Թփերի տակ թաքնվելով` թուրքից չենք ազատվելու. Մարիամ Ավագյան
Ներքաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Երեւանին ուղղված հերթական պահանջն է հնչեցրել, թե` «Հայաստանը պետք է ներողություն խնդրի Խոջալուի դեպքերի համար»: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ կասեք Ալիեւի կողմից հիշատակված Խոջալուի դեպքերի մասին, թե իբրեւ հայերի ձեռքով ադրբեջանցի կանայք եւ երեխաներ են սպանվել:
— Ընդամենը կեղծիքն է առաջ տանում եւ ցանկանում է մինչեւ վերջ հայերին ոչնչացնել: Նպատակը Հայաստանը վերացնելն է, իսկ ինչպե՞ս պետք է վերացնել: Ահա հենց այս տեսակ կեղծիքները հայության վզին փաթաթելով: Եվ սա այն դեպքում, երբ Խոջալուն իրականացրել է Հեյդար Ալիեւը: Դրա բազում վկայությունները կան: Վկայություններում նշվում են, որ Խոջալուն Հեյդար Ալիեւի ձեռքի գործն է, բայց նրա ստահակ և անհասկանալի ծագմամբ որդին այսօր Խոջալուն փաթաթում է համայն հայության վզին: Ու դիմադրություն չկա՛: Դա ոչ թե Խոջալուի, այլ Աղդամի ողբերգություն է պետք համարել, որն ընդհանրապես արհամարհվել է հայկական կողմից: Խոջալուի վերաբերյալ մի կայք կար, որն իր գլուխը կախ կերպով ինչ-որ բաներ անում էր, սակայն ոչ դրանից ավելին: Հայաստանի ազգային ակադեմիան որեւէ կերպ դրան չմասնակցեց, որեւէ կերպ դրան չհակադարձեց, որեւէ մի հիմնավոր գիտական աշխատություն 30 տարիների մեջ ի հայտ չեղավ:
— Արցախում Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացված գործողությունները ցեղասպանություն կարելի՞ է անվանել: Հայաստանը որքանո՞վ է քայլեր ձեռնարկում, որ ադրբեջանական կողմը խոստովանի իր հանցանքները:
— Առաջին հերթին մենք հստակ կերպով պետք է իմանանաք, որ Արցախում տեղի ունեցածը իսկապես ցեղասպանություն է: Մենք, անցնելով 1915 թվականի ցեղասպանության միջով, այնուհետեւ 1988-1992 թթ.-ի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ եւ այսօր Արցախի հետ կատարվածի` մինչ օրս որեւէ գնահատական չենք տվել: Դա պարզապես խայտառակություն կարելի է համարել: Մենք ունենք աշխարհում եզակի թանգարան, ինչպիսին ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնն է: Թվում է՝ մենք ունենք ցեղասպանագետների մեծ թիվ, սակայն արդյունքում պարզվում է, որ մենք քաղաքական կամքից բացարձակ անկախ` մի պետական միավոր ենք: Մի պետություն, որը բացարձակ տիրություն չի անում իր ժողովրդի ճակատագրին, ներկային եւ անցյալին ու ապագային: Այն, որ Արցախի հետ կատարվածը ցեղասպանություն էր, ես պարտք ունեմ խոսելու: Անգամ այդ ամենի մասին բարձրաձայնում են միջազգային մասնագետները կամ ամերիկյան միջազգային ցեղասպանագիտական ասոցիացիաների նախագահները, ինստիտուտները, բայց ոչ հայերը: Հայերը լուռ եւ հլու-հնազանդ են: Ես ինքս պարզապես ապշահար եմ, որ մեր գիտական հանրույթը, ցեղասպանագետները, պետական իշխանություններն ու Ազգային ժողովի պատգամավորները մտել են զոհի պատյանի մեջ եւ այդ պատյանի մեջ իրենք տաքուկ կերպով նստած են: Չհասկանալով անգամ այն հանգամանքը, որ չխոսելով ցեղասպանության մասին` դրանով իրենք ոչ միայն չեն կանխելու, այլ ընդհակառակը` է՛լ ավելի են խթանելու ցեղասպանությունը հայության դեմ հրահրելուն: Այս առումով պետք է նշեմ, որ շատ կարեւոր է` Արցախի հետ կատարվածին գնահատական տրվի օր առաջ:
— Նկատի ունեք` ՀՀ Ազգային ժողովը Արցախում տեղի ունեցածը ճանաչի ցեղասպանությո՞ւն:
— Ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը գնահատական կտա այն բանին, որ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է: Մինչդեռ վերջիններս եղան դավադիր, եւ բոլոր առումներով իրենք իրենց նույնիսկ չհարգեցին: Այս երկրի նախագահի խոսքն անգամ չհարգվեց: Ի՞նչ արեցին Արցախի հայությանը: Խաղաղապահը դարձավ ցեղասպանության գործիք, որ նրա ներկայությամբ թուրքը է՛լ առավել հեշտ հայերին դուրս մղի Արցախից, որպեսզի հայ մարդը չկարողանա պաշտպանել իր ընտանիքն ու հողը, իր հոր գերեզմանոցը եւ որեւէ այլ բան ու պետք է ստիպված լիներ միայն դուրս գալ սեփական հայրենիքից: Այսինքն, խաղաղապահը ի սկզբանե մուտք գործեց այդ տարածք, որպեսզի զինաթափի և հայ մարդը զրկվի ինքնապաշտպանվելու հնարավորությունից, որպեսզի այդ ցեղասպանությունն էլ կատարվի: 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ընդամենը 3 հոգի էր ստորագրել: Այնտեղ մի կետ կար, ըստ որի, փախստականները պետք է վերադառնային: Այսօր որեւէ մեկն անգամ այդ ամենի մասին չի խոսում: Նույնիսկ հայկական կողմն այդ մասին որեւէ կերպ չի բարձրաձայնում: Պետական մակարդակով չի կատարվում անդրադարձ, իշխանությունները չեն խոսում, ընդդիմությունն ընդհանրապես համր է, եկեղեցին չի խոսում, ոչ մեկը չի խոսում: Մինչդեռ թուրքը մխրճում է իր հայատյաց հոտից դեպի այդ տարածքներ: Եթե այդ տարածքներում թուրքը բնակվի, ապա ինչպե՞ս են հետ վերադառնալու արցախցիները, ո՞վ է այդ հարցն իրեն տալիս: Ոչ ոք չի անդրադառնում այդ խնդրին, եւ մեր իշխանությունները չնայած այն հանգամանքին, որ այսօր պետք է աղաղակեին աշխարհին ի լուր, տեսնում ենք, որ հիմա էլ է մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության ընթացք գնում:
Ընդ որում` սա տեղի է ունենում Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Պակիստանի, միգուցե Ամերիկայի Միացյալ Նահանգների լուռ հայացքի ներքո, գուցե նաեւ մասնակցությամբ: Այս ամենի մասին մենք չենք խոսում եւ չենք ընդդիմանում: Ընդհակառակը՝ այն երիտասարդը, որը փորձում է մի օրենքով զենք ձեռք բերել կամ պաշտպանական որեւէ համակարգ կառուցել` իշխանությունները բռնելով են ետ կանգնեցնում եւ դրա մասին չի խոսում ո՛չ ընդդիմությունը եւ ո՛չ էլ եկեղեցին: Չի ասում, որ Արցախում հայաթափեցին եւ ցեղասպանություն իրականացրին: Ներսում իրավունք չունենք զինաթափելու: Ի վերջո, մենք ժողովրդին պետք է զինենք հենց բառի բուն իմաստով: Այսինքն՝ թփերի տակ թաքնվելով` թուրքից չենք ազատվելու:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ