Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում
Միջազգային
Հաշվի առնելով նոր իրողությունները՝ Վաշինգտոնը կարող է իր ներդրումն ունենալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրությանը հղումով, այս մասին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ալիևը։
Օ'Բրայենը, իր հերթին, ընդգծել է, որ ԱՄՆ-ն «աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին» և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է հայ-ադրբեջանական հաջորդ բանակցություններն անցկացնել Վաշինգտոնում։
Բացի այդ, հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։