Ինչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացում
Ներքաղաքական
«Իրավունք»-ի զրուցակիցն է Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
— Պարոն Խաչատրյան, եկեղեցու կանոնակարգի համաձայն՝ Բագրատ սրբազանը կարո՞ղ է լինել վարչապետ, թե՝ ոչ։
— Պետք է նշեմ, որ դա Սահմանադրությամբ կարգավորվող երեւույթ է, իսկ Սահմանադրության մեջ այդպիսի բացառում չկա։ Այս տեսակետից՝ եկեղեցական կարգի մեջ էլ մենք այդպիսի օրինակ ունենք։ Կար Տեր Հուսիկ քահանա Լազարյան, ով կուսակցություն էր ղեկավարում (ղեկավարել է ՀՀՇ վարչությունը, - հեղինակ)։ Նա կարող էր հավակնել կամայական պաշտոնի՝ որպես կուսակցության ղեկավար։ Այս տեսակետից այդպիսի սահմանափակումներ չկան դե յուրե, հետեւաբար՝ դե ֆակտո եւս: Կամայական համանման խնդիր պետք է դիտվի օրենքի շրջանակում։ Արգելվա՞ծ է օրենքով, թե՞ այդպիսի արգելանք չկա։ Եթե արգելանք չկա, ապա դրա մասին խոսելը կարող է լուրջ չլինի։
— Իսկ հնարավո՞ր է զբաղեցնել քաղաքական պաշտոն եւ շարունակել մնալ եպիսկոպոս։ Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը որեւէ մի փուլում քաղաքական հայտ ներկայացնի, ի՞նչ է լինելու իր հոգեւոր կոչման հետ:
— Կապ ունի, թե ասվածի վրա ներկառուցված իմպլիկացիոն հարցն ինչպե՞ս ենք դիտարկում, քանի որ եթե ասվածին հաջորդում է «ապա»-ն, արդեն վկայում է այն մասին, որ մենք խոսում ենք այնպիսի մի բանից, ինչը կարող է լինել կամ չլինել։ Մինչդեռ, եթե այդպիսի բան եղավ՝ հասկանալի է, որ նրա աշխատանքային պրակտիկայի դաշտը կփոխվի։ Դրանում ոչ մի խնդիր, քանի որ հասկանալի է, որ երկրի բարձրագույն պաշտոնյաներից որեւէ մեկը չի կարող, միեւնույն ժամանակ, զբաղվել, օրինակ, Տավուշի թեմի խնդիրներով կամ Տավուշում քրիստոնեության արմատավորման հարցերով։ Դա շատ հասկանալի բան է, որ պետք է փոխարինվի (կլինի դա ժամանակավորապես, թե՝ այսպես ասած, սովորական կարգով՝ որեւէ մեկը կփոխարինի նրան)։ Այո, հասկանալի բան է, որ նա չի կարող պահպանել միաժամանակ երկու պաշտոն իրար հետ։
— Չե՞ք կարծում, որ եկեղեցին քաղաքական կոնսուլտացիաներ, այնուամենայնիվ, պետք է սկսի, որպեսզի քաղաքական հարթակն, ի վերջո, փոխանցվի քաղաքական գործիչներին, եւ երկրում հնարավոր լինի հասնել քաղաքական փոփոխությունների:
— Ի՞նչ ենք հասկանում` քաղաքական ասելով։ Քաղաքականությունից դուրս հասարակության մեջ ոչինչ չկա։ Կլինի դա եկեղեցին, կլինի սպորտը, կլինի երկրի գազաֆիկացիան, էլեկտրականության խնդիրները, կրթությունը, գիտությունը եւ այլն։ Այս ամենը քաղաքականության մեջ է եւ անխուսափելիորեն իր վրա կրում է քաղաքական կնիքներ։ Երբ մենք ասում ենք, որ քաղաքականությունից դուրս պետք է լինի այսինչը, քաղաքականությունից անմասն պետք է մնա տվյալ կառույցը, չպետք է մոռանանք նաեւ այն փաստը, որ այդ կառույցն արտահայտում է հայ ժողովրդի շահերն ամբողջ աշխարհով մեկ։ Եթե այստեղ գոյություն ունի խնդիր՝ այդտեղից միայն մեկուսացում պահանջելը որքանո՞վ է ճիշտ։ Մինչդեռ լիովին այլ խնդիր է արդեն այն, որ կամայական իշխանությունը կարիք ունի, որպեսզի հոգեւոր ոլորտի գլխավոր կառույցը սատարի տվյալ իշխանությանը։ Դա եւս պատմականորեն եկող ավանդույթ է մեզանում՝ արմատավորված անհիշելի ժամանակներից։ Քրիստոնեության ծագման ժամանակաշրջանից մինչեւ այժմ արեւելյան եկեղեցիների ավանդույթն այս առումով չի խախտվում։
— Վերջին շրջանում շատ քննարկվեց Բագրատ սրբազանի կրած սպիտակ պարեգոտը։ Ի՞նչ նշանակություն ունի այն, մեր հոգեւորականները երբեւէ կրե՞լ են սպիտակ պարեգոտ:
— Ասեմ, որ քրիստոնեության մեջ Աստծո գույները երեքն են՝ սեւը, սպիտակը եւ մանուշակագույնը։ Սպիտակը՝ դա սովորական գույն է, որը կիրառվում է հոգեւորականների զգեստավորման մեջ արդեն։ Օրինակ, մեր ֆակուլտետի առաջին դեկանն էլ պարբերաբար ընդգծված կերպով հագնում էր այդ սպիտակի եւ մոխրագույնի միջեւ երանգ ունեցող գույնով պարեգոտը, որն առավել չափով հենց սպիտակ էր։ Դա անբիծության խորհուրդն իր մեջ կրող գույնն է, միեւնույն ժամանակ, դրանով պայմանավորված են նաեւ մյուս գույները։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ