Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ Հոլիվուդից
Հասարակություն
Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ Հոլիվուդից. 48-ամյա աստղը հայտնել է Լոս Անջելեսը վերջնականապես լքելու իր որոշման մասին՝ նշելով, որ առայժմ չի կարողանում դա անել Բրեդ Փիթից իր ամուսնալուծության հետ կապված շարունակական իրավական խնդիրների պատճառով:
«Իմ ամուսնալուծությունից հետո ես կորցրել եմ ազատ ապրելու եւ ճանապարհորդելու ունակությունը»,-WSJ-ին ասել է նա,-«Ես կտեղափոխվեմ, երբ կարողանամ»:
Որպես դերասանների դուստր (նրա հայրը Ջոն Վոյթն է, իսկ մայրը՝ Մարշելին Բերտրանը), լոսանջելեսցին երբեք «տպավորված» չի եղել այնտեղի մշակույթով։ Ինչպես ինքն է ասում՝ «Ես երբեք դա կարեւոր կամ իմաստալից չեմ համարել»:
Բայց չնայած դրան, իր ճանաչման շնորհիվ, օսկարակիր դերասանուհին շուտով հայտնվեց ուշադրության կենտրոնում: Հետադարձ հայացք գցելով՝ Անջելինան նշել է, որ եթե իմանար, թե ինչ է լինելու, գուցե այլ ուղի ընտրեր։ «Երբ ես առաջին անգամ սկսեցի, չէի սպասում, որ հանրային դեմք կդառնամ»:
Հարցին, թե ուր կգնա դերասանուհին Հոլիվուդից հեռանալուց հետո, Անջելինան պատասխանել է, որ նախատեսում է ավելի շատ ժամանակ անցկացնել Կամբոջայում գտնվող իր տանը եւ «ճշմարտությունը» փնտրել իր երեխաների հետ: «Նրանք իմ կյանքի ամենամոտ մարդիկ են, նրանք իմ ամենամտերիմ ընկերներն են»,-ասել նա,-«Մենք բոլորովին տարբեր մարդիկ ենք, եւ սա է մեր ուժը»: