«Չտեսնելու» եւ «չլսելու» համար էլ եվրադիտորդներին բերել են սահման
Վերլուծություն
Ադրբեջանական կրակոցից սահմանին ունեցանք հերթական զոհը: Գերասիմ Առաքելյանը զոհվեց Վայոց ձորում՝ Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ՝ հրազենային կրակից:
ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԿՐԱԿԵԼ
Ճշգրտենք. Գերասիմը զոհվեց ոչ թե պարզապես հրաձգային, այլ դիպուկահարի կրակոցից: Այսինքն, խոսքը թշնամու ինչ-որ պարապ մնացած զինվորի ինքնագործունեության մասին չէ: Դիպուկահարը կրակում է հրամանով, այսինքն, կոնկրետ դեպքում սպանության հրահանգը եկել է ադրբեջանական վերեւներից:
Ուրեմն, ինչո՞ւ որոշակի ընդմիջումից հետո ազերիները գնացին սահմանում իրավիճակի սրացման ճանապարհով: Հարցի պատասխանը գտնելու համար նախ որոշ ելակետային փաստեր հիշենք: Նախ, մի քանի շաբաթ առաջ Հայաստանում գտնվող ԵՄ-ի դիտորդական առաքելությունը հայտնեց, որ իր մշտական կենտրոնակայանը տեղափոխել է Եղեգնաձոր: Իսկ վերջերս էլ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրեցին համաձայնագիր, որով դիտորդական առաքելությանը հատուկ կարգավիճակ տվեցին: Այսինքն, այս հերթական սպանությունը տեղի ունեցավ հատուկ կարգավիճակ ունեցող եվրադիտորդների հենց քթի տակ, եւ ասել, թե դա պատահականություն է, միամիտ բան կլիներ:
Նաեւ հասկանալի է, որ դիտորդների` Եղեգնաձորում տեղակայվելը եւ կարգավիճակ ստանալը այս կրակոցի պատճառը չէր. եթե ազերիներն ուզում էին դրանից դժգոհություն ի ցույց դնել, ավելի վաղ կկրակեին: Ու անցնենք երկրորդ փաստին: Նկատի ունենք ֆրանսիացիների հայտարարությունը, որ պատրաստվում են Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր եւ եւս 26 «Bastion» զրահամեքենա տալ: Հասկանալի է, խնդիրը միայն զինտեխնիկան չէ, շատ ավելի առաջնային է քաղաքական կողմը: Այսինքն, այսկերպ Մակրոնը ցույց է տալիս, որ շարունակում է իրեն տեսնել հարավկովկասյան հարթակում խաղացողի դերում, որին դեմ է ոչ միայն Ադրբեջանը, այլ` տարածաշրջանային մյուս երկրները: Եվ երբ Փարիզից եկած նման հայտարարությանը անմիջապես հաջորդում է սահմանային մահացու կրակոցը, ապա դա հիմք տալիս է մտածել, որ այդ դրվագներն իրար հետ կապված են:
Մեկ փաստ եւս այս օրերին արձանագրվեց: Խոսքը` հրապարակային լուրերի մասին է, որ Արցախի ԱԺ-ն նիստ է անցկացրել: Այսինքն, նաեւ պետք չէ բացառել, որ դա կարող էր ազերիների համար դիպուկահարի կրակոցների պատճառ դառնա: Բայց երբ այդ կրակոցը, կրկնենք, արձանագրվեց եվրադիտորդների քթի տակ, ապա ավելի հավանական տեսք է ստանում, որ այն պետք է կապել Փարիզի հիշատակված հայտարարության հետ, որ Ալիեւն այսկերպ փորձում է Նիկոլին ազդակ հղել, որ եթե նա շարունակում է արեւմտյան ուղղությամբ գործել, պատասխանը կլինի սրացումների տեսքով:
Թե ինչ է ուզում Հեյդարովիչը, դա իր գործն է: Շատ ավելի էական հարց է, թե դրան ի՞նչ պատասխան է տալիս Հայաստանը, եւ ինչքանո՞վ է այդ պատասխանին «տեր» մեր երկրի հաշվին կովկասյան հարթակում ոտնատեղ փնտրող Արեւմուտքը:
Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում ընդամենը գրել է. «Մտահոգիչ լուր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կրակոցների եւ զոհի մասին։ ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի եւ Երեւանի հետ: Կենսական է, որ տեղում տիրի հանգստություն, եւ որոշիչ առաջընթաց գրանցվի բանակցությունների սեղանի շուրջ»: Բա ո՞ւր մնաց հասցեական արձագանքը, որի մասին այդքան շատ է սիրում խոսել նիկոլյան թիմը, բնականաբար` ամեն անգամ մեղադրելով ռուսներին: Սա այն դեպքն է, որ ամեն բան միանգամայն պարզ է. ազերի դիպուկահարը կրակել եւ սպանել է հայ սպային եւ, մեծ հավանականությամբ, Եվրոպայի՝ Ֆրանսիայի քայլերի պատճառով: Ու սրանից հետո այդ ինչի՞ց է խոսում Կլաարը: Առավել եւս, որ կրակոցները նույն Կլաարի ենթակաների՝ եվրադիտորդների կենտրոնակայանի մոտակայքում են, այսինքն, Եվրոպայում գոնե պետք է հստակ իմանային, թե ինչ է տեղի ունեցել: Ու կա նաեւ հաջորդ հարցը. եթե ազերիները նույնքան հանգիստ կարող են կրակել եւ հայ զինվորականի սպանել, ապա միգուցե հայաստանյան իշխանությունները կբարեհաճե՞ն վերջապես բացատրել, թե եվրադիտորդներին բերել են Հայաստան, որ ի՞նչ, ո՞րն է նրանց ֆունկցիան, որ կոնկրետ իրավիճակում գոնե մի «դեժուրնի» հայտարարություն անգամ չարեցին: Միայն հայաստանյան սահմաններին նստելն ու լրտեսե՞լն է նրանց գործը: Կամ միգուցե ՀՀ ԱԳՆ-ն կասի՞, թե այդ ինչպե՞ս է լինում, որ ՀԱՊԿ-ի դեմ մի ամբողջ դեմարշ են սարքել, այս կրակոցների ֆոնին Ալենն է դա առաջ տանում, թե չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 19-ին նախատեսված ՀԱՊԿ-ի հերթական միջոցառմանը, ու դրանից հետո եվրոպացիների նման անհասկանալի եւ ընդգծված կողմնապահական վերաբերմունքի դեպքում ծպտուն անգամ չկա:
Իհարկե, այս ամենը հերթական անգամ նույն բանն է փաստում: Որ ՀԱՊԿ-ին մերժելը եւ եվրոպացիների գիրկը նետվելը զուտ աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու հարց է, եւ մնացած ամեն ինչը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հետ արհեստական վեճ սարքելն ու դաշինքին հայաստանյան սահմաններ չթողնելն այդ կողմնորոշումից բխող սովորական խաղեր է: Դա միգուցե արդարացված լիներ, եթե նույն Արեւմուտքից գոնե նվազագույն օգուտ Հայաստանը ստանար: Մինչդեռ փաստն այն է, որ եվրաչինովնիկությունից եւ եվրադիտորդներից անգամ սահմանային սպանությունների դեպքում «քոռ կոպեկի» օգուտ անգամ չենք տեսնում:
ՄԻՐԶՈՅԱՆԻ ԽՂՃՈՒԿ ՌԵԱԿՑԻԱՆ
Ազերիական սպանությանը տրված Միրզոյան Արարատի «կանտորայի» պատասխանը եւս որոշակի մտորումների տեղիք տալիս է: «Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաեւ տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը եւ այն մտցնել փակուղի…»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ու տեսնես ի՞նչ նկատի ունի Արոն՝ խոսելով «տարբեր միջազգային դերակատարների» մասին: Հանուն արդարության նշենք՝ այս պահին Ալիեւը մերժել եւ մերժում է միայն արեւմտյան հարթակում բանակցելու առաջարկը: Փոխարենը, Նիկոլը բացահայտ չմերժելով, չի գնում ռուսական հարթակում բանակցելու: Ընդ որում, Նիկոլը չի գնում մեկ հայտնի պատճառով, որ չկատարի իր իսկ ստորագրությամբ ստանձնած պարտավորությունը՝ կապված կոմունիկացիաների գործարկման դեպքում անվտանգության ապահովման հետ: Ավելին, Միրզոյան Արարատը հրաժարվում է հաստատել կամ հերքել՝ Նիկոլի այդ ստորագրությունը Հայաստանն ուժի մեջ համարո՞ւմ է, թե՝ ոչ:
Իսկ ահա Ադրբեջանը շարունակում է խոսել մոսկովյան հարթակի մասին, որի հերթական հաստատումը դարձավ երեկ Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով հանդիպումը: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի. «Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»: Եվ, կրկնենք, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով կայացած այդ պայմանավորվածությունների դեռ չկատարված առանցքային դրույթներից մեկն էլ կոմունիկացիաների վերագործարկման հարցն է, որը լռվել-մնացել է ռուսական վերահսկողության հայտնի դրույթի պատճառով:
Այսպիսով, որ բանակցային գործընթացը կանգնել է ամերիկացիների միջամտությամբ, որպեսզի վերականգնվող կոմունիկացիաների եւ դրանով տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերահսկողությունը չթողնեն ռուսներին, հայտնի պատմություն է: Նկատենք, որ այս օրերին էլ Վաշինգտոնում է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, քննարկել են. «Անվտանգային եւ տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան»: Կարճ ասած, նույն ճնշումներն ԱՄՆ-ից գալիս են: Բայց ամբողջ խնդիրը Նիկոլի համար այն է, որ լուծումները տեսանելի չեն: Այսինքն, ինչքան էլ Սալիվանը խոսի «ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկայից», եթե չի կարողանում այդ ուղղությամբ տանել նաեւ Ալիեւին, ընդհակառակը, նա գնում է Արեւմուտքին մերժելը հաստատող կրակոցների, պարզ է, որ ոչ մի «կայուն զարգացում» էլ չի լինելու: Մնացածը Նիկոլի որոշելիքն է, ով նաեւ պետք է հաշվի առնի, որ սահմանային հերթական սպանության հետ կապված Եվրոպան «գցողական» ռեակցիայով եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ի զորու չէ հարցեր լուծել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ