Երբ տեղի կունենա Վիոլետա Գեւորգյանի վերջին հրաժեշտը
Մշակութային
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի անվանի դերասանուհի, պետական մի շարք մրցանակների դափնեկիր Վիոլետա Գեւորգյանի որդուց՝ դերասան, ռեժիսոր, հումորիստ, երգիչ ՀՐԱՉՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ «Իրավունք»-ը տեղեկացավ, որ սիրելի մայրիկի հոգեհանգիստը Միացյալ Նահանգներում տեղի կունենա հուլիսի 8-ին, ժամը՝ 06:00-ին, Լոս Անջելեսի Բըրբանք քաղաքում գտնվող Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարում (հայկական եկեղեցի, Սուրբ Լեոն տաճար):
Մենք կապ հաստատեցինք նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից տեղեկացանք, որ աշխատանքներ է տարվում Վիոլետա Գեւորգյանի ընտանիքի հետ, որպեսզի աճյունը տեղափոխվի Հայրենիք, թե երբ, դեռ հայտնի չէ:
«Վիոլետա Գեւորգյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով ԿԳՄՍ նախարարությունում, որն այսօր նիստ կգումարի: Գործընթացը սահմանված կարգով կկազմակերպվի», - մասնավորապես նշեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության տեղեկատվության բաժնի պետ ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին է մահացել Վիոլետա Գեւորգյանը՝ 79 տարեկան հասակում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ