Չեմ պատրաստվում հանդուրժել… կռվել եմ եվ շարունակելու եմ կռվել. Վահագն (Vaag7777)
ՏեսանյութերԺամանակի թելադրանքով՝ այսօր շատերը սոցցանցերում գտել են իրենց ուրույն տեղը, որտեղ ամեն մեկը յուրովի է արտահայտում իր հոգու ճիչն ու խոսքը: «Իրավունք»-ն անդրադարձել է ՎԱՀԱԳՆԻՆ (բլոգեր՝ Vaag7777) , ով շատ հայտնի է սոցցանցերում՝ իր հայրենասիրական կոչերով, հորդորներով եւ հրաշալի կարդում է ռեփ, որը բոլորովին հեշտ չէ: Վահագնը այն կազմում եւ մատուցում է միանգամից՝ պարզապես կարդալով մեկնաբանություններ: Նրա խոսքով՝ պետությունը պետք է մեծ ուշադրություն եւ, ինչու ոչ, նաեւ պարգեւավճարներ հատկացնի այն բլոգերներին, ովքեր երկրի համար պիտանի քարոզ են իրականացնում բազմահազարանոց հետեւորդների համար, որոնց մեծ մասն այլ ազգի ներկայացուցիչներ են:
— Ի՞նչը եղավ պատճառը, որ այդչափ սիրեցիք ռեփը, որը ոչ բոլորին է հետաքրքրում:
— Դեռ այն ժամանակ՝ 20 տարի առաջ, այս աստիճան ձեւավորված չէր ռեփը` որպես արվեստ դիտարկելը: Ավելի զարգացած է եղել ռաբիսը եւ ռեստորանային երաժշտությունը: Այժմ մի քիչ փոխվել են մոտեցումները: Ես ունեմ երաժշտական կրթություն՝ ավարտել եմ համապատասխան դպրոց, ինչպես նաեւ զբաղվել եմ բռնցքամարտով: 12 տարեկանում գրել եմ իմ առաջին ռեփը, սակայն իմ հեղինակային գործերից ամենից շատ սիրում եմ ընկերոջս նվիրված գործը, ում կորցրել եմ 18 տարեկանում: Չեմ թողարկել այդ երգը, որովհետեւ դա ինձ համար հոգու ճիչ էր:
— Ձեր ուղիղ եթերները, որոնք անցկացնում եք ամեն օր սոցցանցում՝ առանց հանգստի, հավաքում է միլիոնից ավել հավանություններ (like-եր): Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում:
— Ես շատ անմիջական եմ իմ հանդիսատեսի հետ, եւ ամեն իմ հեռարձակած ուղիղ եթերը դրա վառ ապացույցն է: Ես բոլորի հետ շփվում եմ, պատասխանում հուզող հարցերին եւ դիալոգ կառուցում, որն ունկնդրին դուր է գալիս: Խտրականություն կամ տարբերություն չեմ դնում մարդկանց միջեւ՝ նրանց վերաբերվում եմ այնպես, ինչպես իրենք են վերաբերվում ինձ:
— Դուք մասնակցել եք քառասունչորսօրյա պատերազմին, կխոսե՞ք այդ մասին:
— Դե, պատերազմից ի՞նչ խոսեմ: Քրոջս տղան եղել է Ջրականում (Ջաբրաիլ) ՝ մարտական գործողություններին է մասնակցել: Երբ պատերազմը սկսվեց, ես սեպտեմբերի 28-ին արդեն մեկնեցի Հադրութ: Առհասարակ, տանել չեմ կարողանում, երբ ոմանք գնացել են մարտի դաշտ ու հիմա խոսում են այնպիսի բաների մասին, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Մարտի դաշտում մի հրամանատար ունեինք՝ տարիքով մարդ էր ու մի լավ խոսք ուներ, ասում էր. «Եթե լսենք բոլորի պատմածները, ապա կարող էինք ենթադրել, որ պատերազմը մենք հաղթել ենք, ոչ թե պարտվել»: Պատերազմը մեզնից տարավ մեր տարածքները, ու մենք կորցրինք մեր տղերքին: Եվ հատկանշականն այն է, որ այդ տղաները 18-20 տարեկան էին, ովքեր պետք է շարունակեին մեր գենը: Ունենցանք վիրավորներ եւ այլն: Մենք, այսպես թե այնպես, քչաքանակ ազգ ենք, ու այս պատերազմն էլ եւս նպաստեց նրան, որ մի քանի տարի հետո առավել կզգանք, թե ինչպես է քչանում մեզ մոտ բնակչության քանակը: Այսինքն՝ թշնամին ոչ միայն հաղթեց մեզ պատերազմում, այլ նաեւ հարվածեց մեր ապագային ու գենետիկային: Մեզ փորձում են թուլացնել, դրա համար մեզ պետք է շատ ավելի կրթել սերունդներին՝ պատմություն, ռազմական կրթություն, նաեւ սպորտային պատրաստվածություն սովորեցնել: Չմոռանամ շեշտել հոգեբանական կրթությունը, ինչն արեց Ադրբեջանը` իր սերունդի մեջ մտցնելով ատելություն դեպի հայ ազգը: Ռամիլ Սաֆարովի օրինակը վկա, ում տվեցին հերոսի կոչում՝ այն բանից հետո, երբ կացնահարեց քնած հային:
— Դուք մշտապես վեճի ու հակամարտության մեջ եք սոցհարթակում ադրբեջանցիների հետ: Ի՞նչ են ուզում Ձեզնից:
— Ես, ինչպես յուրաքանչյուր իրեն հարգող հայ տղամարդ՝ ինձ պահում եմ արժանավայել: Ես չեմ կարող հանդուրժել նրանց, ովքեր փորձում են կպնել իմ երկրին, իմ եղբայրներին, հայ կնոջը եւ այլն: Ես չեմ պատրաստվում դա հանդուրժել: Կռվել եմ եւ շարունակելու եմ կռվել:
— Վերադառնալով մեր երգարվեստին՝ հետաքրքիր է Ձեր կարծիքը՝ ի՞նչ է կատարվում մեր մշակույթի հետ:
— Խնդիրն այն է, որ հիմնականում շատերը վերցնում են արդեն իսկ ճանաչում ունեցած երգերը, որոշակի ձեւափոխում են եւ ներկայացնում են հանրությանը: Իհարկե, խոսքս բոլորին չի վերաբերվում, սակայն դա շատ տարածված երեւույթ է: Ես երաժիշտ եմ ու դա շատ լավ եմ հասկանում: Կարծում եմ, որ շատ պետք է ուշադրություն դարձնել մշակույթին: Եթե արտիստը լավ չի վճարվում, ապա նա սկսում է անել այն, ինչ կարողանում է եղածով անել, սակայն չի կարող զարգանալ, իսկ որակի համար գումար է հարկավոր: Շատերը ասում են՝ փող պետք չէ, կարեւորը՝ տաղանդն է, բայց որակ ստանալու համար գումարը շատ կարեւոր է: Օրինակ, ասեմ նաեւ մեր դերասանների մասով: Վերցնել մի քանի էջ անորակ սյուժե գրել ու տալ դերասանին, հետո որակ պահանջել, չի ստացվում: Ամեն ինչում որակ է պետք, որը կապված է գումարից: Ամեն դեպքում, ես պահում եմ որակը իմ եթերներում ու փոխարենը ունենում եմ բարձր գնահատանք իմ ունկնդիրների կողմից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ