ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵԼ ՈՉ ԹԵ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԸ, ԱՅԼ` ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Վերլուծություն
Երեւանի սրտում` Թումանյան փողոցում տեղի է ունենում առողջ, գեղեցիկ եւ հաստաբուն ծառերի ոչնչացում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի` միայն այդ փողոցում պետք է հատվեն 160 այդպիսի ծառ: Այդ ամենն արդեն բերել է բնակիչների դիմադրությանը եւ քաղաքապետարանի աշխատակիցների հետ բախումների:
ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ
Բոլորը փորձում են գտնել որեւէ տրամաբանական բացատրություն, թե առանց այդ էլ, ինը տոկոս հեղինակություն ունեցող ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի ինչի՞ն էր պետք էլ ավելի զայրացնել երեւանցիներին, այն էլ` սպասվող արտահերթ ընտրություններից ու սահմանադրական հանրաքվեից առաջ: Ավելին, երկրում առանց այդ էլ խիստ լարված իրավիճակ է` Նիկոլի կողմից Տավուշի չորս գյուղերը Ադրբեջանին նվիրելու կապակցությամբ: Եվ այս բարդ իրավիճակում ինչի՞ն էր պետք Ավինյանին էլ ավելի զայրացնել ժողովրդին ու լարել իրավիճակը:
Այս հարցի տրամաբանական պատասխանը չի երեւում: Որպես վարկածներից մեկը նշվում է այն, որ քաղաքապետարանը պարզապես փող է լվանում` ձեռք բերելով թանկ գնով տնկիներ, ինչը, իհարկե, շատ հնարավոր է հաշվի առնելով այն համատարած թալանը, որը տեղի է ունենում ոչ միայն քաղաքապետարանում, այլ նաեւ ամբողջ երկրով մեկ: Սակայն փող լվանալու տեղ, բայց առանց աղմուկի, կա ինչքան ուզես, եւ կարելի էր այդքան ցուցադրաբար այդ գործերը չանել եւ «աշախատել» ավելի շատ փող` շատ ավելի քիչ աղմուկի պայմաններում:
Այստեղ կա եւս մեկ վարկած, որը կապված է Նիկոլի կողմից իր հանցագործությունները կատարելուց առաջ նշաններ ի ցույց դնելու հետ: Այդ նշանները տեղեկացնում են սպասվող սարսափելի իրադարձությունների մասին: Այդ պրակտիկան կիրառվում է մասսոնական ավանդույթների կամ էլ սատանայապաշտական ծեսերի մեջ: Այդ նշանների լեզուն հասկացողները որպես այդպիսի նշաններից վերջինը նշում են Տավուշի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլի սեղանին դրված եռագույն ավազե ժամացույցները, որոնք խորհրդանշում են, որ Հայաստան պետության ժամանակն ավարտված է:
Այս տեսակետից դիտարկելով` Թումանյան փողոցում կանգուն ու առողջ ծառերի սպանդը սատանայապաշտ նշանների մասնագետները նշում են, որ սա խորհրդանշում է հայերի ցեղասպանությունը հենց Հայաստանի սրտում` Երեւանի կենտրոնում: Ինչքան էլ անհավանական թվա այդ վարկածը, ծառերի ցեղասպանության որեւէ այլ հոդաբաշխ բացատրություն չունենալու դեպքում այն բացահայտում է այդ, առաջին հայացքից, բացարձակապես անտրամաբանական գործողության իմաստը: Ավելին, այդ գործողությունը կատարվում է Սուրբ Զատիկի նախօրեին, Ավագ շաբաթվա ընթացքում, ինչը նույնպես ունի իր նենգ խորհրդանշական նշանակությունը:
Եթե հաշվի առնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս օրերին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ադրբեջանական բուլդոզերները հողին են հավասարացնում կանգուն ու գեղեցիկ շենքերը, ապա վերոհիշյալ վարկածը այդքան էլ ֆանտաստիկ չի թվում:
ՉԱՐ ՈՒԺԵՐԻ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ
Ի վերջո, աշխարհում տեղի է ունենում պայքար բարու եւ չարի միջեւ, եւ բարին դա քրիստոնեական ուսմունքի ու աշխարհահայացքի կրողներն են: Հետեւաբար, չարը դա սատանայական դրսեւորումն է, այն է` փողի գերիշխանությունը, հոմոսեքսուալիստների խրախճանքը, մանկապղծությունը, ժողովուրդների եւ երկրների գաղութացումը եւ այլն: Սրանք, այսպես կոչված, լիբերալ աշխարհի հռչակած արժեքներն են եւ որպես դրոշ բարձրացվել են արեւմտյան երկրներում ու նրանց սպասարկողների մոտ:
Դրան հակառակվում է Ռուսաստանը, որը դարձել է արեւելյան քրիստոնեության արժեհամակարգի պատվարը: Հենց Ռուսաստանում է, որ արգելվել է ԼԳԲՏ-ի քարոզը, եւ հենց այդ երկիրն է, որ պայքար է մղում իր ինքնիշխանության եւ բազմաբեւեռ աշխարհի համար ընդդեմ գաղութացման ու ժողովուրդների ստրկացման: Ահա այս ավելի ու ավելի կատաղի դարձող հակամարտության մեջ Հայաստանի իշխանությունները դարձել են չար ուժերի խամաճիկներ: Եվ գիտակցված, թե ոչ գիտակցված մեր երկիրը դնում են սատանայապաշտերի զոհասեղանին:
Նիկոլը իր վերջին հարցազրույցում գնաց էլ ավելի հեռուն` ասելով, որ Հայաստանը դառնալու է Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ոչ միայն ճանապարհային հաղորդակցության, այլ նաեւ գազամուղների, մալուխների եւ այլ ենթակառուցվածքների համար տարանցիկ երկիր: Իսկ նիկոլական սազանդարները, որոնցից յուրանքանչյուրի թիկունքում մի քանի քրեական գործեր են կախված, Նիկոլին արդարացնելու համար արտահայտում են բացարձակ հակահայկական եւ ցինիկ մտքեր:
Ասֆալտային գեներալ, ադրբեջանամետ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, կրկնելով Նիկոլին, հայտարարեց, որ Տավուշի չորս գյուղերը ադրբեջանական են, եւ դեռ մի բան էլ մուննաթ եկավ, թե քանի անգամ դա կարելի է կրկնել: Մեկ այլ ադրբեջանամետ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ոչինչ սարսափելի չի տեսնում, սարսափելի չափերի հասած արտագաղթի մեջ: ՀՀ ծաղրանկարային նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը, ինչպես նախկինում դա հանվել է ԱԳՆ կայքից: Ադրբեջանամետ նիկոլական ռեժիմի պետական արարողակարգային պարտադիր այցելությունների շարքից հանվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը: Այսպիսով, Հայաստանի ամբողջ իշխանությունը` վարչապետով, կառավարությունով, ԱԺ-ով ու, այսպես կոչված, նախագահով, ակնհայտորեն ադրբեջանական են: Կատարում են Ադրբեջանի կամքը եւ հանձնարարականները, գործում են հօգուտ Ադրբեջանի, իրենց գործունեության արդյունքում Հայաստանը եւ հայ ժողովուրդը տուժում է, իսկ Ադրբեջանը հետզհետե ձեռք է բերում նորանոր տարածքներ, քաղաքներ, գյուղեր, ճանապարհներ, վարելահողեր, հանքեր, արոտավայրեր, զնեքեր-զինամթերքներ եւ այլն: Այսպիով, ճիշտ կլիներ, ոչ թե չորս գյուղերը, այլ Հայաստանի իշխանություններին հանձնել Ադրբեջանին, քանի որ ամենաադրբեջանականը, այն ամենից ինչ կա այսօր Հայաստանում, դա ՀՀ իշխանություններն են:
ԳԶՎՌՏՈՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴՐԱԾՈՅԻ ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ
Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ Հայաստանի արեւմտայն հրահանգիչները պատրաստում են Հայաստանում շատ ավելի արեւմտամետ ընդդիմություն, որը կարող է դառնալ իրականում նիկոլական իշխանության շարունակությունը, այսպես ասած, երկրորդ էշելոնը: Եվ եթե նախկինում հիմնական ներդրումները արվում էին «Սասնա ծռերի» ու դրա հիմնա վրա ստեղծված ԱԺԲ-ի վրա, ապա այժմ ռադիկալ արեւմտամետ ընդդիմության դերակատարումը կարող է փոխանցվել «Մարտական եղբայրություն» խմբավորմանը:
Բանն այն է, որ Բեւեռի մեջ դրված հսկայական ռեսուրսները այդպես էլ սպասված արդյունք չտվեցին: Բեւեռի միջոցառումներին գալիս են մշտապես նույն անձինք, որոնց թվաքանակը այդպես էլ չգերազանցեց հազար հոգին: Արդյունքում ամերիկյան կառույցները սկսեցին զարգացնել մեկ այլ ծայրահեղականացված կազմակերպություն, որի գլխին մինչեւ ուղնուծուծը արեւմտամետ Հրանտ Տեր-Աբրահամյանն է եւ Դավիթ Սանասարյանը: Երկուսն էլ եղել են նիկոլական հեղաշրջման ամենամոլի ջատագովներն ու աջակիցները: Սակայն Նիկոլի երգը արդեն գրեթե երգված է եւ նրան պետք է փոխարինեն նոր արեւմտյան խամաճիկներ: Նշենք, որ Արեւմուտքի «սիրելի կնոջ» տեղի համար պայքարը Նիկոլի , ԱԺԲ-ի ու «Եղբայրների» միջեւ թեժացման նշաններն ունի: Եվ ԱԺԲ-ական համակիրների վերջին գործողությունը Նոր Նորքի ոստիկանական բաժնում այդ մրցակցության արտահայտություններից էր:
Սակայն ԱՄՆ դեսպանատունը կարգավորում է հարցը եւ Նիկոլին արգելում որեւէ խիստ ձեւով վերաբերվել թե՛ «»Ծռերին», թե՛ «Եղբայրներին»: Բնականաբար, Նիկոլը դրան ենթարկվում է, ինչքան էլ իր համար դա անդուր եւ դժվար լինի:
Սակայն այդ գզվռտոցը արեւմտայն գլխավոր դրածոյի պաշտոնի համար անիմաստ է թվում, երբ անդրադառնում ես Երեւանի կենտրոնում ծառերի սպանդի վարկածի տեսակետից: Չէ՞ որ այդ դեպքում Նիկոլի ասած ներկայիս Հայաստանը պատմական Հայաստանի վերածելուց հետո այս տարածքում իշխանությունը անցնելու է թուրքերին կամ ադրբեջանցիներին: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի ազատագրվել ներկայիս ադրբեջանահաճո իշխանություններից, ապա հուսանք, որ կրկին չի կրկնի այն սխալը, որ իր ձեռքով իր գլխին կարգի ավելի վատ իշխանություններ, այլ ընդհակառակը` Հայաստանում վերջ կդրվի արեւմտաթուրքական դրածոներին եւ իշխանության կգան ազգային հայրենասիրական ուժերը, իսկ այդ դեպքում ո՛չ Նիկոլի, ո՛չ, այսպես կոչված, արեւմտյան ընդդիմադիր դրածոների բախտը չի բերի:
ԱՐՄԵՆԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ