Սորոսականները փորձում են Նիկոլին զրկե՞լ նվիրված թեւ ու թիկունքից
ՆերքաղաքականԴեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Միջոցառման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:
Թե ինչի համար են նրանք ձերբակալվել ու տեղափոխվել Երևան, այս պահին նախաքննության շահերից ելնելով չեն նշվում:
Հետաքրքիր բան է ստացվում: Նախօրեին մամուլով լուրեր տարածվեցին, թե` ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ով «նշանակվել է հունվարին, կամաց իր ձեռքն է վերցնում համակարգի կառավարումը», դա անում է «սորոսական շրջանակների հետ ունեցած կապերի շնորհիվ»: Ու նախարար Վահե Ղազարյանը «օրերս բողոքել է Փաշինյանին», թե տեղակալները «տակը փորում են»: Ու գրեթե անմիջապես էլ հայաստանյան սորոսականների ղեկավարության հետ արյունակցական կապերի մեջ «մեղադրվող» Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը բռնում է Վահե Ղազարյանի երկու բարձրաստիճան պաշտոնյաները` բավականին «խուճուճ» վիճակում դնելով նախարարին: Պատահաբա՞ր այս դեպքերը համընկնեցին. նման պատահականությունների հավատալ չենք կարող: Իսկ ոչ պատահականության այլընտրանքային վարկածներից այն է, որ սորոսականները նախարար Ղազարյանի «հետեւից են ընկել»:
Բայց սրանով միայն ՆԳ նախարար Ղազարյանին չէ, որ «խուճուճ վիճակի» մեջ են դնում: Ղազարյանը, հայտնի բան է, Նիկոլի հին ընկերն է, անձամբ նրա հովանավորյալը եւ, որ այս դեպքում ամենակարեւորն է, հիմնական թեւ ու թիկունքը: Առանց Ղազարյանի հավատարմության եւ նրա ղեկավարած ՆԳՆ-ի պաշտպանության, ով իմանա, թե ինչեր կարող են գալ Նիկոլի գլխին: Եվ երբ նախարարությունում սորոսականության հետ կապերի մեջ կասկածվողը, ըստ մամուլի, նախարարի տակն են փորում, իսկ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը նույն նախարարի բարձրաստիճան ենթականերին է բռնում` գլխին կախելով ամենաքիչը (ով իմանա, թե բռնվածներն ինչեր կպատմեն) վատ նախարար լինելու մեղադրանք, ապա դա ավելի շատ նմանվում է Նիկոլի «թեւ ու թիկունքը» չեզոքացնելու ինչ-որ ծրագրի:
Ի՞նչ է, իրոք ամերիկացիներն այդքան բարկացա՞ծ են Փաշինյանի վրա...
