Հայաստանի անվտանգության հարցը լուծել Արեւմուտքն անգամ չի խոստանում
Վերլուծություն
Այն, որ Բրյուսելում Նիկոլի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը Հայաստանի համար ունենալու է ճակատագրական նշանակություն, ի սկզբանե էր ենթադրելի: Այսինքն, դրա արդյունքով վերջնականապես հստակեցվելու է, թե հայաստանյան գործող խունտան ինչ կուրս է փորձելու` պարտադրելու երկրին՝ դեպի Արեւմո՞ւտք, թե՞ վերադարձ ռուսական վեկտորին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Ասում ենք՝ փորձելու, քանի որ մեծ հարցական է, թե այս կամ այն ուղղությունն ընդունելու դեպքում դա Հայաստանի համար վերջնակա՞ն շարժի կվերածվի, թե դեկլարացիայից այն կողմ կարող է եւ չանցնել:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, ի՞նչ է կատարվում: Նախ, մինչ հանդֆիպումը բավականին ակտիվ էր Բլինքենը, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ում բուն հանդիպման, դրա միջոցով խնդիրներ լուծելու հարցում որոշակի տարակուսանքներ կան: Պետքարտուղարի գնահատմամբ, խոսքը տնտեսական բնույթի հանդիպման մասին է: Թե ինչ կա դրա տակ, հասկանալի է: Նիկոլյան իշխանությունների առաջ, ինչպես 2018թ.-ից ի վեր պնդում ենք, հստակ խնդիր է դրված՝ Հայաստանը հանել ռուսական ուղղվածության կառույցներից, հեռացնել ռուսական ռազմաբազան: Սակայն այդ դեպքում մեկ պարզագույն հարց կա. ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական կապերը զրոյական են, ավելի ճիշտ, Արեւմուտքը Հայաստանից վերցնում է այն, ինչ իրեն պետք է (մետաղ եւ նման բաներ), եւ վերջ: Այսինքն, ռուսական ուղղությունից հրաժարվելու հենց հաջորդ օրը Հայաստանը հայտնվելու է տնտեսական կոլապսի մեջ, ընդ որում, հսկայական վնասներ կկրեն նաեւ իշխանական օղակի բազում ներկայացուցիչներ: Համոզվելը դժվար չէ. դեպի ՌԴ Հայաստանի արտահանումը, անցած տարվա կտրվածքով, մոտ 3,5 միլիարդ դոլար էր (ճիշտ է, ԱՄԷ Հայաստանի արտահանումը եւս տպավորիչ է՝ 2,2 միլիարդ, սակայն դա արհեստական թիվ է, խոսքը ոսկու եւ թանկարժեք քարերի մասին է, որը եւս կկտրվի՝ ռուսական ուղղության փակվելուն պես): ՌԴ-ից Հայաստան ներմուծումը 4 միլիարդի չափ է (ոսկու ու քարերի մասին մասին չենք մոռանում), որը զգալի չափով էժան գներով տրվող կենսական հումքի տեսքով է (գազ, վառելիք, հացահատիկ եւ այլն), եւ միջազգային գներից էժանության հաշվին եւս Հայաստանը ամենաքիչը մի 1,5 միլիարդի չափով օգտվում է: Գումարենք մասնավոր տրանսֆերները, «խոպանչիների» կողմից «գրպանով բերված» փողը եւ այլն: Այսինքն, ամենահամեստ հաշվարկներով ռուսական ուղղությունից Հայաստան տարեկան 6 միլիարդ դոլարի չափ փող է գալիս, եւ որը մի ժամում կկտրվի՝ եվրոպական կուրսի պարագայում: Իսկ դա, գումարվելով նիկոլյան թիմի հանդեպ մյուս՝ ոչ տնտեսական պատճառներով առկա աճող ատելությանը, խոստանում է այնպիսի ալիք, որը հաստատ ամենալուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի վարչախմբին, ու այս դեպքում անգամ վազգենանմաններն օգուտ չեն տա: Եվ եթե սպասվող հանդիպման հիմքը տնտեսականն է, ապա գրեթե կասկած չկա, որ հենց այդ խնդիրների կոմպլեքսն է, որ Նիկոլը պետք է դներ Բլինքենի եւ Ուրսուլայի առաջ: Այն է՝ տարեկան վեց միլիարդ, որը պետք է առնվազն Հայաստանի ներկա մակարդակը պահելու համար: Ընդ որում, «մաքուր» վեց միլիարդ, եւ ոչ թե վարկեր, որոնց տակ Հայաստանն առանց այդ էլ ճռռում է. Նիկոլի օրոք արտաքին պարտքը 6-ից հասավ 12 միլիարդի: Գումարած, Արեւմուտքը պետք է բացի շուկաները, լուծի լոգիստիկայի հարցերը եւ այդպես շարունակ:
Հանդիպման արդյունքում ստացավ 130 միլիոն` ընթացիկ տարվա համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Սակայն, չնայած թվարկված լրջագույն դետալներին, այս պահին ամենեւին էլ տնտեսական խնդիրը չէ, որ Հայաստանի համար նիկոլյան իշխանությունների պատճառով գլխավորն է: Այսօր Հայաստանի բնակչության համար անզեն աչքով էլ է տեսանելի, որ շատ ավելի լուրջ եւ մտահոգիչ է անվտանգության հարցը: Այսինքն, անկախ այն բանից, թե տնտեսական հարթությունում ինչ կասի Բլինքենը, առաջնային սպասելիքները հենց անվտանգային հարցերն են: Եվ այն, որ նախօրեին պետքարտուղարը խոսեց Ալիեւի հետ, ցույց է տալիս, որ Վաշինգտոնում եւս այն նյուանսը շատ լավ հասկանում են, այսինքն՝ նախապես Նիկոլն այդ ամենը ներկայացրել է:
Բայց ահա Ալիեւի հետ ունեցած Բլինքենի զրույցի մասին պաշտոնական տեղեկատվությունը հուսադրող քիչ բան է մեզ տալիս: Այսինքն, ըստ այդ աղբյուրների, Ալիեւը, մասնավորապես, ասել է, որ ըստ «իր ունեցած տեղեկությունների՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսին են Հայաստանին ռազմական օգնությունը եւ համատեղ զորավարժությունները, Ադրբեջանին սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Եվրոպական Միության Խաղաղության հիմնադրամի միջոցով եւ ԱՄՆ բյուջեի հաշվին Հայաստանին զինելը»: Նաեւ, որ այդ ամենը տանելու է տարածաշրջանային նոր շիկացումների: Այդպես է, թե՝ ոչ, դա դեռ հարցի մի կողմն է: Այս պահին նկատենք՝ Ալիեւն առնվազն փորձում է ցույց տալ, որ Արեւմուտքի հետ Հայաստանի այդ հնարավոր գործարքը համարում է իրեն ուղղված սպառնալիք, որը կփորձի էս գլխից կանխել: Այսինքն, եթե Նիկոլը շարունակում է խոսել «խաղաղության ծրագրից», ապա հոկտեմբերի 5-ի հանդիպումը սպառնում է անորոշ ժամանակով հետաձգել այդ հարցը:
Ընդ որում, Հայաստանին անվտանգային տեսանկյունից որեւէ բան չտալով, այլ, թերեւս, էլ ավելի խորացնելով խնդիրը: Նախ, այդ ամենը, որոնց մասին խոսեց Ալիեւը, այն է՝ ՆԱՏՕ-ական համակարգի հետ Հայաստանի ինչ-որ ռազմական օղակների ստեղծումը, սպառնալիք են համարում Ռուսաստանը, Իրանը, ինչպես ցույց տվեց Լավրովի եւ Ֆիդանի նախօրեին կայացած հեռախոսազրույցը՝ նաեւ Թուրքիան: Վերջապես, Վրաստանի խորհրդարանում այս պահին քննարկվում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք, ու թեեւ իշխանությունները պնդում են, թե դա ռուսական ազդեցությամբ չի արված, մեկ բան հաստատ է: Նման օրենքի կարիք սովորաբար առաջանում է այն դեպքում, եթե տվյալ երկրի իշխանությունները տեսնում են արեւմտյան «հեղափոխական» ազդեցության նվազեցման եւ վերահսկելի դարձնելու սուր խնդիր: Ու երբ Թբիլիսին շարժվում է այդ ուղղությամբ, դժվար չէ հասկանալ, որ տարածաշրջանը Հայաստանի միջոցով ոչ պաշտոնապես ՆԱՏՕ-ականացնելու ծրագրերին նա եւս, մեղմ ասած, հազիվ թե կողմ լինի:
Իհարկե, Բլինքենը փորձում էր Ալիեւին համոզել, թե չկա որեւէ ռազմական քննարկում, պետք է շարունակել «խաղաղության պայմանագիրը» եւ այլն: Այսինքն, որ Հայաստանի անվտանգության թեման իրենց համար այս պահին չկա, եւ դա արդեն իսկ խորը մտահոգությունների տեղիք է տալիս: Չնայած, դատելով Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյի՝ նախօրեին տված հարցազրույցներից, Հայաստանի անվտանգության ապահովողի դերը տրված է Ֆրանսիային: Բնականաբար, դեսպանը սկսեց Ռուսաստանին «տրորելով», եւ, չգիտես ինչու, նրա խոսքերը կարելի է համարել նիկոլյան քարոզների կրկնությունը: Ապա հասավ այն մտքին, թե՝ «Ես ներկայացնում եմ Ֆրանսիան, որն իր կարողությունների սահմաններում կարող է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանել իր ժողովրդին, իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այսինքն` չսպասել, որ լինի ռազմական նոր դրվագ օգնելու համար Հայաստանին: Այս պատճառով է, որ մենք սկսել ենք պաշտպանության ոլորտում համագործակցություն Հայաստանի հետ»:
Ու այստեղ շատ պարզ հարց է առաջանում՝ իսկ որո՞նք են Ֆրանսիայի «կարողությունների սահմանները»: Բայց լավ է, դեսպանը մի փոքր ազնիվ գտնվեց եւ պարզ ակնարկեց, որ այդ «սահմանները» չեն լուծելու Հայաստանի անվտանգային հարցերը: Ըստ դեսպանի. «Մենք այստեղ ենք, որ պրագմատիկ ձեւով արձագանքենք ձեր կարիքներին եւ մենք արդեն դա ցույց ենք տվել ռազմական ոլորտում: Դա չի խանգարել Հայաստանին՝ չլքել ՀԱՊԿ-ը»: Մարդկային լեզվով ասած՝ մեզ վրա այնքան էլ շատ հույս չդնեք, լավ կանեք, որ այդպես էլ ՀԱՊԿ-ը չլքեք:
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ
Այսպիսով, ամեն ինչ նման է նրան, որ Բրյուսելի հանդիպմանը փորձցին Հայաստանին ինչ-ինչ խոստումներ տալ նախ՝ ֆինանսական իմաստով: Բայց ասել, որ տարեկան 6 միլաիարդ դոլարի կարգի ֆինանսական օգնություն կտրամադրեն, այն էլ՝ ոչ պետական վարկերի տեսքով, որեւէ լուրջ մարդ կհավատա՞: Ընդ որում, մեծ հարց է, թե խոստացածը կտա՞ն, եթե Հայաստանն իրոք հեռանա ռուսական համակարգից: Թեկուզեւ պարզ փաստը հաշվի առնելով՝ դեպի Արեւմուտք տնտեսական արտահանումների լոգիստիկա պարզապես չունենք: Ունենալու դեպքում էլ չկան հայաստանյան այն ապրանքները, որոնք Եվրոպայում մրցունակ կլինեն: Եվ եթե անգամ հրաշքով մրցունակ լինեն, մեկ է, Ուկրաինայի օրինակը չմոռանանք, թե ինչպես են եվրոպական ֆերմերները ուկրաինական ապրանքների առաջ ճանապարհ փակում: Անվտանգային առումով. միջինից ցածր ուղեղ ունեցող որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ ֆրանսիացի կամ ամերիկացի զինվորները կարող են գալ Հայաստանի սահմանները պաշտպանելու: Կամ ողջ տարածաշրջանի կողմից մերժված լինելու պարագայում այդ ինչպե՞ս են ռազմական օգնություն Հայաստան հասցնելու:
Կարճ ասած, Բրյուսելում ընդամենը Նիկոլին մի փոքր քարոզչական հիմքեր սարքեցին, մի քիչ էլ վրան գոռացին՝ փորձելով նրան վերջնականապես տանել հակառուսական ուղղությամբ: Բայց եթե անգամ նա դա ընդունի, կարո՞ղ է գոնե միջանկյալ լուծում ստանալ ներհայաստանյան հարթակին ի ցույց դնելու համար: Ի վերջո, Ալիեւը շարունակելու է սահմանային գյուղեր պահանջել, այս մեկը տաս, մյուսը կուզի, մինչեւ որ Նիկոլն իր լատունից սարքած Հայաստանի մակետից կկտրի նաեւ Սյունիքը: Չնայած, մինչ այդ, ներհայաստանյան նյարդային վիճակը միայն ավելանալու է եւ հաստատ շատ արագ կպայթի: Արեւմուտքը հենց այդ ամենը՝ Ալիեւին կանգնեցնելու եւ «խաղաղության պայմանագիր» ստորագրել տանելու հարցն է, որ այդպես էլ չի կարողանում լուծել: Նիկոլի համար հենց դա է թիվ 1 խնդիր, եւ հենց այդ հարցն է, որ Բրյուսելում չէր կարող լուծվել: Մնացածը… չնայած` հետեւենք հանդիպմանը հաջորդելիք փուլին: