Ռուս և իրանցի մարզիկների հետ գոտեմարտերը կարող եմ առանձնացնել. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ
Սպորտ![Ռուս և իրանցի մարզիկների հետ գոտեմարտերը կարող եմ առանձնացնել. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ](/timthumb.php?src=disc/17-06-24/38ebb3e7a95a702a1448bec23898c926.jpg&w=780)
Վերջերս Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացել է անվանի ըմբշամարտիկ, Աշխարհի կրկնակի չեմպիոն ԲԵՆՈՒՐ ՓԱՇԱՅԱՆԻ անվան 5-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են 110 մարզիկներ 6 երկրից։ Մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 5 ոսկե ու 2 արծաթե մեդալ։ Ոսկե մեդալ նվաճած ըմբիշներից երկուսը Օլիմպիական հավաքականի անդամներ են ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ /67 կգ / և ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ /77 կգ /, ինչպես նաև ոսկե մեդալ են նվաճել ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ /63 կգ /, ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ / 72 կգ /, իսկ արծաթե մեդալի են արժանացել ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆԸ /60 կգ / ՇԱՆԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ / 72 կգ /։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը հանդիպել է ու բացառիկ զրույց ունեցել մեր մեկ այլ ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Արարատի մարզի Գեղանիստ գյուղից ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Հանդես եկա 87 կգ քաշային կարգում։ Մեկնարկի ժամանակ 2։0 հաշվով հաղթեցի Բելառուսի ներկայացուցչին, հաջորդ գոտեմարտում 3։1 հաշվով պարտության մատնեցի ազգությամբ ռուս մրցակցիս, կիսաեզրափակչում 7։1 հաշվով հաղթեցի մեր երկիրը ներկայացնող ըմբիշին, իսկ ահա եզրափակչում, ոսկե մեդալի համար թեժ պայքար մղեցի ու հաղթեցի իրանցի հակառակորդիս 4։1 հաշվով։
- Վիգեն, իսկ որ գոտեմարտը առավել բարդ տրվեց։
- Ռուս և իրանցի մարզիկների հետ գոտեմարտերը կարող եմ առանձնացնել, սրանք առավել դժվար անցան։ Շատ լավ է, որ արդեն 5-րդ անգամ մեր երկրում անցկացվում է անվանի ըմբիշ Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարը, սա կարևորագույն մարզական իրադարձություն է, ստուգատես բոլոր մարզիկների համար, լավ առիթ է, որ տարբեր երկրներից մեր երկիր այցելեն, մասնակցեն մարզիկները, մի կողմից էլ կզարգանա տուրիստական հոսքը մեր երկրում։
- Վիգեն, հետաքրքիր է, թե որ տարիքից ես սկսել զբաղվել սպորտով։
- 6 տարեկանից սկսեցի զբաղվել սպորտով։ Չորս տարի հաճախել եմ լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոց։ Պարապում էի Հայկ Նազարյանի մոտ, նրա սաները այժմ հիանալի ելույթ են ունենում մեծ մրցաշարերում։ Նա հեռատես է ու զգաց, որ ես այդ մարզաձևում մեծ նվաճումներ չեմ կարողանա գրանցել, տարավ ինձ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոց, մարզիչ Տիգրան Սահակյանի մոտ։ Հենց այդպես էլ 10 տարեկանում նոր մարզաձևով հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսեցի պարապել։ 5 տարի պարապել եմ, հետո նոր միայն Հայաստանի չեմպիոն դարձել, Եվրոպայի առաջնությանն էլ արծաթե մեդալ նվաճեցի։ Իսկ Աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ։
- Իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կասես։
- Հաջորդը կլինի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունը, որը կկայանա Ալբանիայում։
- Սպորտից դուրս, ազատ ժամանակ ինչով ես սիրում զբաղվել։
- Սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել. «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին», «Կնքահայրը»... շատ հետաքրքիր գրքեր են։ Ինչպես նաև ֆիլմեր։
- Շնորհակալություն, Վիգեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
![](disc/17-06-24/4f9a40f5aaf4ea0f2d8c3f9175605b74.jpg)
![](disc/17-06-24/234dcab8641dfa942bb796e77dfeefd0.jpg)
![](disc/17-06-24/1106df326711f1dfc796ebd88232c607.jpg)
![](disc/17-06-24/d8735fce909253373e84878e6aa1397a.jpg)
![](disc/17-06-24/6d5b299c50e682a9aa314fb6f3f359dd.jpg)
![](disc/17-06-24/066b69f8d279467283e6f97d1f5149b7.jpg)