ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք ունենք այլընտրանքի հնարավորություն․ Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի մասին
Հանդիպում
<<Մեր քաղաքականությունը բազմավեկտոր քաղաքականություն է, հետեւաբար մեր արտաքին քաղաքականության վեկտորները ուղղված են աշխարհի բոլոր պետություններին։ Պետություններ կան, որ այդ վեկտորի ուղղվածությունը զրոին մոտ է, իսկ պետություններ կան, որ այդ վեկտորի մեծությունները արժեքը շատ մեծ է։ Ռուսաստանի հետ այդ վեկտորի հետ մեծության արժեքը շատ մեծ է, բայց մենք ունենք նաեւ արժեքավոր վեկտորներ դեպի Եվրոպա։ Եվ այս պատմական ժամանակահատվածում կախված տվյալ պահի կոնյուկտուրայի աշխարհաքաղաքական ուղղություններից այս կամ այն վեկտորի մեծությունները կարող է փոխվել՝ փոքրանա կամ հակառակը։ Հիմա ՌԴ-ի հետ մեր արտաքին վեկտորի մեծությունը չի զրոյացել, բայց ահագին փոքրացել է։ Զրո չի դառնա, բնականաբար, երբեք, բայց թե հետագայում կմեծանա, թե ոչ, կախված է ընթացիկ զարգացումներից>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հեռանկարին եւ դրա հետեւանքներին, ասաց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
-Պարոն Աղազարյան, ՀՀ-ն նշում է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, բայց չէ՞ որ ՀԱՊԿ պաշտոնական կայքում կա հստակ նշված ՀՀ տարածքը, գումարած դրան գոյություն ունի Ալմա Աթայի հռչակագիրը։
-Բա ինչո՞ւ չեն պաշտպանում, դե թող պաշտպանեին, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել էր ՀՀ տարածք։ Մենք դիմել ենք, բայց իրենք ասել են, որ դեռ պետք է ճշգրտվի, բա ոնց են ճանաչել։ Այնպես որ սա շատ նուրբ հարց է, եւ մեր արձագանքը այնպիսինն է ինչպիսին կա։ Հիմա թող ՀԱՊԿ-ը պատասխանի հստակ մեր հարցերին, հետո կմտածենք մնացածի մասին։ ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք միշտ ունեցել ենք ու այսօր էլ ունենք այլընտրանքի հնարավորություն, ու եթե մեր գործընկերները չկատարեն իրենց պարտավորություններն ու պարտականությունները (ոչ թե մենք խնդրենք իրենց, այլ իրենք պարտավոր են կատարել իրենց պարտականությունները), ապա ես, որպես ԱԺ պատգամավոր, ում շատ-շատերը համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, հնարավորության դեպքում կբարձրացնեմ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը։