«Mixfight 56»-ում Կամո Ունանյանը կմենամարտի գլխավոր տիտղոսի համար
Սպորտ
Հուլիսի 14-ին «Միկա» մարզահամալիրում տեղի կունենա «Mixfight 56» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը։ Այս անգամ մրցաշարի գլխավոր մենամարտը կընթանա WKN վարկածի գոտու համար։ Այդ մենամարտում կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում 6/0 ռեկորդակիր, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը կմրցի քիքբոքսինգի Ասիայի և աշխարհի չեմպիոն Այդին Մորտեզայի հետ։ Մրցաշարից առաջ Կամո Ունանյանի հետ զրուցել ենք իր ֆիզիկական պատրաստվածության և հակառակորդի հնարավորությունների մասին։
- Բոլորովին վերջերս Գերմանիայում տարած հաղթանակից հետո ասել էիք, որ արդեն ուզում եք լրջորեն զբաղվել միայն MMA սպորտաձևով։ Հուլիսի 14-ին կայանալիք մրցաշարում կլինի Ձեր 7-րդ մենամարտը այս սպորտաձևում։ Ի՞նչ մարզավիճակում եք գտնվում։
- Չնայած, որ ես ունեի լուրջ վնասվածք, որի պատճառով կարող էի չմասնակցել այս մրցաշարին։ Թեպետ, դեռևս լիարժեք չեմ կազդուրվել, բայց «Mixfight»-ի այս մենամարտից հրաժարվել չեմ կարող, քանի որ այն չեմպիոնական տիտղոսի համար մենամարտ է։ Ասեմ, որ այս մենամարտին սկսել եմ նախապատրաստվել դեռևս մայիս ամսից։ Իսկ հունիսի 2-ին նույնիսկ մեկնեցի Դուբայ և այնտեղ երկու շաբաթ շարունակեցի իմ մարզումները։
- Կամո, բավականին լուրջ մրցակից ունեք, արդյո՞ք ուսումնասիրելե եք հակառակորդի սպորտային կարիերան։
- Մրցակցիս ով լինելու մասին տեղեկացել եմ մի քանի օր առաջ։ Դրանից հետո ուսումնասիրեցի, դիտեցի նրա մարտերը և իմանալով նրա մարտերի արդյունքների մասին, հասկացա, որ բավականին լուրջ ու վտանգավոր մրցակից է։ Բայց, ինձ համար տարբերություն չկա, թե ով կլինի, կարևորը ես հոգեպես պատրաստ եմ և ամեն ինչ անում եմ, որպեսզի ֆիզիկապես էլ պատրաստ լինեմ այս մարտին։ Վստահ եմ, որ իմ հաղթանակով կուրախացնեմ իմ հարազատների, իմ ընկերներին և հայրենակիցներին։
- Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա և Դուք նվաճեք այս գոտին, հետաքրքիր է հաջորդ քայլը ո՞րն է լինելու։
- Ասեմ որ օգոստոսի 23-ին տեղի է ունենալու Հայաստանում ամենախոշոր կազմակերպություններից մեկի՝«FightNights»-ի մրցաշարը։ Եթե հուլիսի 14-ին լուրջ վնասվածք չստանամ, ապա նախնական պայմանավորվածության համաձայն կմասնակցեմ այդ մրցաշարին։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Կամո Ունանյանը MMA մարզաձևում կունենա իր 7-րդ մենամարտը։ Իսկ մինչ այդ ունեցած 6 մրցաշարերում Կամոն մրցակիցների հանդեպ վստահորեն գրանցել է 6 հաղթանակ և ոչ մի պարտություն։
Այս մենամարտում Կամո Ունանյանի գործընկերն է «Շելբի» տուրը, որի տնօրեն Հարութ Համբարձումյանը պատիվ է համարում աջակցել հայկական սպորտին. «Մեծ պատվով և ուրախությամբ ենք առաջարկել, որպեսզի այս մրցաշարում լինենք Կամոյի գործընկերը։ Անհերքելի փաստ է, որ երկար տարիներ Կամոն և՛ կարատե սպորտաձևում, և՛ MMA վարկածում մշտապես հաղթանակներ է գրանցում և բարձր է պահում մեր եռագույնը»,- շեշտում է Հ. Համբարձումյանը։
Կամո Ունանյանի խոսքով, այս մենամարտում իր գործընկերը դառնալու «Շելբի տուրի» կողմից առաջարկը սիրով է ընդունել. «Հարութն իմ ընկերն է, և ես մեծ ուրախությամբ եմ համաձայնել նրա առաջարկին ու իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեմ, որպեսզի այս մենամարտում ևս հաղթանակ գրանցեմ»։

