«Հրապարակ». Եթե Փաշինյանը վարչապետ չլինի, ՔՊ-ն 2 օրում կքանդվի. Մանրամասներ փակ նիստից
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի հերթական նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է այս ավանդույթը` կուսակցության առաջնորդն ամենշաբաթյա հանդիպումներ է ունենում կուսակիցների հետ, ընդ որում` ոչ միայն ղեկավար կազմի, այլ նաեւ շարքային ՔՊ-ականների, որոնք նախապես գրանցվում են, որ մասնակցեն այդ հանդիպումներին: Նիստերի ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր` Նիկոլ Փաշինյանն է խոսում կամ լսում է կուսակիցներին: Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են քննարկում տեսական հարցեր` որն է պետության սուվերենությունը, ինչ է կուսակցական անկախությունը, ինչու են անդամագրվել ՔՊ-ին եւ այլն:
Վերջին նիստում էլ են քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող գաղափարական բնույթի հարցեր։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել կուսակցականների հարցերին: ՔՊ-ն պաշտոնական հաղորդագրությամբ ընդամենը մեկ նախադասություն է հաղորդել եւ վերջ: Իսկ իրականում Փաշինյանի գլխավորությամբ կուսակցական հերթական նիստն անցել է դրամատիկ մթնոլորտում եւ եղել է անցած հինգշաբթի կայացած «կոմունիստական երեկոյի» տրամաբանական շարունակությունը։