցվի Ռուսաստանի հետ ներկա կապերը: Արդյունքում, անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի Արեւմուտքի կամ ռուսների հանդեպ, այս մի գործոնը բավական է, որ բառացիորեն մղձավանջային վիճակում հայտնվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների դադարեցումից: Ասենք, այս տրամաբանությամբ պետք է բացատրել նաեւ այն, որ Նիկոլյան ռեժիմը, որքան էլ խոսում է ՀԱՊԿ-ի գործունեությանը չմասնակցելու մասին, սակայն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասով ծայրահեղ զգուշություն է պահպանում:
Այս օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը, իհարկե, շատերից լավ է ասվածը գիտակցում: Մյուս կողմից, նա ամերիկյան հենց այն պաշտոնյաներից է, ով պետք է զբաղվեր այս կարգի խնդիրների լուծմամբ: Եվ ահա տիկին Սամանտան նախօրեին ունեցած ճեպազրույցում փորձեց համոզել, թե իրականում հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների թեման այդքան էլ մռայլ չէ եւ գնալով ավելի է լուսավորվում: Նրա խոսքով՝ ՀՀ-ԱՄՆ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին առնվազն եռապատկվել է. «Եթե 2020 թվականին այս թիվը կազմում էր 96 միլիոն դոլար, ապա 2023 թվականին այն կազմել է 321 միլիոն դոլար։ Այս տեմպերը կարող են արագանալ։ Մենք Հայաստանին աջակցելուց անցնում ենք Հայաստանի հետ առեւտրի: Մենք Հայաստանի կառավարությանն օգնել ենք բարելավելու ներդրումների հնարավորությունները ներմուծման եւ արտահանման ոլորտում, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Բացի այդ, մենք աշխատում ենք խրախուսել տեղական սննդամթերքի արտադրությունը, ներառյալ հայկական կլիմայական պայմաններին համապատասխան հացահատիկային կուլտուրաների մշակումը»:
Այդպե՞ս է իրականում: Փաստն այն է, որ տիկին Փաուերը պարզապես թվերին չի տիրապետում. ամեն դեպքում, հայաստանյան պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ պատկեր է ֆիքսում: Հայ-ամերիկյան առեւտուրն իրականում 2019թ.-ին շատ ավելի մեծ էր՝ մոտ 412 միլիոն դոլար: 2023թ.-ին՝ մոտ 885 միլիոն, այսինքն՝ լավագույն դեպքում կրկնապատկվել է: Դա էլ է հրաշալի, միայն թե այստեղ միանգամից մի քանի բայց կա:
Հայաստանին օգնելու համար շատ ավելի կարեւորը է, որ ամերիկյան շուկաները բաց լինեն հայաստանյան ապրանքների առաջ. հենց արտահանելը, այլ ոչ ներմուծելը կարող է մեր երկրին ռեալ օգուտ տալ: Բայց ահա, հայաստանյան վիճակագրությունն այսպիսի պատկեր է ներկայացնում: 2019թ.-ին Հայաստանից ԱՄՆ արտահանումը կազմել է 53,9 միլիոն դոլար, 2020-ին` 67.8 միլիոն, մեկ տարի անց՝ 2021-ին մոտ 81.9 միլիոն, ապա՝ մոտ 78.3 եւ տիկին Սամանտայի այդքան գովերգած 2023թ.-ին՝ մոտ 48,5 միլիոն: Այսինքն, 2019թ.-ի համեմատ ոչ միայն չի կրկնապատկվել-եռապատկվել, այլ մի բան էլ էապես նվազել է: Շատ ավելի մեծ չափով էլ նվազել է այս տարիների համար պիկային 2023թ.-ի համեմատ՝ 81,9 միլիոնից՝ 48,5 միլիոն: Կարճ ասած, ամերիկյան շուկան Հայաստանի առաջ միայն փակվում է, անկախ տիկին Սամանտայի գեղեցիկ ճառերից:
Եվ բնական է, որ փոխադարձ առեւտուրը, ինչպես նշեցինք, 2019թ.-ի համեմատ 2023թ.-ին ավելի քան կրկնապատկվել է ԱՄՆ-ից Հայաստան ներմուծման հաշվին, իսկ ամեն մի ներմուծում ոչ թե օգուտ, այլ հարված է մեր տնտեսությանը: Այն է՝ 2019թ.-ի մոտ 358 միլիոնի փոխարեն 2023թ.-ին այդ թիվը կազմել է մոտ 836 միլիոն:
Բայց, թերեւս, սխալվեցինք, ասելով, որ ԱՄՆ-ից ներմուծման նման աճը մեծ հարված է հայաստանյան տնտեսությանը: Իրականում, ամեն ինչ խոսում է այն մասին, որ այստեղ մեկ այլ տրյուկի հետ գործ ունենք: Բայց մինչ այդ, տիկին Սամանտայի հիշատակված թվաբանությանն այլ կողմից մոտենանք:
Այսպես, ի տարբերություն ԱՄՆ-ի, անգամ 2019թ.-ին դեպի Ռուսաստան հայաստանյան արտահանումը շատ ավելի պատկառելի թիվ էր՝ մոտ 742.6 միլիոն դոլար՝ մոտ 14 անգամ ավել դեպի ԱՄՆ արտահանումից: 2020թ.-ին դեպի ՌԴ ունեցել ենք 676 միլիոնի արտահանում, 2021թ.-ին՝ 847, 2022թ.-ին՝ մոտ 2,5 միլիարդ եւ 2023թ.-ին՝ մոտ 3,4 միլիարդ դոլարի. 2019թ. համեմատ աճել է մոտ 5 անգամ: Էլ չասած, որ ծիծաղելի է համեմատել 2023թ.-ի այդ 3,4 միլիարդը դեպի ԱՄՆ 48,5 միլիոն արտահանման հետ:
Զուգահեռաբար, բնական է, էապես ավելացել է նաեւ ՌԴ-ից ներմուծումը, այսպես, 2019թ.-ին ՌԴ-ից մոտ 1,65 միլիարդի փոխարեն 2023թ.-ին ներմուծումը հասել է մոտ 4 միլիարդի: Այսինքն, դժվար չէ հաշվել, թե փոխադարձ առեւտուրն ինչ աճ է ունեցել, եւ դա ինչ համեմատության մեջ է ԱՄՆ-ի հետ նույն ցուցանիշի հետ:
Եվ այստեղ եւս մեկ նյուանս կա՝ իսկ ինչո՞վ է բացատրվում Հայաստան ԱՄՆ-ից ներմուծման այն բավականին մեծ աճը, որը 2023թ.-ին, կրկնենք, հասել է մոտ 836 միլիոնի: Դա այն ցուցանիշն է, որի դեպքում հայաստանյան շուկաներում ամերիկյան ապրանքների տեսանելի առատություն պետք է լիներ, որը, սակայն չկա: Իրականում ամեն բան շատ պարզ է. փաստը, որ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության նման աճը բացատրվում է Հայաստան- ՌԴ գնացող-եկող ապրանքների համար «միջանկյալ բազա» դառնալու հանգամանքով, նոր բան չէ: Ընդ որում, դժվար չէ կռահել, որ ՌԴ-ի համար արգելված ամերիկյան շատ ապրանքներ եւս այդ տարբերակով՝ Հայաստանով հասնում են ռուսական շուկա: Իսկ դա նշանակում է, որ իրականում հայ-ամերիկյան փոխադարձ առեւտրի որեւէ աճ գոյություն չունի. հսկայական անկում է Հայաստանից ԱՄՆ արտահանման գծով, լավագույն դեպքում աճի զրոյական մակարդակ ունի նաեւ ԱՄՆ-ից ներմուծումը: Մնացածը թվաբանություն է, ուրիշ ոչինչ:
Այսինքն, տնտեսական առումով ԱՄՆ-ը Հայաստանի զարգացման համար իրականում բացարձակապես մատը մատին չի տալիս: Իսկ տիկին Սամանտան հեքիաթներ է պատմում, որը բացառապես ՌԴ-ի ազդեցության գործոնն է: