Կանգնելու կամ հետ քաշվելու լիմիտ Մոսկվան այլեւս չունի
Վերլուծություն
Վաշինգտոնը շարունակում է ակտիվ փորձերը՝ Կրոկուսի ահաբեկչության հետ կապված Ուկրաինային հարվածի տակից դուրս բերելու ուղղությամբ: Եվ դա հասկանալի է. եթե հաստատվի, որ Կիեւն այս ահաբեկչական հարձակման հարցում թեկուզեւ միջանկյալ օղակի դեր ունի, ապա մեղադրանքների վեկտորն անմիջապես կուղղվի դեպի Վաշինգտոն եւ Լոնդոն: Ու այս դեպքում նորից նախագահ դառնալու Բայդենի եւ նրա շրջապատի ծրագրերը հզոր հարված կստանան:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Այսպես, ինչպես Սպիտակ տունը, այնպես էլ Պետքարտուղարությունը, արդեն ոչ այնքան ԻԳԻԼ-ին են մեղադրում, որքան փորձում են առաջ տանել թեզը, թե Կիեւին մեղադրելու որեւէ ապացույց չկա: Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի պաշտոնական հայտարությունը նույնիսկ կարող է հավակնել «տարվա զավեշտ», «տարվա աբսուրդ» եւ նման բազում այլ մրցանակների: Ըստ խոսնակի՝ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորը հաստատ Ուկրաինան չէր, քանի որ Կիեւն է այդպես ասել. «Դուք տեսաք, որ ուկրաինական իշխանությունը դա հստակ ասաց»։ Ապա դրան գումարվեց երկրորդ աբսուրդը. «Ռուսաստանը չի կարող ապացույցներ ներկայացնել, քանի որ դրանք չկան»:
Այսինքն, եթե հիմնական կասկածյալն ասում է, թե ինքը մեղավոր չէ, ապա դա, պարզվում է, որ Պետքարտուղարության համար արդեն իսկ լիարժեք հիմք է նրան անմեղ հռչակելու համար: Կամ, եթե քննությունը նոր միայն սկսվել է, ամեն ինչ խիստ գաղտնիության պայմաններում է, ապա Միլլերն այդ որտեղի՞ց գիտի՝ Ռուսաստանն ապացույցներ ունի՞, թե՝ չունի: Չնայած, այս հարցն անտեղի է. Կիեւն է ասել, որ մեղավոր չէ, ըստ այդմ, Միլլերը գիտի, որ Ռուսաստանը, բնականաբար, չի կարող ապացույցներ ունենալ:
Իհարկե, այստեղ նույնիսկ ռուսների օգտին մեկ շատ կարեւոր գործոն է հերթական անգամ ցցվում. եթե Պետքարտուղարությունում «պլինտուսից ցած» մակարդակով նման միլլերներ են աշխատում, ապա Մոսկվայի համար, առհասարակ, դա միայն ողջունելի փաստ է: Միայն թե կոնկրետ դեպքում Միլլերի կամ ամերիկյան մյուս չինովնիկների հայտարարություններն արդեն էական չեն: Ինչպես որ, արդեն միայն իրավական հետաքրքրություն կարող է ներկայացնել ապացույցների բազան, թե այ, կոնկրետ այսպես-այսպես է տեղի ունեցել հարձակումը: Նկատի ունենք, որ նախօրեին Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, որը միանգամայն նոր մակարդակ է տեղափոխում այս ամբողջ պատմությունը:
Բայց նախ հարկ է հիշեցնել Պուտինի մեկ այլ հայտարարություն, որը նա պաշտոնապես հնչեցրեց ահաբեկչական հարձակումից մի փոքր անց: Այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր որեւէ մասնակցություն ունեն այդ հարձակմանը, Պուտինը հրապարակավ խոստացավ հայտնաբերել եւ պատժել՝ անկախ նրանց ով լինելուց եւ դիրքից: Սա չափազանց լուրջ հայտարարություն է, սրանով Պուտինը սեփական ողջ հեղինակությունն ու քաղաքական կշիռն է դնում ռիսկի: Այսինքն, եթե մեղադրյալները ողջ ծավալով չհայտնաբերվեն, չպատժվեն, այն է՝ ռուսական լայն հանրությունը դա բավարար չհամարի, դա լուրջ հարված կդառնա ՌԴ նախագահի վարկանիշին: Առավել եւս, որ այս պահին հանրությունն արդեն իսկ ունի պատասխանի սպասող հարցեր: Օրինակ, թեեւ ահաբեկիչները հաստատությունում են գտնվել 10-15 րոպե, սակայն ուժայինները Կրոկուս մտան բավականին ուշ: Ընդ որում, երկար ժամանակ շենքի դիմաց կանգնած, չգիտես ինչ էին անում, երբ արդեն ներսում ահաբեկիչ չկար: Ու ժամանակին մտնելու դեպքում քանի՞ կյանք հնարավոր կլիներ փրկել: Ձախողվեց նաեւ անվտանգության համակարգը, որի գործը նման հարվածները կանխելն է: Բազում հարցեր կան նաեւ հաստատության սեփականատերերի հետ կապված եւ այլն: Սեփականատիրոջ՝ Աղալարովի թեմային դեռ կհասնենք: Այս պահին ֆիքսենք՝ լրջորեն ձախողվեց ներպետական ուժային եւ անվտանգության համակարգը, եւ առկա էմոցիոնալ ֆոնին, հանրությունն այս ուղղությամբ լուծումներ է սպասում նախագահից: Նաեւ լուծումներ, կապված ռուսական հանրային այն բավականին ստվար զանգվածի հետ, որն անտարբերություն, անգամ՝ բացահայտ ծաղր էր դրսեւորում ահաբեկչության զոհերի եւ տուժածների հանդեպ: Նորից գլուխ բարձրացրեց միգրացիոն խնդիրը, եւ այս հարցում եւս Պուտինից արմատական քայլեր են սպասում: Բայց այս ֆոնին, ամենամեծ սպասելիքները, ակնհայտորեն, Պուտինի խոստացածի մասով է՝ գտնել եւ պատժել բոլոր մեղավորներին անխտիր:
Ընդ որում, նաեւ այն տպավորությունը կա, որ հանրությունը նաեւ պատրաստ է իրենից հասանելիքն անել: Ամենագլխավորը, գեներացվել պետության եւ նախագահի շուրջ, եւ այդ համախմբումն այս օրերին պարզ տեսանելի է: Ու հիմա հերթը պետությանն ու նախագահինն է՝ հանրային այդ համախմբումն ուղղորդել անհարժեշտ ուղղությամբ: Եվ շատ նման է նրան, որ այդ շարժն արգելակելը կամ չեղարկելը հանրության կողմից կընկալվի` որպես դավաճանություն:
ՊՈՒՏԻՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Ահա հենց թվարկվածին էլ ուղղված էր Պուտինի նախօրեի հայտարարությունը: Այսինքն, առաջին հերթին տալ հարցի պատասխանը՝ ովքեր են Ռուսաստանի դեմ այս հարձակման գլխավոր մեղավորները՝ պատվիրատուները, կազմակերպիչները, այսինքն, դեպի ո՞ւր պետք է ուղղվի հանրային այդ համախմբումը:
Այսպես, Պուտինի խոսքով. «Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարվել է արմատական իսլամիստների ձեռքով, գաղափարախոսությամբ, որի դեմ դարեր շարունակ պայքարում է հենց իսլամական աշխարհը։ Մենք նաեւ տեսնում ենք, որ ԱՄՆ-ը տարբեր ուղիներով փորձում է իր արբանյակներին եւ աշխարհի այլ երկրներին համոզել, որ իրենց հետախուզական տվյալների համաձայն, Մոսկվայի ահաբեկչության մեջ իբր Կիեւի հետք չկա, որ արյունալի ահաբեկչությունն իրականացվել է ծայրահեղական իսլամի հետեւորդների ՝ Ռուսաստանում արգելված ԻԳԻԼ կազմակերպության անդամնեի կողմից։ Մենք գիտենք, թե ում ձեռքով է այդ վայրագությունը կատարվել Ռուսաստանի եւ նրա ժողովրդի նկատմամբ։ Մեզ հետաքրքրում է, թե ով է պատվիրատուն»։
Այսինքն, ԻԳԻԼ-ն է, թե՝ ով, դա չէ ամենակարեւորը, այլ այն, թե հրամանն ո՞վ է տվել, եւ, ըստ այդմ, ո՞ւմ է ուղղվելու հիմնական պատասխան հարվածը: Եվ ահա, Պուտինը տվեց նաեւ այդ հարցի պատասխանը. «Անմիջապես հարց է ծագում՝ ո՞ւմ է դա ձեռնտու: Այս չարագործությունը կարող է միայն մի օղակ լինել 2014 թվականից ի վեր նեոնացիստական Կի եւի ռեժիմի ձեռքով մեր երկրի դեմ պատերազմելու փորձերի մի ամբողջ շարքի։ Իսկ նացիստները, ինչպես հայտնի է, երբեք չեն արհամարհել իրենց նպատակներին հասնելու համար օգտագործել ամենակեղտոտ ու անմարդկային միջոցները։ Առավել եւս այսօր, երբ նրանց գովազդած հակահարձակումը լիովին ձախողվել է, դա բոլորի կողմից ճանաչված է, եւ չի վիճարկվում։ Ռուսաստանի զինված ուժերը մարտական շփման գծի ողջ երկայնքով հանդես են գալիս նախաձեռնությամբ, իսկ ռազմաճակատի կայունացման ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած բոլոր միջոցները հաջողություն չեն բերում։ Այստեղից էլ՝ մեր սահմանամերձ տարածքներ մտնելու եւ ամրանալու փորձերը։ Հրթիռակոծում, ներառյալ բազմակի հրթիռային համակարգերի օգտագործումը խաղաղ թաղամասերի, քաղաքացիական օբյեկտների, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքի, Ղրիմի կամրջի կամ բուն թերակղզու վրա հրթիռային հարձակումներ իրականացնելու փորձերը: Ահաբեկման արյունոտ ակտերը, ինչպիսին է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, միանգամայն տրամաբանորեն տեղավորվում է այս շարքի մեջ։ Նպատակը, ինչպես արդեն ասացի, մեր հասարակության մեջ խուճապ սերմանելն է եւ սեփական բնակչությանը ցույց տալը, որ Կիեւի ռեժիմի համար ամեն ինչ կորած չէ։ Պարզապես պետք է կատարես քո արեւմտյան կուրատորների հրամանները, կռվես մինչեւ վերջին ուկրաինացիները, կատարես պատվերներ Վաշինգտոնից եւ ընդունես մոբիլիզացիայի մասին նոր օրենք, ստեղծես Հիտլերյյուգենդի պես մի բան՝ իր նոր տեսքով, եւ, իհարկե, ձեռք բերես նոր զենք ու հավելյալ գումար սրա համար, որի մի զգալի մասը կարող ես գողանալ ու դնել, ինչպես սովորաբար Ուկրաինայում, գրպանդ»:
Առավել քան թափանցիկ է ասված՝ կազմակերպիչն Ուկրաինան է, պատվիրատուն՝ արեւմտյան հայտնի օղակները: Այսինքն, անկախ այն բանից, թե Արեւմուտքն ինչպես կարդարանա եւ կարդարացնի Կիեւին, ԻԳԻԼ-ին կմեղադրի, թե «Ալ Քայիդային», սրանով Մոսկվան իր պաշտոնական տեսակետը բոլորին, այդ թվում՝ ռուսաստանյան հանրությանը ներկայացրեց՝ Կիեւը՝ կատարող, Արեւմուտքը՝ պատվիրատու: Ու դա առաջնային օրակարգ բերեց բոլոր մեղավորներին պատժելու մասին Պուտինի հիշատակված խոստումը պրակտիկ կիրառման մեջ դնելու հարցը, ընդ որում, այդ ուղղությամբ մինչեւ վերջ գնալու հիշատակված հանրային պահանջով հանդերձ: Ընդ որում, հաջորդած՝ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի հայտարարությունը նման է եւս մեկ խոստման, որ Պուտինը պատրաստ է մինչեւ վերջ այդ ուղղությամբ շարժվել: Այն է՝ եթե մինչ այս ուկրաինական իրադարձությունները պաշտոնական Մոսկվան ներկայացնում էր, որպես հատուկ ռազմական օպերացիա՝ ՀՌՕ, ապա Պեսկովի խոսքով՝ «Մեն գտնվում ենք պատերազմական վիճակում։ Նախագահն այս ներքին մոբիլիզացիան ունի վաղուց»։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ռազմական առումով եւս որոշակի հետաքրքիր դետալներ կան: Այդ թվում, որ այս օրերին ռուսների կողմից նկատվում է որոշակի նոր (ուկրաինական թատերաբեմի համար) եւ ծանրակշիռ զինատեսակների կիրառում, այդ թվում՝ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռների, որոնց համար առավելագույնը 3-4 րոպե է պահանջվում ռուսական վերահսկողության տիրույթից ուկրաինական ամենահեռավոր տարածքներում թիրախներ խոցելու համար, ընդ որում, մնալով ՀՕՊ համակարգի համար անխոցելի: Ընդ որում, հարվածներն ուղղվեցին ուկրաինական որոշումների ընդունման կենտրոնների վերին օղակներին, ինչը եւս կարելի է նոր բան համարել: Նորից ակտիվացել են նաեւ ռուսական ցամաքային խմբերը՝ մի շարք ուղղություններում վերսկսելով գրոհները, եւ այլն:
Սակայն, ամենառեալ ցուցիչը, որ Ռուսաստանը անվերադարձ կերպով կգնա ռազմաքաղաքական կտրուկ գերակտիվացումների, թերեւս, կառավարական համակարգի այն նոր կազմն է, որը պետք է ձեւավորվի ընտրություններից հետո: Ներքին ուժային, անվտանգային, ռազմական, արտաքին քաղաքական ուղղություններում ի՞նչ փոփոխություններ կլինեն, թերեւս դա ցույց կտա, թե ինչ կոնկրետ քայլերի է պատրաստվում գնալ Մոսկվան: Ամեն դեպքում, մեկ բան հաստատ է՝ հետ քաշվել այս անգամ չի լինի, հնարավոր հետեւանքները շատ լուրջ կարող են լինել: