«Հայոց պատմության» վերափոխումը, որպես «Հայաստանի պատմության», ունի մեկ նպատակ. Շարմազանով
Ներքաղաքական![«Հայոց պատմության» վերափոխումը, որպես «Հայաստանի պատմության», ունի մեկ նպատակ. Շարմազանով](/timthumb.php?src=disc/26-01-24/879249a06015fe92720b2d1bc27c8ec9.jpg&w=780)
Անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծին` ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ ընդգծեց, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, օրինաչափություն է` իր վարած քաղաքականության տեսանկյունից:
— Նա վարում է Հայաստանի թրքացման ու ադրբեջանացման ուղիղ քաղաքականություն: 2018 թվականից սկսած` ազգային ու պետական, հոգեւոր արժեքների դեմ արշավն այս նպատակով էր: Ինքս, լինելով պատմաբան, հարց եմ ուզում հղել պատմաբաններին` այդքան միամի՞տ եք, որ լուրջ դեմքով բացատրում եք, թե «Հայաստանի պատմությունը ե՛ւ Հայոց պատմություն է, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ հայ ժողովրդի»։ Ըստ ձեզ, Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ ինչ է անում: Ի՞նչ եք ինքներդ ձեզ համոզում: Մեր հայոց պատմության վերափոխումը, որպես «Հայաստանի պատմության», ունի մեկ նպատակ` մենք կտրվենք մեր անցյալից, դառնանք անասուն: Որ Արցախ չլինի, Արեւմտյան Հայաստան չլինի, Վանի թագավորություն չլինի, Տիգրանակերտի ճակատամարտ չլինի, Տիգրան Մեծ չլինի, Վարդան Մամիկոնյանի Ավարայրի ճակատամարտ չլինի։ Դրանք բոլորը Արեւմտյան Հայաստանի տարածքում են եղել, այսօրվա Հայաստանի տարածքում չեն եղել: Լինի միայն 29 800 քառակուսի կմ տարածք։