«Համլետ»-ի ամեն մի նախադասությունը, կարծես, հենց այսօրվա մասին է. առաջնախաղ՝ Դրամատիկական թատրոնում
Մշակութային![«Համլետ»-ի ամեն մի նախադասությունը, կարծես, հենց այսօրվա մասին է. առաջնախաղ՝ Դրամատիկական թատրոնում](/timthumb.php?src=disc/28-06-24/79961e30cb82eaf7df26bf6b1710d3ce.jpg&w=780)
Յուրօրինակ ռեժիսուրական լուծումներ, ճապոնական երաժշտություն, հույզեր եւ մեր օրերի համար կարեւոր բարձրաձայնված մտքեր… Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Համլետ»-ի առաջնախաղը` Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ:
«ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼ ԳԵՐՏՐՈՒԴ` ԻՆՁ ՀԱՄԱՐ Ե՛Վ ՍՊԱՍՎԱԾ ԷՐ, Ե՛Վ ՆԱԵՒ ՄԻ ՔԻՉ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ՊԵՍ Է»
ՀՀ վաստակավոր արտիստ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ մարմնավորում է Համլետի մոր` թագուհի Գերտրուդի կերպարը: Շեքսպիրյան մի շարք հերոսների կերպարներ մարմնավորած դերասանուհին «Իրավունք»-ի հետ զրույցում անկեղծացավ, որ բավական երկար ժամանակ է անցել, որ նորից վերադարձել է Շեքսպիրին:
— Այս բավականին երկար ժամանակի ընթացքում թե՛ ես եմ փոխվել, թե՛ իմ մարդկային ընկալումներն են փոխվել: Հետեւաբար, հիմա մարմնավորել Գերտրուդ` առավել քան ինձ համար ե՛ւ սպասված էր, ե՛ւ նաեւ մի քիչ մարտահրավերի պես է:
— Ներկայացման մեջ Ձեր որդուն` Համլետին, մարմնավորում է դերասանուհի Լիդիա Գրիգորյանը: Մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս չէ՞:
— Ինչ վերաբերում է Համլետի կերպարը մարմնավորողի սեռին, ես վաղուց մոռացել եմ, որ աղջիկ է խաղում: Մենք ներկայացման փորձերի այս ութ ամիսների ընթացքում այնքան ենք հետեւել Համլետի գաղափարին, որ այդ գաղափարն, ըստ իս, սեռ չունի: Երբ բեմ բարձրանում վաղուց արդեն չեմ զգում, որ իմ դիմաց կանգնած որդիս Լիդիան է: Ես նրան տեսնում եմ, որպես հենց Համլետ: Ես նրան կարեկցում եմ, շատ սիրում եմ եւ հասկանում եմ, որ նրա հանդեպ իմ կերպարի` Գերտրուդի տածած վերաբերմունքի պակասից է, որ տեղի են ունենում անդառնալի հետեւանքներ: Գերտրուդը, որպես կին, տուրք տալով իր թուլություններին եւ գնալով դրանց հետեւից` կործանում է երկիրը, որովհետեւ կործանվում է այն հրաշք մարդը, այն ազնվագույն տեսակը, որը հենց Համլետն է, ում մարմնավորում է աշխատասեր եւ տաղանդաշատ Լիդիա Գրիգորյանը:
«ՊՈԼՈՆԻՈՒՍԸ ԿԳԲ-Ի ՊԵՏՆ Է` ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԻ, ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՏԵՂՅԱԿ Է»
Իսկ դերասան ՎԻԼԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ կյանքում «Համլետ»-ն առաջին շեքսպիրյան ներկայացումն է, որտեղ նա մարմնավորում է մեծ սենեկապետ Պոլոնիուսին` Օֆելյայի հորը:
— Իրականում Շեքսպիրի հետ հաճելի է աշխատել: Ես չէ, որ պետք է ասեմ, բայց անսահման խորը եւ բազմաշերտ հեղինակ է: Առաջին անգամ եմ առնչվում Շեքսպիրի հետ` մարմնավորելով նրա հերոսներից մեկին: Եվ պետք է ասեմ, որ ինչ էլ անի դերասանը` շեքսպիրյան իր դերում, ընդամենն իր մասնավոր մոտեցումն է դերին, որովհետեւ իսկապես Շեքսպիրը բազմաբովանդակ է:
— Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր կերտած հերոսին` մեծ սենեկապետ Պոլոնիուսին:
— Պոլոնիուսը բանիմաց մարդ է, այսպես ասած` ԿԳԲ-ի պետն է (ծիծաղում է, - հեղինակ): Նա ամեն ինչ գիտի, ամեն ինչից տեղյակ է: Սովորաբար, Պոլոնիուսին շատերը դիտարկում են` որպես ավելի խամաճիկային, ինչ-որ ծիծաղելի անձնավորության, բայց մենք` ռեժիսորի հետ հակառակ կողմից ենք մոտեցել` մեր Պոլոնիուսը ավելի լուրջ է, ավելի մտածող,ամեն ինչ կառավարող եւ ամեն ինչից քաջատեղյակ: Դրա համար, երբ նա մահանում է, ավելի ճիշտ` իրեն սպանում են, ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Ափսոս, որ ինձ սպանում են (կրկին կատակում է, - հեղինակ):
— Հանդիսատեսի աչքին բավական անսովոր էր տեսնել Համլետի կերպարում Լիդա Գրիգորյանին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Համենայնդեպս, ինձ համար բացարձակ անսովոր չէ: Սա թատրոն է, ամեն ինչ էլ հնարավոր է: Որպես պայմանականություն ենք մոտենում այդ ամենին: Համոզված եմ, որ լավագույնս ենք ներկայացել հանդիսատեսին: Ինձ համար այս ներկայացումը շատ կարեւոր է, որովհետեւ Դրամատիկական թատրոնի բեմում իմ առաջին ներկայացումն է եւ առաջին անգամ Շեքսպիր եմ խաղում: Հաճելի է, շնորհակալ եմ վստահության համար, շնորհակալ եմ` ռեժիսորին:
«ՈՒԶՈՒՄ ԷԻ ՄԻ ՓՈՔՐ ՈՒՐԻՇ ՕՖԵԼՅԱ ԼԻՆԵԼ, ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ԸՄԲՈՍՏ»
Օֆելիայի կերպարը վստահվել է դերասանուհի ԴԻԱՆԱ ՄԱԼԵՆԿՈՅԻՆ: Նա մեզ հետ զրույցում նախ խոսեց իր կերտած հերոսուհու մասին:
— Երբ դերաբաշխում եղավ, ու այս դերը ստացա, առաջինը հենց այն գիտակցումն էր, որ սա մեծ բեռ է` նկատի ունենալով, որ Օֆելիայի դերակատարների շարքում եղել են համաշխարհային ճանաչում ունեցող հրաշալի դերասանուհիներ: Հասկանում ես, որ հանդիսատեսը գալու է եւ սպասի, թե` սա ի՞նչ Օֆելիա է լինելու, արդյոք ավելի լավ խաղաց, քան, ասենք, Քեյթ Ուինսլեթը` ֆիլմում: Ի դեպ, թատրոնում էլ հրաշալի օրինակներ կան, ուստի` մեծ ծանրությամբ եմ սկսել աշխատել կերպարիս վրա: Անկեղծ ասած, սա անընդհատ խանգարում էր ինձ ու կարծում եմ՝ բոլորիս: Ու այդքանով հանդերձ` ուզում էի մի փոքր ուրիշ Օֆելյա լինել, նկատի ունեմ՝ մի փոքր ավելի ըմբոստություն դնել կերպարիս մեջ: Կարծում եմ՝ այսօրվա Օֆելյան ավելի այս տեսակի մեջ կլիներ, գուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց սա իմ եւ, իհարկե, մեր ռեժիսորի պատկերացումն է:
— Իսկ ի՞նչ կասեք Համլետի կերպարի մասին, որքանո՞վ էր հեշտ հաղթահարել այն, որ Ձեր խաղընկերը` Համլետը, եւս իգական սեռի է:
— Համլետի դերակատարի կին լինելն ամենաքիչ դժվար գործն էր ինձ համար, որովհետեւ այստեղ մենք Համլետին ներկայացնում ենք, որպես տեսակ, ոչ թե շեշտում ենք նրա սեռը: Իսկ այս դեպքում Լիդիային, որպես մարդ, սիրելն ամենահեշտն էր ինձ համար, որովհետեւ անսահման սեր ունեմ իր նկատմամբ: Լրիվ անկեղծ եմ ասում եւ բեմում հենց նրա հետ եմ խաղում, նրա հետ են իմ ապրումները: Այնպես որ, այդ մասով ամենահեշտ տրված պահն էր, երեւի, կերպարիս մեջ:
— Լարվածություն կա՞ր առաջնախաղից առաջ, թե՞ համոզված էիք, որ հայ հանդիսատեսը սիրում է Շեքսպիր եւ ներկայացումն էլ կընդունվի` բրավոներով:
— Առհասարակ յուրաքանչյուր առաջնախաղից առաջ, նույնիսկ ոչ առաջնախաղից, այլ ամեն ներկայացումից առաջ, կուլիսներում ոտքերս ու ձեռքերս դողում են, ձայնս քաշվում է լարվածությունից: Բայց այս դեպքում այնքան հոգնած ու սպառված եմ եղել էմոցիոնալ առումով, որ ժամանակ չեմ ունեցել լարվելու կամ հուզվելու առաջնախաղի հետ կապված: Ունենք ներկայացումներ, որոնցից հետո դուրս եմ գալիս ֆիզիկապես սպառված, այս դեպքում` հոգեպես սպառված ու քայքայված եմ դուրս գալիս փորձերից ու ներկայացումից:
— Որովհետեւ «Համլետի» թեմատիկան անչափ արդիակա՞ն է` մեր օրերի համար…
— Միանշանակ, անգամ չեմ ուզում խոսել այդ մասին: Թող հանդիսատեսը գա եւ տեսնի, ամեն մի նախադասությունը, կարծես, հենց այսօրվա մասին է` աշխարհի, մեր պետության, հարաբերությունների: Այն, որ Շեքսպիրը շատ արդիական է, ավելորդ եմ գտնում շեշտել դրա մասին, ով կարդում է, ով ուսումնասիրում է այս հեղինակին, վստահ եմ՝ գիտի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ