Եթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան
Ներքաղաքական![Եթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան](/timthumb.php?src=disc/17-05-24/b52e9bee025bc9e5824d7c6b46ddd5f3.jpg&w=780)
Իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ այսօր Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղի ունեցած հավաքի ժամանակ անդրադարձել է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ Սերգեյ Ամիրխանյանի, Մինաս Նովշադյանի, Տարոն Դավթյանի, Միքայել Հովհաննիսյանի ձերբակալությանը:
«Տեսախցիկների առջեւ տեսանք, որ ակնհայտ սադրանք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով տղաները ձերբակալված են 72 ժամվա ռեժիմով: Վահագն Չախալյանին ես շատ եմ հարգում: Նա այնքան, ինչքան կարողանում է, գալիս է քաղաքական դատավարություններին: Շատ հաճախ ոչ մեկ չի լինում, բայց նա գալիս նստում է բոլորի դատերին, օրինակ, լուսահոգի Արմեն Գրիգորյանի դատավարություններից մի քանիսի ժամանակ: Եվ այսօր Վ. Չախալյանին է մեղադրանք առաջադրվել: Այն, որ խմբակային խուլիգանության մեղադրանք չի առաջադրվել, մենք հույս ունենք, որ մյուս տղաները 72 ժամը լրանալուն պես ազատության մեջ կլինեն: Ինչ վերաբերում է Վահագն Չախալյանին, ապա եթե իրավապահ մարմինները որոշեն նրա կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում», - շեշտեց Ռ. Մելիքյանը:
Հիշեցնենք, որ «Կամք»-ականների 72 ժամյա ձերբակալության ժամկետը լրանում է կիրակի օրը՝ մայիսի 19-ին, ժամ՝ 12:30-ին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ