Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան

Հանդիպում

«Ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում»,- «Իրավունքի» հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` անդրադառնալով Թուրքիայի նախահագ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին:

— Էրդողանը լրագրողների հետ ունեցած զրույցում նշել էր, որ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզ: Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի` նոր ճանապարհային քարտեզ ասելով:

— Նոր ճանապարհային քարտեզը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ծրագիրն է Էրդողանի տրամաբանությամբ եւ Էրդողանի պահանջներով: Էրդողանն առաջ է քաշում հետեւյալ միտքը, որ պետք է մոռանանք ամեն ինչ եւ սկսենք հարաբերություններ, ասես, ոչինչ չի պատահել: Սա է Էրդողանի ուղերձի հիմնական մեխը:

— Թուրքիան տարածաշրջանում եղել է խաղացողներից մեկը, այժմ հնարավո՞ր է դառնա հենց գլխավոր խաղացողը:

— Ըստ էության, Թուրքիան փորձելու է դառնալ հիմնական խաղացող` Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին, եւ բնական է, որ Թուրքիան շտապելու է օգտվել այդ հանգամանքից: Արդեն մեկ հաջողություն գրանցել է Արցախի հարցում, անելով ամեն ինչ ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ` ռազմի: Հաջորդը հայ-թուրքական հարաբերություններն են` Ցեղասպանությունից Հայաստանի հրաժարումը: Սա է Էրդողանի պլան մինիմումը, իսկ պլան մաքսիմումը` Զանգեզուրի միջանցքով դուրս գալ դեպի Կենտրոնական Ասիա: Սա շատ ավելի ծավալապաշտական ծրագիր է, որը տարածաշրջանային գերտերությունների դիմադրությանն է հանդիպել:

— Թուրք-ադրբեջանական դաշինքի ամրապնդումը եւ Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը տարածաշրջանում ինչպե՞ս կգնահատի Ռուսաստանը:

— Կարելի է ասել, որ մենք գործ ունենք մեկ պետության` Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը երկար ժամանակ է հանդես է գալիս ուղղակի կցորդի դերում: Ադրբեջանն այսօր կատարում է թուրքական քմահաճությունները: Մեծ հաշվով չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է զգալի հաջողություններ արձանագրել տարածաշրջանում: Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ, եւ սա արդեն վտանգավոր է Էրդողանի համար: Ուստի` ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում:

— Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վաղուց պատրաստ էր շահագործման, սակայն չի շահագործվում: Ի՞նչն է խնդիրը:

— Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարայի» անցակետի շահագործման պրոցեսը տեւական ժամանակ չենք տեսնելու: Թուրքիան ամեն օր նոր պահանջներ է առաջ քաշելու, որն ավելի է բարդացնելու «Մարգարա» անցակետի շահագործումը:

— Էրդողանն առաջ է բերում` նոր կարգեր, հնարավորությունների պատուհան գաղափարը, ինչի՞ մասին է խոսքը:

— Այստեղ նա նկատի ունի, որ Արցախի հարցը արդեն կարգավորվել է, նրանք ստանալու են Զանգեզուրի միջանցքը եւ դրանով նոր փոփոխություններ են տեղի ունենալու: Ցանկացած կոմունիկացիաների շրջափակում յուրաքանչյուր պետության եւ տարածաշրջանի համար հնարավորություն է, բայց Հայաստանի պարագայում մենք պետք է տեսնենք եւ հասկանանք, թե այդ հնարավորությունը մի նժարին դնելով, իսկ մյուս նժարին դնելով մեր ինքնությունը, պատմական հիշողությունը, Հայոց ցեղասպանության դատապարտումը, որն է ավելի կենսական նշանակություն ունեցող: 30 տարի Հայաստանն ապրել ու զարգացել է փակ պատուհանի պայմաններում, եւ կարծում եմ, որ 30 տարի էլ կարող է ապրել եւ զարգանալ:

— Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Եվ հատկապես Իրանն ինչպե՞ս կարձագանքի դրան:

— Իրանի արձագանքը լինելու է կոշտ, որովհետեւ Թուրքիայի քաղաքականութան ընդլայնումը սկսում է հակասել Իրանի շահերին: Իրանը նշում է, որ տարածաշրջանում փոփոխություններն իրենց համար կարմիր գծեր են: Իրան-Թուրքիա հարաբերությունները կզարգանան Էրդողանի ախորժակին համապատասխան: Եթե Էրդողանի ախորժակը շատ ավելի մեծ եղավ, դա արժանանալու է իրանական կողմի դիմադրությանը:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ