Հասարակությունը պատրաստ չէ գնալ ռացիոնալ ընտրությունների. Արթուր Ղազարյան
Ներքաղաքական
«Իրավունք»-ի զրուցակիցն է քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
- 2023թ-ին Փաշինյանի իշխանությունն էլ ավելի ամրապնդե՞ց իր դիրքերը, թե՞ այդուհանդերձ 2024թ-ին կարող ենք իշխանափոխության կամ արտահերթ ընտրության հույսեր տածել:
- Անցած տարի այս օրերին ունեինք շրջափակված Արցախ, այսօր ունենք հայաթափված Արցախ, անցած տարի այս օրերին ունեինք Հայաստանից գերիներ, այս տարի մենք ունենք Արցախից բարձր ղեկավար կազմի գերիներ: Սրան գումարած այսօր մենք 2024թ. մտնում ենք կրկին անհասկանալի, մշուշոտ ապագայով: Անցած տարի այս ժամանակ հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ ցածր մակարդակի չէին, այսօր տեսնում ենք, որ այն ծայրաստիճան լարված է: Արցախի հայաթափումից, դեպտեմբերի ագրեսիայից կամ ցեղասպան գործունեությունից հետո, կարծես թե, շրջանառվեց արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները: Իհարկե, կարելի է երկու կողմից նայել այդ հարցին: Առաջինը, դա՝ լարվածությունը մեկ անգամ եւս թոթափել: Ներքին այս խռովությունը, լարվածությունը, դեպրեսիոն վիճակը, կապված նաեւ արցախահայերի արտագաղթի հետ, արտահերթ ընտրություններով, այսպես ասած, լիցքաթափելու այդ լարվածությունը: Մյուս կողմից, արտահերթ ընտրությունների եթե գնում է իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը այդ արտահերթ ընտրություններին որքանո՞վ է պատրաստ: Այլ բան է, երբ հասարակությունն է պատրաստ ռացիոնալ, ծրագրային, դասեր քաղած ընտրություն կատարելու, այլ բան է, երբ դա ցանկանում է իշխանությունը, կամ դա ցանկանում է ընդդիմությունը: Կարեւորն այն է, թե հասարակությունը որքանո՞վ է պատրաստ, այ սա է, որ չափելի չէ, քանզի այսքանից հետո հասարակության տրամադրությունները կամ վերաբերմունքը անցնող տարվա դեպքերին ու իրադարձություններին, կարծես թե, լոյալ լինի, ցավալի է, բայց դա փաստ է, եւ այդ վերաբերմունքով, այսինքն՝ օրակարգում կամ առաջանահերթությունները այլ բաների մեջ տեսնելով՝ հասարակությունը որքանո՞վ կարող է գնալ ու ծրագրային ընտրությունների մասնակցել, ընտրել ուժ, որը իր պատկերացումով կարող է կացնահարել այս իրավիճակը, այսինքն՝ Հայաստանի համար նոր էջ բացել: Սա այն հարցն է, որի պատասխանը ես չունեմ, որպես քաղաքագետ: Սրանից էլ հետեւում է, որ լինեն արտահերթներ, թե չլինեն, դա այնքան էական չէ, որքանով հասարակության պատրաստվածությունը այդ ընտրություններին:
- Պարոն Ղազարյան, այսինքն հնարավո՞ր է, որ հնարավոր ընտրություններից հետո՝ կրկին նույն պատկերը ունենանք:
- Իսկ ո՞վ է բացառում: Երեւանի ընտրությունները նաեւ ի նկատի ունենալով՝ հասկացանք, որ իշխանությունը չկարողացավ մեծամասնություն ապահովել, բայցեւ այնպես սրան նախորդել են այս տարի ՏԻՄ այլ ընտրություններ մարզերում, որոնք կրկին ուրիշ պատկեր են բերել: Ցավալի է, բայց փաստ, որ տասնամյակների ընթացքում մենք խնդիր ենք ունեցել գնալ ռացիոնալ ընտրությունների: Իսկ այսօր առավել եւս ես համոզված եմ, որ հասարակությունը պատրաստ չէ գնալ ռացիոնալ ընտրությունների եւ, բնականաբար, կարող է նույն իշխանությունը վերարտադրվել, կարող է նաեւ այլ իրավիճակ ստեղծվել, նաեւ այդ պրոցեսը կարող է կապվել արտաքին ուժերի հետ, բայց ինձ, որպես ՀՀ քաղաքացի, այնքան էլ չի հետաքրքրում կամ չի հուզում արտաքին խաղացողների դերակատարումն արտահերթ ընտրություններին, եթե պետք է լինեն: Ես ցանկանում եմ, որ մեր հասարակությունը ռացիոնալ գտնվի, օբյեկտիվ ընտրություն կատարի եւ գնա իրականում այն քաղաքական ուժի հետեւից, որն իրականում ապագայի նկատմամբ հույս կարթնացնի եւ կարդարացնի սպասելիքները:
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք 2023թ-ի ընթացքում ընդդիմության գործունեությունը, նրանք իրենց գործունեությամբ եւ քայլերով մոտեցրեցի՞ն Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը: Ի՞նչ հնարավորություններ ուներ ընդդիմությունը, որը չի օգտագործել:
- Նախ, որպես այդպիսին, ընդդիմությունն արդեն երկար ժամանակ փորձում է փողոցային պայքարով ինչ-որ շարժում սկսել, որը ձնագնդիի էֆֆեկտով կհասնի մի իրավիճակի, երբ իշխանությունը տեղի տա եւ իշխանափոխություն տեղի ունենա, բայց մենք տեսանք, որ փողոցային պայքարը չկարողացավ այդ ձնագնդիի էֆֆեկտն ունենալ: Միգուցե ընդդիմությունը չկարողացավ ալտերնատիվ, համոզիչ մի ծրագիր ներկայացնել, որ հասարակությունը գնար դրա հետեւից, նկատի ունեմ՝ փողոց դուրս գար: Պարզ է, որ հասարակության մի ստվար զանգվածը դժգոհություն է արտահայտում, պարզապես այդ դժգոհություն արտահայտողների մեծ մասը տանը նստած է դժգոհում կամ իր նեղ շրջապատում: Իսկ բուն գործողության, պիկետների, պայքարի ձեւերի մասնակիցը չի լինում: Այս առումով ընդդիմությունը կարող էր եւ կկարողանար կամ տեղի կունենար իշխանափոխությունը, բայց այսօր փաստ ենք արձանագրում, որ դա տեղի չունեցավ, այսինքն՝ ընդդիմությունն իր մեղավորությունն ունի:
- Իսկ ժողովո՞ւրդը, ինչո՞ւ ավելի լայն զանգվածներ չմիացան ընդդիմության պայքարին ու կոչերին:
- Ընդդիմությունը միգուցե ճիշտ չէր թիրախավորում կամ ալտերնատիվ ծրագիր ներկայացնում, որը կրկին հասարաակությանն իր հետեւից կտաներ ու շարժումը ձնագնդիի էֆֆեկտ կունենար: Հենց այս առումով միգուցե ընդդիմությունը թերացավ, չասենք սխալվեց, իհարկե, թերություններ բոլորն ունեն՝ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ: Բայցեւև այնպես, որպես այդպիսին, եկող տարին ի՞նչ կլինի, Հայաստանն ի՞նչ է ցանկանում վաղը տեսնել՝ սոցիալական վիճակը միանգամից բարելավվի՞, լավ հագնվե՞նք, լավ ուտե՞նք, թե՞ կերտենք հզոր երկիր, պետականություն, ցավոք սրտի, այս բոլորը միանգամից հնարավոր չէ, դրա համար պետք է ընտրություն կատարենք եւ այդ ընտրության ուղին բռնենք:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ