ՀՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը մտահոգում է Իրանին, նրանք պատրաստ են ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության.Աբրահամյան
ՆերքաղաքականԻրանում տարբեր շրջանակների հետ ունեցածս հանդիպում-քննարկումների ժամանակ, Սյունիքի հետ կապված թեման թերևս առանցքայինն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ընդ որում` քիչ չեն այն ուսումնասիրողները, որոնք Սյունիքի թեման Արցախի հետ մի հարթությունում են դիտարկում` և´ աշխարհագրական, և´ քաղաքական` իր ողջ հետևանքներով:
Եվ պատահական չէ, որ Արցախի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվել ընկալվում է նաև որպես իրանական շահերին հասցված հսկայական վնաս:
Նույն տրամաբանությամբ, կարծիք կա, որ ինչ քայլեր էլ Հայաստանն ու Իրանն իրականացնեն Սյունիքի անվտանգության և կայունության համար, քանի Արցախն ադրբեջանցիների ձեռքում է, Սյունիքն ու Իրանն անընդհատ անվտանգային սպառնալիքների ներքո են լինելու:
Իրանցիների հետ շփումներում, ելույթներում ես, իհարկե, նաև հիշեցնում էի, որ Ադրբեջանի` նաև 44-օրյա պատերազմից հետո մեծաքանակ սպառազինության գնումներն ու բանակում իրականացվող թուրքական ռեֆորմները, Արցախի հարավային հատվածներում ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելը, իր մասշտաբայնությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց միջոցով անկայունության ձգտող արտատարածաշրջային ուժերը բացառապես Սյունիքի վրա չեն կենտրոնացած և հիմնական հարվածը կարող է կենտրոնացվել Իրանի ուղղությամբ:
Հայաստանի ու հատկապես Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն անչափ մտահոգում է Իրանին և նրանք այդ ռիսկերի չեզոքացման ուղղությամբ պատրաստ են Հայաստանի հետ խորը համագործակցության տարբեր ձևաչափերի, առաջին հերթին` ռազմական:
Թե այս ռազմական գործակցությունն ինչ է ենթադրում և որքանով է դրանով հետաքրքրված, շահագրված ՀՀ իշխանությունը, սա հարցի լրիվ այլ հարթություն է, որովհետև խնդիրը շատ բազմաշերտ է», - գրել է նա:
Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ խորհրդաժողովին, որին մասնակցում էին Իրանի պետական տարբեր շահագրգիռ կառույցների ղեկավարներ, դիվանագետներ, ներկայացուցիչներ, փորձագիտական կենտրոնների փորձագետներ, Տիգրան Աբրահամյանը հանդես է եկել ելույթով:
Քննարկման թեման էր` Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը` Տարածաշրջանի և արտատարածաշրջանի կոնֆլիկտների սպառնալիքների ներքո:
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության արևելման փոփոխությունները և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը
Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունների մեկնարկը 2018 թվականի մայիսն էր, երբ երկրում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացների հետևանքով իշխանության եկավ մի ուժ, որի նոր առաջնահերթությունների սահմանումը Հայաստանը բավականին ծանր իրավիճակի մեջ դրեց:
Ըստ էության, այս փոփոխությունները ոչ թե կապված են ավանդական դարձած հավաքական Արևմուտք-Ռուսաստան ընտրությամբ, այլ առավել խորը բնույթ են կրում՝ շոշափելով բոլոր այն երկրների հետ հարաբերությունները, որոնց հետ նորանկախ Հայաստանը տարբեր բնույթի հարաբերություններ ունի:
Խնդիրը նույնիսկ այն չէ, թե որտեղ է Հայաստանի համար ավելի կոնֆորտ՝ հյուսի ՞ սի, թե ՞ արևմուտքի առաջադրած պատկերացումներում, խնդիրն այն է, թե արդյո՞ք այս կամ այն փոփոխությունների տակ առկա՞ է հստակ հաշվարկ և որ պակաս կարևոր չէ՝ արդյո՞ք Արևմուտքն ու Ռուսաստանը մեր ընտրության կամ որոշման մասով մեր հետ ունեն նույն պատկերացումները:
Հայաստանը մինչև 2018 թվականը ուներ հստակ արտաքին քաղաքականություն, որտեղ ձևակերպված ու ամրագրված էին մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, և ինչը որ կարևոր էր՝ քաղաքականությունն ու արտաքին աշխարհի հետ մեր շփումները հենց այդ սկզբունքով էին կառուցվում:
Սա ինչու եմ հատկապես շեշտում, որովհետև ո ՛ չ միայն Հայաստանի, այլ շատ երկրներում հաստատվող իշխանությունների դեպքում, շատ ժամանակ սահմանվում է մեկ բան, սակայն իրականացվում լրիվ այլ՝ որոշ դեպքերում՝ սահմանվածի ճիշտ հակառակը:
Հայաստանի իշխանությունը մինչև 2018 թվականը շատ լավ հասկանում էր, թե ձևակերպվածի և իրականում իրականացվող քաղաքականության տարբերությունն ինչպիսի խնդիրներ կստեղծեր, և կրկնո՛ւմ եմ՝ դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականության հիմքում դրվող սկզբունքներ երբեք չէին խախտվում:
Հայաստանի շահերից է բխում՝ հարևանների և առհասարակ միջազգային գործընկերության դաշտում լինել հասկացված, իսկ իրականացվող ներքին և արտաքին քաղաքականությամբ՝ ընկալելի:
Ցանկացած երկրի արտաքին քաղաքականության կառուցումը պետք է սկսվի հարևանների հետ ճիշտ հարաբերությունների կառուցմամբ: Ես այն համոզմանն եմ, որ եթե դրանք հարևանների հետ չլինեն անկեղծ, ապա տվյալ երկիրը միջազգային հարաբերություններում իր դիրքն ու տեղը գտնելու հնարավորություն պարզապես չի ունենա:
Նույնիսկ Հայաստանի նման երկրի պարագայում, երբ 4 հարևաններից 2-ն ակնհայտ թշնամաբար են տրամադրված իր նկատմամբ, դիրքորոշումները պետք է լինեն հստակ՝ առանց ենթատեքստերի և ավելորդ շահարկումներից զերծ:
