ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆՆ արձանագրում է մի զարմանալի իրողություն. «Հայաստանում հիմա փորձում են ապացուցել, որ հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող մեր երկիրը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցած ինչ–որ «Արևմտյան Ադրբեջան» չէ։ Մինչդեռ պարադոքսն այն է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել և չի ունեցել որևէ առանձին բյուրեղացած ինքնություն ու պետականություն, ուստի` նաև դրա ավանդույթ։ Պատմական և իրավական լեգիտիմության առումով բացարձակորեն խոցելի այս կազմավորումը գոյացել է հայության, իրանական և կովկասյան ժողովուրդների բնիկ տարածքների վրա օսմանյան սվինների միջոցով, ցեղասպան ծավալապաշտական քաղաքականության և պանթյուրքական այլատյաց գաղափարախոսության հետևանքով։ Հետևաբար խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը, ինչից բխում է, որ լուծումներն էլ բոլորովին այլ դաշտում են»։ Այո՛, լուծումներն այլ դաշտում են, սակայն պատկերացնո՞ւմ եք նիկոլականների վիճակը, եթե ասվի, որ Հայաստանի առաքելություններից մեկը հենց այդ արհեստածին հակաքաղաքակրթական երևույթն արմատախիլ անելն է: Փամփերսների ոչ մի պաշար չի հերիքի:
Իսկ մինչ այդ, Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ փաստում է, թե հայրենադավ խունտայի «յուղ վառելը» ինչ զարմանալի նվաճումներ ունի. «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն (որ դեռ չեն արել) մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել... Դժվար է ոչ թե նրա համար, որ անհայտ է նրանց վերջնանպատակը, այլ որ այս ամենից հետո ժողովուրդը շարունակում է չգիտակցել կատարվածի և կատարվողի ահավորությունը... Յուրաքանչյուր ժողովուրդ սխալվելու իրավունք ունի... Սակայն այն ժողովուրդը, որը չի կարողանում սովորել ոչ թե ուրիշների, այլ գոնե՝ իր սխալների վրա, վաղ, թե ուշ կորցնում է այն ամենը, ինչ վաստակել է, անգամ, արյամբ... Եվ դա օրինաչափ է, քանի որ հենց դա է պատմության դաժան և, որքան էլ ցավալի, արդար օրենքը... Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է... Այսօր թշնամու դավադիր կրակոցից ունեցանք հերթական զոհը...»։ Դե ինչ, նիկոլականներին հաջողվել է աներևակայելին` «խաղաղություն» բառը վերածել անեծքի:
Իրավապաշտպան ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆՆ էլ զարմանում է ԱԺ «գլխավոր ընդդիմության» կեցվածքով. «Հարգելի ընդդիմադիրներ, իսկ դուք ի՞նչ էիք սպասում։ Իսկապե՞ս հավատում էիք, որ քպ–ականների մեջ արժանապատվության զգացում կարթնանա և նրանք պատրաստ կլինեն ընդվզել իրենց առատորեն վարձատրող տիրակալի դեմ։ Միթե՞ պարզ չէր, որ նախագիծը (հայաքվեի–խմբ.) մերժվելու էր։ Չեմ կարծում, որ դուք այդքան միամիտ եք։ Անկարող լինելով դիմելու վճռական գործողությունների ընդդեմ ազգադավ իշխանության` ընդդիմադիր գործունեության իմիտացիա եք իրականացնում, իհարկե՝ անպայման սահմանադրական ճանապարհով․․․ ընդամենը։ Եվ որքան էլ քննադատեք, անվանարկեք քպ–ականներին, այսօր արձանագրվեց ընդդիմության հերթական պարտությունն ու հետևաբար հասարակության հերթական հիասթափությունը։ Թե՞, ձեր կարծիքով, հերթական անգամ պատռեցիք քպ–ականների դիմակը։ Հանգիստ եղեք, այդ դիմակը բոլորի համար վաղուց պատռված է։ Ընդդիմության կողմից ցանկացած նախաձեռնություն, քայլ պետք է արձանագրի թեկուզ փոքր, բայց հաջողություն, հակառակ դեպքում ավելի լավ է ոչինչ չձեռնարկել»։ Եվ իրոք, «կառուցողականությունը» անպտուղ է:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ