Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՏեսանյութերԱզգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Քիչ առաջ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել Վահագն Չախալյանի նկատմամբ։
Վահագն Չախալյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը ասաց, որ տնային կալանքի որոշումը փաստաբանական խմբի կողմից կբողոքարկվի դատական կարգով։
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության շենքի մոտ մայիսի 16-ին «Կամք»-ի հերթական բողոքի ակցիայի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցներից ոմն Վալերի Մանուչարյան սադրանք է հրահրել ընդդեմ «Կամք»-ականների, ինչը փաստում են լրատվամիջոցներում առկա տեսանյութերը: Արդյունքում բերման են ենթարկվել Վահագն Չախալյանը, ինչպես նաեւ Սերգեյ Ամիրխանյանը, Մինաս Նովշադյանը, Տարոն Դավթյանը, Միքայել Հովհաննիսյանը: Նրանք ձերբակալվել են 72 ժամով, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Վ. Չախալյանի դեմ առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածի 2 մասի առաջին եւ երրորդ կետերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ