Ռուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացում
Ներքաղաքական
Սորոսական մեդիառեսուրսներով ու սոցցանցային էջերով լայնորեն տարածվում էր տեղեկատվություն, թե ՌԴ ռազմական ոստիկանության կողմից Գյումրիում բերման է ենթարկվել ազգությամբ հայ: Սակայն, պարզվում է` սա հերթական անհեթեթությունն է: «Իրավունք»-ի հետ զրույցում մի շարք հոդվածների հեղինակ, ռազմաքաղաքական անկախ վերլուծաբան ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ասաց, որ սա նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որպեսզի եւս մեկ անգամ վարկաբեկեն ռուսական 102-րդ ռազմաբազան:
«Այս տեղեկությունը տարածել է տխրահռչակ սորոսյան փաստաբան Արթուր Սաքունցը, որը հրապարակվել է իշխանամետ տարբեր մեդիառեսուրսների կողմից: Իրականում ՌԴ քաղաքացի, ՌԴ ԶՈւ գործող զինծառայող Դմիտրի Սետրակովը ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցելուց հետո` որոշել է այցելել Հայաստան։ Նախորդ շաբաթվա սկզբին Երեւան ժամանելով` վերջինս «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողությունում սահմանապահների ճշտող հարցերին ի պատասխան` ներկայացրել է զինգրքույկը եւ հայտնել, որ ռուս զինծառայող է։ Սակայն Սետրակովը չի ունեցել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք 102-րդ ռազմաբազայի զինծառայողները միշտ իրենց հետ ունենում են Հայաստանի պետական սահմանը հատելիս (ճանապարհորդության թույլտվություն, արձակուրդի տոմս կամ նոր տեղակայման վայր մեկնելու հրաման)», - նշեց Մովսիսյանը:
Ըստ մեր զրուցակցի, ՌԴ ԶՈւ զինծառայողների կողմից Հայաստանի պետական սահմանը հատելու հիմքերի օրինականությունը պարզելու նպատակով «Զվարթնոց» է կանչվել 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը, ում հետ Սետրակովը կամավոր մեկնել է ռուսական ռազմաբազայի տարածք։ Ներկայումս նա, որպես ՌԴ ԶՈւ զինծառայող, գտնվում է ռուսական զորամասի տարածքում։
«Այժմ կատարվածի բոլոր փաստերը պարզվում են եւ լուծվում է զինծառայողի հետագա ծառայության հարցը։ Պարզ է, որ իրականության խեղաթյուրումը միտում ունի Հայաստանի ազգաբնակչության մոտ բացասական վերաբերմունք առաջացնել ռուսական իրավապահ եւ ուժային կառույցների նկատմամբ: Պատմություններ են հորինում չարագործ ռուս զինվորական- ոստիկանների մասին, որոնք օր ու գիշեր շրջում են Հայաստանով եւ փնտրում «փախած» ռուս զինվորականներին` նրանց պատժելու համար Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններին չմասնակցելու հանգամանքով պայմանավորված», - մանրամասնեց ռազմաքաղաքական վերլուծաբանը:
Բագրատ Մովսեսյանի գնահատմամբ` նման տեղեկատվությունը, բացի հոգեբանական ազդցեությունից, նաեւ հիմքեր է ստեղծում Հայաստանում 102-րդ ռազմաբազայի մնալու նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու եւ դուրս բերելու իրավական լծակների համար։
«Ավելորդ է հիշատակել, որ Հայաստանն այս փուլում դարձել է ռուս-արեւմտյան աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, եւ հակառակորդները չեն դժվարանում իրար դեմ օգտագործել նույնիսկ ամենանենգ միջոցները։ Ցավոք, դրանից տուժում է մեր ազգաբնակչությունը` տուրք տալով Արեւմուտքի կողմից կիրառվող տեխնոլոգիաներին», - ընդգծեց նա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ