Ինչու Վաշինգտոնն այսքան բացահայտ «գցեց» Նիկոլին
Վերլուծություն
Եվ այսպես, հայաստանյան վայ իշխանությունների կողմից այդքան գովազդված` Նիկոլի բրյուսելյան այցն ու հանդիպումը ԱՄՆ-ԵՄ ներկայացուցիչների հետ, ինչպես եւ ավելի վաղ ենթադրում էինք, ավարտվեց կատարյալ ձախողմամբ: Ավելին, ինչքան էլ որ նիկոլյան թիմն այդ հանդիպումը փորձեց հայաստանյան հանրությանը հրամցնել, որպես Հայաստանին օգնելուն միտված գագաթաժողով, սակայն անգամ գագաթաժողովի նշույլ չկար.ընդամենը կանչել էին Նիկոլին` իրենց որոշումները հայտնելու եւ հրահանգներ տալու:
ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թե ինչու էր այս հանդիպումը դեռ չկայացած, արդեն իսկ ձախողման ենթակա, ակնհայտ էր ի սկզբանե: Հայաստանյան իշխանությունները խնդիր ունեն` համոզել ժողովրդին, թե իրենց արեւմտյան կուրսն արդարացված է, այսինքն, էս է, կկնքեն «խաղաղության պայմանագիրը», դրանով կլուծվի մեր անվտանգության խնդիրը, հետո Արեւմուտքը մեր երկրին այնքան փող կտա, որ բազմակի կգերազանցի ռուսական ուղղությունից եկածը, կանցնենք արեւմտյան վեկտորի եւ կապրենք կուշտ եւ բախտավոր: Իսկ ժողովրդին համոզելու համար երկու պարզ փաստ պետք է կարողանան հիմնավորել: Նախ, որ Արեւմուտքի օգնությամբ իրոք կարող ենք հասնել կայուն խաղաղության: Երկրորդը, որ Արեւմուտքից սպասվում են շատ ավելի մեծ տնտեսական օգուտներ, քան Ռուսաստանից եկածը: Ու եթե այսքանը չեն կարողանում ապացուցել եւ շարունակում են իրենց արեւմտյան կուրս կոչվածը, ապա դրանով հակառակն են ապացուցելու, որ դիտավորությամբ երկիրը տարել եւ տանում են ամենաքիչը` ավելի վատ վիճակի, որն ունենք, իսկ ավելի ռեալ` կործանման: Հենց այդ բրյուսելյան հանդիպումից էլ սպասում էին ստանալ «արեւմտյան երազանքների» ապացույցները: Թեկուզեւ ձեւական, ընդամենը խոստումների տեսքով, որ Նիկոլը հետ գար եւ սկսեր պոպուլիզմի հերթական հեղեղը, թե` «Արեւմուտքը մեզ ամեն ինչով կօգնի»:
Բայց այն, ինչ Բլինքենի եւ կոռուպցիայի մեղադրանքները շալակած Ուրսուլայի շուրթերով Արեւմուտքը խոստացավ Նիկոլին, ոչ թե փրկության ուղի էր Հայաստանի համար, այլ պարզապես ձեռառնոցի: Ու այստեղ առաջ է գալիս այս պատմության, թերեւս, ամենակարեւոր հարցերից մեկը: Կարո՞ղ էին, չէ, սովորականի պես ոսկե լեռներ խոստանալ, որը, իհարկե, չէին տա, բայց Նիկոլի համար այս պահին լայն պոպուլիստական դաշտ կբացեին: Բայց շարժվեցին միանգամայն հակառակ ուղղությամբ` տվեցին այնպիսի «խոստումներ», որը Նիկոլին անգամ պոպուլիզմից է զրկում: Օրինակ, այն, ինչ խոստացավ մասնավորապես ԱՄՆ-ն թվային տեսքով, այն է` 65 միլիոն դոլար, հավասարազոր էր նրան, որ Բլինքենը հայտարարեր` եկել եմ ասելու, որ վրաս հույս չդնեք: Ուրեմն, ինչո՞ւ գնացին այդ տարբերակով`ոսկե սարերի փոխարեն` մեզ վրա ո´չ անվտանգային, ո´չ տնտեսական հարցերով հույս չդնեք, բայց պարտավոր եք հավատարմորեն ծառայել: Հաշվի չառնելով անգամ այն, որ նման վարվելակերպը լուրջ հարված է հայաստանյան խամաճիկների քարոզչական դիրքերին` արեւմտյան «պայծառ ապագայի» հետ կապված: Սա Բլինքեն-Ուրսուլայի կողմից հատուկ քա՞յլ էր, այնքան են վստահ հայաստանյան կատարածուների հավատարմության եւ դիրքերի ամրության վրա, որ հարկ չեն համարում անգամ «շրջանցիկ մանեւրերի» դիմե՞լ, թե՞ պարզապես հերթական գլոբալ կոպիտ սխալը թույլ տվեցին:
ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԽԱՂԻ ՄԵՋ ԵՆՔ
Մեկ բան հաստատ է. Բլինքենը, որպեսզի կարճաժամկետ կամ միգուցե՝ երկարաժամկետ կտրվածքով սեղմելով հայաստանյան ուղղությամբ արգելակը, անգամ ռիսկի ենթարկելով իրենց դիրքերը, պետք է որ շատ լուրջ շարժառիթներ ունենար: Եվ ահա այս ֆոնին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք մտորումների տեղիք տալիս են: Նախ, բրյուսելյան այս հանդիպման շեմին Իսրայելը բացահայտ հարձակման գնաց Իրանի դեմ՝ հարվածելով Դամասկոսում իրանական դիվանագիտական հաստատությանը եւ դրանով ծայրահեղ սրելով մեծ տարածաշրջանային իրավիճակը: Այն, որ դա ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու հերթական փորձն էր, նաեւ այն, որ այդ հարվածն առանց բրիտանական «դաբրոյի» հազիվ թե լիներ, դժվար չէ կռահել: Ամեն դեպքում, այդպիսի ակնարկներ եղան նաեւ ամերիկյան պաշտոնական հայտարարություններում: Եվ ահա, այս ամենին զուգահեռ, իրողությունն այն է, որ բրյուսելյան հանդիպման թիկունքում եւս պարզ տեսանելի են բրիտանական ականջները, հաշվի առնելով նաեւ փաստը, որ այդ հանդիպումն առաջինն անոնսավորեց MI6-ի սիրասուն ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: Իսկ այն, որ Հայաստանի` կտրուկ արեւմտյան շրջադարձի դեպքում մեր երկրում ՆԱՏՕ-ական ուժերի արագացված տեղակայման հեռանկար էր բացվում, կարելի է հասկանալ: Թեկուզեւ Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի սրելու պատճառաբանմամբ: Ու այստեղ այս հարցն է՝ իսկ ինչպե՞ս եղավ, որ հենց այս պահին Բաքուն, որը ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու ջատագով բրիտանա-իսրայելյան թիմի դաշնակիցն է, հենց այս ամենին զուգահեռ գնաց սրացումների: Բրյուսելյան հանդիպման պատճառո՞վ, որն ակնհայտորեն Բաքվի համար խնդիր չէ: Կարելի է նաեւ այսպես ձեւակերպել. այն բրյուսելյան հանդիպմա՞ն, որի թիկունքում ցցված են իր մերձավոր բրիտանա-իսրայելյան թեւի ականջները: Ու այս ամենին զուգահեռ՝ պատահակա՞ն է, որ իրանական մի շարք աղբյուրներ Իսրայելից զատ, նաեւ Բաքվի հասցեին են մեղադրող ակնարկներ հնչեցնում Դամասկոսի հյուպատոսարանի վրա հարձակման հետ կապված: Կամ, պատահակա՞ն է, որ այս ամենին զուգահեռ, իրանական աղբյուրները տեղեկատվական արտահոսք կազմակերպեցին՝ Հայաստան ռազմական բեռներ (անօդաչուներ եւ այլն) փոխանցելու մասին:
Իհարկե, միամտություն կլիներ այս բոլոր պարամետրերի համընկնումը պատահականություն համարել, եւ շատ նման է, որ այս փաստեր խոսում են ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու պլանավորված օպերացիայի մասին, որը նաեւ ռուսների համար երկրորդ ճակատ է բացելու: Մոտավորապես այնպես, ինչպես ուկրաինական ուղղությամբ էին ծրագրում, երբ բրիտանա-իսրայելյան մանկլավիկ Մակրոնը (ամեն դեպքում, հենց այնպես չէ, որ, օրինակ, նախօրեին Բրիտանիայի արտգործնախարար Քեմերոնը եւ Ֆրանսիայի վարչապետի «կնոջ» եւ համատեղության կարգով՝ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնենի հետ համատեղ հայտարարեցին, թե՝ Ուկրաինայի պարտությունը կնշանակի Արեւմուտքի պարտություն) հանկարծ սկսեց խոսել Ուկրաինա զորք տեղափոխելու մասին՝ դա կպցնելով ՆԱՏՕ-ի անվան հետ: Ու այս խաղը սկսեց մի փոքր թուլանալ միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը քանիցս ամենաբարձր մակարդակներով հայտարարեց, թե ոչ մի դեպքում Ուկրաինա ամերիկյան զինվորներ չի ուղարկելու: Եվ նույն Մակրոնը նման մի թեզ էլ Հայաստանի հետ կապված է հնչեցնում, որի մասին, չմոռանանք, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը մի իսկական շոու սարքեց բրյուսելյան հանդիպման շեմին: Ու եթե Բրյուսելում Բլինքենը սկսեր խոսել Հայաստանին ցուցաբերվելիք մասշտաբային օգնության մասին եւ ոչ թե 65 միլիոնանոց ձեռառնոցին սարքեր, ապա, արդյոք թվարկված արեւմտյան ուժերը չէի՞ն հրամցնի, որպես ԱՄՆ-ից եկած «դաբրո»՝ անցնելով Հայաստան «ֆրանսիական ռազմական օգնություն» բերելու փուլին: Առավել եւս, եթե Իրանը տաք-տաք վիճակում մի քանի հարված հասցներ Իսրայելին: Գումարենք բրյուսելյան հանդիպման մասին Մոսկվայի ռեակցիան ու կհայտնվեինք Երրորդ աշխարհամարտից մի քանի վայրկյան պակաս վիճակում:
ԻՆՉ Է ՊԵՏՔ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ
Բայց ահա Բլինքենը նախ՝ համառորեն համոզեց Թեհրանին, որ Դամասկոսի հարվածի հետ Վաշինգտոնը որեւէ կապ չունի: Բացի այդ, շատ նման է, որ անգամ սեփական դիրքերը թուլացնելու ռիսկին գնալով, Վաշինգտոնը հրապարակավ հայտարարեց Նիկոլի` նման չնչին օգնության խոստման մասին, որը եւս ռուս-իրանական ուղղությամբ բախման չգնալու հարցում արգելակի տպավորություն է թողնում:
Ամեն դեպքում, չմոռանանք, որ արդեն տեւական ժամանակ է, որ Իսրայելն ու Բրիտանիան միանգամայն հասկանալի դրդապատճառներով համառորեն փորձում են ամերիկացիներին Մերձավոր Արեւելքում ներքաշել հակաիրանական պատերազմի մեջ: Բայց անգամ այն պարագայում, երբ եմենցի հուսիթները արգելափակեցին Կարմիր ծով – Սուեզի ջրանցք անցումը, որն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար կենսական նշանակություն ունի, Վաշինգտոնն էլի խուսափեց պատերազմից: Ու միայն այս օրինակը գալիս է հուշելու, որ առնվազն այս պահին պատերազմ չսկսելու հրամայականն ամերիկյան գործող վարչակազմի համար գերիշխող է մնացած ամեն բանի հանդեպ: Թե ինչու, կարելի է հասկանալ. ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, երկիրը ֆինանսական կոլապսի առաջ է, ԱՄՆ պետական պարտքը, որը Թրամփը հանձնեց մոտ 22 տրիլիոն դոլարի մակարդակով (կորոնավիրուսի պատճառով աճով հանդերձ), հիմա 35 տրիլիոնի շեմին է՝ բոլոր հետեւանքներով հանդերձ, Բայդենի իշխանությունը մազից կախված վիճակում է, եւ նոր, առավել եւս՝ մասշտաբային պատերազմը կդառնա այդ թելը կտրող մկրատը: Առավել եւս, երբ այդ պատերազմն ուղղակիորեն ԱՄՆ-ի թիվ 1 հակառակորդի՝ Չինաստանի հետ չի առնչվելու: Այսինքն, թեկուզեւ միջին մասշտաբի պատերազմը, ասենք՝ Իրանի հետ, եթե անգամ ռուսները չխառնվեն, էլի ԱՄՆ-ի համար ծանր հարված է, իսկ Չինաստանի համար՝ թռիչք:
Կարճ ասած, պետք է գոնե մինչ ընտրությունները դիմանալ, եւ այս իրավիճակում Նիկոլին գցել-չգցելու թեման Վաշինգտոնի համար անգամ ոչ թե տասներորդական, այլ ընդհանրապես օրակարգային հարց չի կարող լինել:
Ամեն դեպքում, Նեթանյահուն արդեն գրեթե բանտի ճանապարհն է բռնել, Սունակին խոստանում են հազիվ մեկ ամսվա վարչապետական կյանք: Այսինքն, MI6-ի սարքած՝ Հայաստանի եվրոպասիրության եւ Ալիեւի իսրայելասիրության այս նոպան դառնում է քիչ հեռանկարային: Չնայած, Ալիեւը ջրից չոր դուրս գալու բազում քայլեր ունի: Մնում է տեսնել, թե Նիկոլն ինչ կանի: