Ուկրաինական բանակը հերթական կատաստրոֆայի շեմին կանգնեց
ՄիջազգայինՀանձնելով Դոնեցկից արեւելք գտնվող Մարինկա քաղաքը, ուկրաինական բանակը հերթական ծայրահեղ լուրջ խնդրի առաջ կանգնեց:
Այսպես, տեղի ռազմական աղբյուրները հայտնում են, որ ռուսական բանակը քաղաքի գրավումից հետո շարժվեց կանխատեսելի սխեմայով: Այն է, Մարինկայից նահանջող ուկրաինական ուժերին բաց չթողնելով, ռուսներն արագորեն բավականին լայն ճակատով սկսեցին շարժվել դեպի հարավ-արեւելք` արագորեն մի քանի կլոմետրով առաջ գնալով եւ հասնելով Պոբեդա գյուղին (քարտեզում):
Նպատակը պարզ է. Մարինկայից` Պոբեդայով դեպի հարավ-արեւելք տանող միակ ճանապարհը դուրս է գալիս ուկրաինական բանակի Ուգլեդարի բավականին ամուր պաշտպանական հանգույցի թիկունք: Ընդ որում, ռուսական ուժերի շարժման այդ միանգամայն հավանական ուղղությամբ ուկրաինական կողմը գրեթե մինչեւ Ուգլեդար պաշտպանություն չունի: Այդ ճանապարհին մեկ-երկու փոքր բնակավայրեր են, որտեղ արագորեն ուժեղ պաշտպանություն կազմակերպելը շատ դժվար գործ է, մնացած հատվածում ձմեռային սառած տափաստան է, որտեղ արդեն պաշտպանությունը գրեթե բացառվում է: Վերջապես, նոր պաշտպանական համակարգի համար ռեզերվներ գրեթե չկան: Զուգահեռաբար, սպասվում է Ուգլեդարից հարավ գտնվող ռուսական ուժերի ակտիվացում, որով կկաշկանդեն այդ հատվածի ուկրաինական խմբավորմանը` եղած սուղ միջոցների մի մասը հյուսիսից շարվող ռուսական ուժերի դեմ նետելու համար: Ուկրաինական մնացած ռեզերվներն այս նոր թատերաբեմից մի փոքր ավելի հյուսիս են` Ավդեեւկայի հատվածում, որտեղ եւս ռուսական ակտիվ հարձակումը շարունակվում է, եւ ուկրաինական ուժերը տեղաշարժվելու հնարավորություն չունեն:
Այսինքն, եթե ուկրաինական հրամանատարությունը չկարողանա արագորեն ինչ-որ բան մտածել, ամենայն հավանականությամբ ամենամոտ ժամանակներս հերթական կատաստրոֆայի առաջ է կանգնելու` Ուգլեդարում: Իսկ այս հատվածի փլուզումը սպառնում է դոմինոյի էֆեկտով փլուզել ողջ հարավային գոտու պաշտպանությունը` ներառյալ Զապորոժեն:
