Կառավարությունն անգամ դժբախտ պատահարներից հետո դաս չի քաղում․Բաբկեն Պիպոյանը գազալցակայանի պայթյունի հետքերով
Հանդիպում
Հունիսի 6-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով 7 անձ հոսպիտալացվել է։ Նմանատիպ դեպքեր եզակի չեն: Արդյո՞ք յուրաքանչյուր դեպքից հետո չեն արվում անհրաժեշտ հետևություններ, ինչի՞ հետևանք են նման պատահարները։ Ինչո՞ւ պատասխանատվության ենթարկվողներ չեն լինում, ինչո՞ւ է հանրային անվտանգությունը ստորադասվում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից, ով նկատեց․
– Ցավոք, դժբախտ պատահարներ մենք ունենում ենք, ու էլ ավելի ցավով պետք է ասեմ, որ մեզ մոտ դա՝ «մի հատ փորձանք էր, եղավ» չէ, որովհետև փորձանքն աշխարհի յուրաքանչյուր երկրում կարող է լինել մեկ անգամ, բայց, հաշվի առնելով մեզանում դեպքերի քանակը, պարբերականությունն ու մնացած փաստերը, հասկանում ենք, որ ոչ թե փորձանք էր՝ եկավ, այլ հասկանում ենք, որ այդ ամենն օրինաչափություն է, ցավալիորեն օրինաչափ։
Խնդիրը պետք է դիտարկել հետևյալ կերպ․ գազալցակայան, որը ստուգված չէ, ու եղավ պայթյուն, և գազալցակայան, որը ստուգված է, ու եղավ պայթյուն՝ սրանք էականորեն տարբեր բաներ են։ Շատ վատ է, որ, օրինակ՝ երկրում լինի գազալցակայան, որը ստուգված չէ, ու եղել է պայթյուն, ինչ-որ իմաստով պետական կառույցները կունենային իրենց մեղավորության չափը, որ չեն ստուգել, լավ չեն դիտարկել, ու առնվազն արդար չէր լինի հավասար պատասխանատվություն դնել բիզնեսի հետ։
Իսկ երբ որ դու տեսնում ես, որ գործ ունես մի գազալցակայանի հետ, որը ստուգվել է երկու տեսչական մարմինների կողմից, որոնք կոչված են անվտանգություն ապահովելու, ու դրանից հետո այդ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, այս դեպքում արդեն ոչ միայն պետական օղակները բիզնեսի հետ հավասար պատասխանատու են, այլև ավելի են պատասխանատու, որովհետև իրենք հարկատուների վճարած հարկերից են աշխատավարձ ստանում ու կոչված են անվտանգություն ստուգել, անվտանգություն ապահովել։
Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ տնտեսվարող սուբյեկտը, որի գործունեությունը պետք է կասեցված լիներ, որը հրդեհային անվտանգության կանոններին չի բավարարել, աշխատել է։ Հիմա տեսչականը կասի՝ ես կասեցումը տվել եմ, անընդհատ չեմ գնա, բայց պետք է հասկանանք, որ մի տեսչական մարմին չէ, գործադիրն ամբողջական համակարգ է, տեսչականն ունի տեսչականը համակարգող գրասենյակ, գրասենյակն ունի կառավարության աշխատակազմ։
Կարող է պարզվի, որ ներքին գործերի նախարարությունը արդեն պետք է գնար, բերետավորները պետք է ոչ թե 80 հոգով հարձակվեին մի հոգու վրա, այլ պետք է գնային ու թույլ չտային այդ գազալցակայանի գործունեությունը, որովհետև տեսչական մարմինը կասեցրել էր, ու բիզնեսը վտանգավոր գործունեություն էր ծավալել։ Ավելին ասեմ, շատ կարճ ժամանակ առաջ մենք ունեցանք «Սուրմալուի» պայթյունը ու տեսչական համակարգում առկա խայտառակ վիճակի դրսևորումը մենք տեսել ենք դեռևս այդ ժամանակ։
Բայց Կառավարությունն անգամ դժբախտ պատահարներից հետո դաս չի քաղում, ու, ըստ էության, ստուգող մարմիններից գործադիրին հետաքրքիր են բացառապես Պետեկամուտների կոմիտեի ստուգումները, որովհետև բյուջե մուտք է ապահովում, իսկ այն մնացած կառույցները, որոնք կոչված են անվտանգություն ապահովելու, չեն հետաքրքրում։ Այս կառույցների հանցավոր անգործությունը չի անհանգստացնում գործադիրին։
Գործադիրում համակարգի անպատասխանատու լինելն արդեն ճյուղավորվել է, արմատ է տվել, այսինքն՝ ներքևի օղակն անպատասխանատու է, որովհետև իր բաժնի պետն է անպատասխանատու ու այսպես շարունակ՝ մինչև գործադիրի ղեկավարը։ Այս անպատասխանատվությունը արմատացած է համակարգում, ու ավելին ասեմ՝ անպատասխանատվության խորացումն էլ շատ ավելի խոր արմատներ
– Պարո՛ն Պիպոյան, իսկ ինչո՞ւ պատասխանատվության ենթարկվողներ չեն լինում, ինչո՞ւ է հանրային անվտանգությունը ստորադասվում։
– Հիմա, եթե գործադիրին հարցնենք՝ կասի, դե, պայթյունից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում մենք արել ենք փոփոխություն, օրինակ՝ պայմանական միջին օբյեկտին փոխարինել ենք մյուսով: Նախ՝ հարց է առաջանում՝ ավելի լավո՞վ ենք փոխարինել, թե՞ վատով, բայց անձերի խնդիր չէ, անձով չես կարող խնդիր լուծել։ Երբ դու ունես վատ ավտոմեքենա, որի արգելակները չեն աշխատում, դու այդ մեքենան շահագործում ես, վարորդը վթարի է ենթարկվում, հետո դու ասում ես՝ լավ, որ էդպես է, ես կփոխեմ վարորդին։ Երբ որ գործադիրը չի հասկանում՝ ինչի՛ հետ գործ ունի, խնդիրը չի հասկանում, այս պատկերն է լինում։
Ես չեմ էլ հիշում արդեն, թե քանի անգամ եմ խոսել տեսչական համակարգի անարդյունավետության մասին։ Երբ որ դու անձ ես փոխում, սա բոլոր ոլորտներին է վերաբերում, դա որևէ նոր արդյունք չի տալու, եթե համակարգը նույնն է: Անձերի փոփոխությունը կարող է փոփոխություն բերել, երբ նոր անձը համակարգային այլ պատկերացում ունի, երբ նոր անձը պետք է այդ փչացած արգելակներով մեքենան վարի, պարզ է, որ նա էլ է վթարի ենթարկվելու։
Դեմ չեմ, որ կարող են վատ լինել և՛ մեքենան, և՛ վարորդը, բայց անգամ ամենալավ վարորդը, եթե գալիս է՝ պետք է ասի, մինչև ես այս մեքենան չվերանորոգեմ, չեմ վարի այն, եթե ինչ-որ մեկը գալիս ու համաձայնում է վարել, նշանակում է ինքն ավտոմատ վատ վարորդ է։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկն այսօրվա համակարգում համաձայնում է ղեկավարել, դա ավտոմատ նշանակում է, որ ինքը վատ ղեկավար է, որովհետև ինքը պետք է նախ համակարգը փոխի։
Հիմա արձանագրված է խնդիրների շարք, որոնք լուծված չեն, դա ուղիղ նշանակում է, որ մենք պետք է ոչ թե զարմանանք, այլ շնորհակալ լինենք Աստծուն իր բարեհաճության համար, որովհետև Աստծո բարեհաճությամբ է, որ այս դեպքերն ուշ-ուշ են լինում։ Շատ ավելի օրինաչափ կլիներ, որ շուտ-շուտ լինեին, որովհետև դու վտանգն արձանագրել ու գնացել ես։ Երբ որ դու նստում ես ճյուղի վրա ու այդ ճյուղը կտրում ես, ինչ-որ պահի պետք է ընկնես, որովհետև ճյուղի վրա նստած՝ ճյուղը չեն կտրում։