«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելուն
Ներքաղաքական«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Եթե օրենքը կանգնում է ազգի եւ պետականության կյանքի ճանապարհին, ապա պետք է շրջանցվի, անտեսվի կամ փոխվի։ Եթե հակասությունը մեծ չէ, ապա օրենքը կարող է կիրառվել այնքանով, որքանով հնարավոր է։ Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում երկքաղաքացիությամբ պայմանավորված սահմանադրական արգելքը նման օրենք է, ուստի՝ չենք կարող դրան գերի դառնալ։
Ժողովուրդը կենդանի Սահմանադրություն է, եւ նրա կամքը վեր է կյանքի հետ անհամատեղելի որեւէ կանոնից։ Ավելին՝ հնարավոր է, որ ստեղծվի այնպիսի վիճակ, երբ անհնար լինի Սահմանադրության տառին համապատասխան ձեւավորել ժողովրդի կամքն արտահայտող կառավարություն։ Այդ դեպքում պետք է գործել հեղափոխական տրամաբանությամբ՝ ըստ ժողովրդի կամքի։
Հակառակ պարագայում տառը կհաղթի իրավունքին եւ սահմանադրականությանը, նաեւ ոգուն, որին կոչված է ծառայելու տառը։ Այդուհանդերձ, եթե նպատակահարմար համարվի, կարելի է հետին թվով կարգաբերել խնդիրը անցումային փուլում ընդունելիք սահմանադրական փոփոխություններով, նոր Սահմանադրությամբ կամ սահմանադրաիրավական ուժ ունեցող այլ ակտով»։