Ընդդիմադիր նոր շարժումների մեջ Վազգեն Մանուկյանն էլի ուզում է «ուրույն դեր ունենալ»
Ներքաղաքական
Օրերս տեղի է ունեցել ԱԺՄ («Ազգային ժողովրդավարական միություն») կուսակցության խորհրդի նիստ, որը վարել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա իր խոսքում անդրադարձել է 1988 թ. համազգային շարժման խնդիրներին ու նպատակներին, 2018 թ. իշխանափոխությանը, 44-օրյա պատերազմի ու պարտության եւ դրան հաջորդած ընդդիմադիր շարժումների ձախողման պատճառներին: Սակայն հատկանշական է, որ Վազգեն Մանուկյանը չի անդրադարձել նրան, որ այդ ընդդիմադիր շարժումների ձախողման պատասխանատվությունը կրում է նաեւ ինքը, ով մշտապես եղել է այդ շարժումների հարթակում: Վազգեն Մանուկյանը չի անդրադարձել նաեւ այդ շարժումների ձախողման հետեւանքներին, մինչդեռ սեպտեմբերի 19-ին ցույցերի ու ակցիաների մասնակցած քաղաքացիներն առ այսօր շարունակում են կալանավորվել ու ճկռել հարուցված քրեական գործերի տակ:
Ինչեւէ, ոչ պակաս ուշագրավ է, թե ինչ եզրահանգման է եկել ԱԺՄ-ն` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Մասնավորապես` ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում միայն ընդդիմադիր դաշտի համախմբման եւ միասնական քայլերի միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում (որտեղ իր ուրույն դերը կունենա նաեւ ԱԺՄ-ն) եւ հասարակական ճնշող պահանջի ներքո պարտադրել այս իշխանության հեռացումը՝ ձեւավորելով ազգային իշխանություն, որն ի վիճակի կլինի լուծել մեր խնդիրներն ու առաջ տանել մեր ազգային շահերը։ Ինչ խոսք, հենց այս մասին են խոսում բոլոր ընդդիմադիրները, բայցեւ ի տարբերություն մյուսների` փաստ է, որ Վազգեն Մանուկյանը նաեւ իր առաջնորդությամբ ձախողված շարժումներից դասեր չի քաղել եւ էլի ուզում է ուրույն դեր ունենալ նոր շարժումների մեջ: