Հնդիկ «Նոստրադամուսի» գուշակությունը Երրորդ համաշխարհայինի մասին իրեն կարդարացնի՞
Վերլուծություն
Օրերս երկրորդ Նոստրադամուսի համարում ունեցող հնդիկ աստղագուշակ Կուշալ Կումարը հայտնեց Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի ճշգրիտ ամսաթիվը: Ըստ նրա. «2024 թվականի հունիսի 18-ի երեքշաբթի օրը Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման ամենաուժեղ մոլորակային ազդակն է, չնայած հունիսի 29-ը նույնպես կարող է նշանակալից լինել»:
ՄՈՍԿՎԱՆ ԳՆԱՑ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԻ
Այսօր պարզ կդառնա՝ արդարացվա՞ծ է Կումարին «Երկրորդ Նոստրադամուս» անվանելը: Լավ, եթե ոչ այսօր, ապա ծայրահեղ դեպքում մի տաս օրից: Չնայած, այն ծանր իրադարձությունները, որ ֆիքսվում են վերջին ժամանակներս եւ հատկապես՝ վերջին շաբաթներին եւ օրերին, սարսափեցնող են, որ կա բավականին մեծ հավանականություն, որ Կումարը կարող է ճիշտ դուրս գալ: Վերցնենք թեկուզեւ երկու ուղղություն: Առաջինը՝ Մերձավոր Արեւելքում միանգամայն ռեալ է դարձել Հեզբոլլահի հետ Իսրայելի մասշտաբային բախումը: ԱՄՆ-ում, ինչպես վստահեցնում է CBS News-ը, պաշտոնական շրջանակներում այս հարցով լրջագույն մտահոգություններ կան: «Պաշտոնյաները ավելի ու ավելի են անհանգստանում, որ Իսրայելը պատերազմ կսկսի Լիբանանում Հեզբոլլահի դեմ, որը նա չի կարողանա ավարտել առանց ամերիկյան աջակցության»,- պարզաբանում է աղբյուրը: Այսինքն, Իսրայելը կհարձակվի, իրանամետ ուժերը նրան կդնեն միանգամայն ծանր վիճակի մեջ, որի դեպքում Վաշինգտոնը պարզապես ստիպված է լինելու առաջին դեմքով խառնվել այս «կաշային», եւ վերջ, Երրորդ աշխարհամարտը պատրաստ է:
Երկրորդ ուղղությունը Ուկրաինան է, որին նվիրված այդքան աղմուկ հանած վերջին գագաթաժողովին զուգահեռ հետաքրքիր եւ հեռուն տանող դետալներ արձանագրվեցին: Նկատի ունենք անցած շաբաթվավերջին Պուտինի մեծ աղմուկ առաջացրած ելույթը, որով ՌԴ նախագահը Ուկրաինային ներկայացրեց, եթե կարելի է ասել, «բանակցային վերջնագիր»: Այն է, ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ՌԴ կազմ վերցված տարածքներից` դրանց պաշտոնական սահմանները հաշվի առնելով: Կիեւն էլ անմիջապես պետք է նստի բանակցային սեղանի շուրջ` այդ իրողությունը հաստատելու, ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու եւ չեզոք պետության կարգավիճակ ընդունելու պայմանով։ Լավրովն էլ անմիջապես մանրամասնեց` Արեւմուտքի հանդեպ որեւէ վստահություն չկա, եւ ուկրաինական հարցի նման լուծման ՌԴ-ն կգնա, այն է` կրակը կդադարեցնի միայն վստահ լինելով, որ նորից չեն փորձի Մոսկվային խաբել:
Նախ, այստեղ հաշվի առնենք մեկ էական փաստ: Թեեւ նախկին ուկրաինական չորս մարզերը վերցված է ՌԴ կազմ, սակայն պաշտոնական Մոսկվան մինչ այժմ խուսափում էր ծայրահեղ կոնկրետացումներից, երբեմն նաեւ ակնարկելով, որ, որպես կոմպրոմիս, կարող է համաձայնվել սահմանը ներկա ռազմաճակատային գծով սառեցնելու տարբերակի հետ, եթե պահպանվեն ռուսական մնացած բոլոր հայտնի «կարմիր գծերը»: Եվ ահա Պուտինը գնաց կտրուկ կոշտացման՝ ֆիքսելով, որ Մոսկվան, ի դեմս չորս մարզերի, նկատի ունի դրանց նախկին վարչական սահմանները: Դա նշանակում է հետեւյալը. այդ մարզերի մի որոշակի մասը, այդ թվում` Զապորոժիե եւ Խերսոն մարզկենտրոնները, այն է՝ ՌԴ որոշակի տարածքներ գրավված են Ուկրաինայի կողմից: Ու երբ այդ փաստը, ի լուր աշխարհի, առաջին պլան է բերվում, նման իրավիճակ է առաջանում: Պուտինը ֆիքսեց այն կետը, որից այս կողմ ռուսական իշխանությունները հետ քաշվել այլեւս չեն կարող: Այն է՝ եթե թշնամին գրավել է ՌԴ տարածքի մի մասը, ապա ռուսական բոլոր օրենքները պարտադրում են՝ ազատագրել այն առանց որեւէ կոմպրոմիսի: Եվ երկրորդ գործոնը՝ ազատագրել բոլոր միջոցներով, այդ թվում, ըստ անհրաժեշտության, միջուկային զենքի գործադրմամբ:
Սրանով մինչեւ վերջ սրելով իրավիճակը, Պուտինը հետեւյալը եւս հաստատ աչքաթող չէր անի: Նա, իհարկե, հազիվ թե մեկ վայրկյան անգամ հավատա, որ այս «բանակցային վերջնագիրը» դրական արձագանք կունենա: Այսինքն, որ Արեւմուտքը Կիեւի մանկլավիկներին թույլ կտա «խաղից թռնել»: Այդպես էլ եղավ՝ ինչպես Կիեւից, այնպես էլ՝ Վաշինգտոնից եւ մյուսներից եկան կտրուկ մերժումներ: Ու շատ պարզ հարց` ի՞նչ իմաստ ուներ այս վերջնագիրը:
Բայց նաեւ` Պուտինը հաստատ «օդի մեջ», ինքնանպատակ չէր կարող այս ամենը ասել: Նման է նրան` վերջին նախազգուշացում, որ հանկարծ հետո չբողոքեք: Ու այն, որ այս նախազգուշացումն արվում է հենց այս պահին, դա թափանցիկ ակնարկ է, որ ռուսական բանակը պատրաստ է այս վերջին նախազգուշացման մերժմանը հաջորդող գործողություններին: Կարճ ասած, ինչպես վերջերս էինք ներկայացրել` «Ռուսներն Ուկրաինայում ինչ-որ խոշոր բանի են պատրաստվում» (iravunk.com/?p=285737&l=am): Այլ հարց է, թե ռազմական առումով դա ինչ տեսք կունենա, ասենք՝ որ ուղղություններով ռուսները կանցնեն մասշտաբային հարձակման, որի մասին, ի դեպ, ուկրաինական կողմը մեկ անգամ չէ, որ խոսել է: Էլ ավելի կարեւոր է այն հարցը, թե նման իրավիճակում ԱՄՆ-ն ինչպե՞ս է իրեն դրսեւորելու: Կփորձի՞ առաջին դեմքով բախման գնալ ռուսների հետ, ՆԱՏՕ-ի՞ն կօգտագործի՝ եվրոպական եղած-չեղած ուժերի կիրառմամբ: Թե՞ կգնա «թուլանալ եւ հաճույք ստանալու» ճանապարհով, բայց հաշվի առնելով արեւմտյան բազում հայտարարությունները, որ Ուկրաինայում պարտությունը կդառնա Արեւմուտքի «դագաղի վերջին մեխը»: Ամեն դեպքում, զարգացումների նման հավանականությունները միանգամայն ռեալ տեսք են տալիս «հնդիկ Նոստրադամուսի» հիշատակված կանխատեսմանը:
ԱՄՆ-Ն ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞
Եթե ոչ Երրորդ աշխարհամարտ, ապա գոնե այն, որ սկսվում են կտրուկ սրացումներ, դա հաստատ է: Ուրեմն, ի՞նչ կարելի է սպասել Սպիտակ տնից՝ ի պատասխան Մոսկվայի:
Օրերս New York Post-ը հետաքրքիր փաստ ներկայացրեց: Այն է՝ օրերս կայացած G7-ի գագաթաժողովում Բայդենի վիճակը ցնցել է անգամ սեփական դաշնակիցներին: Նրանցից մեկը խոստովանեց, որ նա «ավելի վատ է, քան երբեւէ նախկինում»: Պատվիրակություններից մեկի անդամը լրագրողներին խոստովանել է, որ այն սխալները, որոնք 81-ամյա ամերիկացի առաջնորդը թույլ է տվել պարզագույն իրավիճակներում, «խայտառակություն են առաջացրել»։ Նախագահն ուշադրություն է գրավել մի շարք տարօրինակ արարքներով, եւ այդպես շարունակ: Այսինքն, ներկա ծանր իրավիճակում Բայդենից ամեն մի ոչ ադեկվատ քայլ կարելի է սպասել: Նրա շրջապատը, որն էլ իրականում կառավարում է երկիրը, միգուցե թույլ չտա, բայց այստեղ էլ այլ վտանգ կա: Այն է՝ նախագահական շրջապատը, ի դեմս Բայդենի, ունի մեկին, որին կարելի է ցանկացած քայլ պարտադրել, եւ որի ողջ պատասխանատվությունը կմնա հենց Բայդենի վրա: Դա հրապուրիչ վիճակ է ստեղծում նախագահական շրջապատի եւ նրա տերերի համար՝ ցանկացած ուղղությամբ խաղ վարելու համար: Այդ թվում, մտնել պատերազմի մեջ, ԱՄՆ-ում ռազմական դրություն հաստատել՝ խուսափելով էս գլխից տանուլ տրված ընտրություններից: Վտանգավո՞ր է. իհարկե: Բայց այն, որ նման սխեմա Ուկրաինայում փորձարկվեց՝ պաշտոնավարման ժամկետն ավարտած Զելենսկու ձեռքին իշխանությունը թողնելով, հիմք է տալիս ենթադրել, որ նման սցերանի մասին ԱՄՆ-ի համար եւս գոնե մտածում են: Չնայած, այս դեպքում ԱՄՆ-ին կհաջողվի՞ խուսափել քաղաքացիական պատերազմից: Կարելի է նաեւ այսպես. իսկ ուզո՞ւմ են խուսափել, եթե ունեն այդկերպ դոլարի եւ ԱՄՆ-ի պետական պարտքի գերխնդիրը լուծելու տեսլական:
Այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլտեմբերգը խոսում է դաշինքի միջուկային ուժերը մարտական վիճակի բերելու շուրջ քննարկումների մասին, իհարկե, իր հերթին է ակնարկ, որ ռազմական սրացումների սցենարն արեւմտյան հարթակներում քննարկվում է: Առավել եւս, որ ամերիկյան հեղինակավոր Military Watch Magazine հրատարակությունն էլ իր հերթին հայտնեց, թե մարտական հերթապահության են են անցել ռուսների С-500 բացառիկ համակարգերը: Մանրամասնենք՝ հրապարակային քիչ տվյալներով, С-500 համակարգերն ի զորու են խոցել գոյություն ունեցող եւ ծրագրավորման փուլում գտնվող բոլոր հրթիռները, այդ թվում` տիեզերական տարածքում: Մի շարք աղբյուրներ պնդում են նաեւ, որ այս բացառիկ համակարգերը կարող են անգամ ոչնչացնել ցածր ուղեծրով շարժվող արբանյակները, այդ թվում` ռազմական նշանակության: Այսինքն, Military Watch Magazine-ը զգուշացրեց՝ պետք չէ այդ վտանգավոր խաղի մեջ մտնել, եւ դա էլ իր հերթին է վկայում, որ սրացումների գնալ-չգնալու թեման իրոք օրակարգում է, եւ կան երկու տարբերակների կողմնակիցներ ու համառ պայքար: Այսինքն, ամերիկյան ռեժիմը մինչեւ ո՞ւր է պատրաստ գնալ, առավել եւս, որ «գլխին կախված» է նաեւ Մերձավոր Արեւելքի հարցը, որը դեռ մնում է բաց:
ԵՎՐՈՊԱՆ ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞
Ինչ վերաբերում է եվրոպացիներին կռվի ուղարկելու տարբերակին, ապա այս վարկածը եւս խոցելի է: Եվրոպայում այս պահին, ինչպես Ֆրանսիայի մասնավոր օրինակն է հուշում, այնպիսի բուռն ներքին խմորումներ կան, որ հազիվ թե այս պահին կարողանան կռվել: Ֆրանսիական բոլոր քաղաքական կուսակցությունները վերջին մի քանի օրերին պոտենցիալ գործընկերների հետ ակտիվ բանակցությունների մեջ են, որն ի հայտ է բերել նման իրավիճակ: Մակրոնի վերահսկած կենտրոնամետ (պայմանականորեն) դաշտը քայքայվում է: Փոխարենը երկու հիմնական մեծ ճամբար էր գոյացել՝ Մարի Լե Պենի առաջնորդությամբ ազգայնական ուժերն ընդդեմ ուլտրալիբերալիզմի: Նրանք էլ պայքարելու են իշխանության համար՝ ունենալով գրեթե հավասար հնարավորություններ: Թե ինչ արդյունքներ կունենան, ընտրությունները ցույց կտան: Բայց մոտավոր հավասար ձայների պարագայում մեկի կամ մյուսի մի փոքր առավելությունը ոչ միայն հաղթողին չի որոշում, այլ նման պատկերն էապես կսրի ներքին հակամարտությունը, որն էլ խոսում է ապագա խորը ցնցումների մասին, առավել եւս, եթե Մակրոնը որոշի շարունակել պաշտոնավարել: Եվ, կրկնենք, մոտավորապես նման պատկեր է գործնականում ողջ Հին աշխարհում, այդ թվում, ոչ պակաս սուր իրողություններ են Բրիտանիայում:
Այսինքն, քիչ հավանական տեսք ունի, որ նման ցնցումների մեջ հայտնված Եվրոպան կարող է այս պահին գնալ մեծ պատերազմի, առավել եւս, առանցքային երկրներում ունենալով նման իշխանավորներ:
Ու մյուս կողմից, հաստատ նաեւ պատահական չէր, որ Մոսկվան հենց այս պահին որոշեց նման կտրուկ քայլ անել: